ԴՊՐՈՑՆ Է ԱԶԳԻ ԱՊԱԳԱՆ


 

Տարիներ անց, երբ կրկին մտնում եմ դպրոց, զգում եմ, որ այնտեղ եմ թողել մի թանկ ու հարազատ զգացում, մանկության լավագույն հուշ: Այսօր իր ճանապարհն է հարթում նոր սերունդը` նորովի ու առավել հետաքրքիր: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Հաղթանակ» թաղամասի զոհված ազատամարտիկի անունը կրող Նորիկ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում, ուր սովորում է 90 աշակերտ, յուրահատուկ աշխույժ էր այդօր: Ամենուր ծաղիկներ էին, սրտի թրթիռ ու սպասում: Նորաբաց գարունն ու գարնանային գեղեցիկ տոնը ոգևորել էր բոլորին:

Դպրոցի դահլիճում գեղեցիկ երաժշտության տակ բացվում է վարագույրը և երևում է աշխարհի առաջին կինը` Եվան, ով հավատալով օձին` գայթակղում է Ադամին: Կնոջ միջոցով բացահայտվում է դառը ճշմարտությունը, և այսպես շարունակվում է սերունդների երթը: Իրենց լավ ու վատ գործերով պատմության դատին են ներկայացվում աշխարհի կանայք` երբեմնի հզոր Ասորեստանի թագուհի Շամիրամը, Կիլիկիայի ժողովրդասեր Զաբել թագուհին, որ հանուն հայրենիքի հրաժարվեց իր սիրուց, Թմկաբերդի Թաթուլ իշխանի սևաչյա մատնիչը, հզոր Փառանձեմն ու քնքուշ Օլիմպիան, գեղեցկուհի լեդի Դիանան, որ հանուն սիրո զոհեց իր կյանքը... Կանայք, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել պատմության այս կամ այն ժամանակահատվածում: Եվ այս հայտնի բոլոր պատմություններում կինն է` իր թուլություններով ու հզորությամբ, իր մշտնջենական սիրով, քանզի կինն է այն ադամանդակուռ ու շափյուղազարդ արկղիկը, հասցեատերը` թված ու անթիվ զգացումների:

Դժվար է բացահայտել կնոջը մինչև վերջ, բայց միջոցառման շնորհալի հեղինակ, դպրոցի դաստիարակչական գծով կազմակերպիչ Նարինե Սարգսյանի, հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհիներ Մելանյա Եփրեմյանի և Զանգեզուր Խաչատրյանի համատեղ ջանքերով ստեղծվել էր մի նոր որակ, որը նման չէր դպրոցական այլ միջոցառումներին և լուրջ խորհելու առիթ էր տալիս: Թեև տեխնիկական միջոցները դահլիճում սուղ էին, սակայն աշակերտները շատ խանդավառ էին և կարճ ժամանակամիջոցում հասել էին համոզիչ արդյունքի: Միջոցառման մասնակիցները բարձր դասարանների առաջադեմ աշակերտներն էին, ովքեր «անցնելով» պատմության քառուղիներով, ոչ միայն դերակատարում էին, այլև իրենց մտքում քննարկում յուրաքանչյուր կնոջ և տղամարդու վարքագիծը: Նրանք վաղը կյանք են մտնելու և իրենց կատարած յուրաքանչյուր քայլի համար նախապես մտածելու են` ճի՞շտ է, թե՞ սխալ: Եվ արդեն գիտեն, որ սխալվելու իրավունք չունեն:

«Աշխարհի կանայք» միջոցառումը երկու օր առաջ ներկայացվեց նաև Երևանի N 1 տուն-ինտերնատում, որին մասնակցում էին նաև դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն` ասմունքով: Նրանք առաջին անգամ էին այցելում մեծահասակներին, ում ծաղիկներ և թխվածքաբլիթներ էին տարել` հուզմունքի պահեր պարգևելով:

Աշխարհի պատմության և գրականության կեսից ավելին երևի կանանց մասին է: Այսօր էլ գրվում են և դեռ էլի կգրվեն շատ տողեր, սակայն կնոջ համար ամենակարևորն աշխարհում սեր ու բարություն սփռելն է: Պատմությունից հայտնի են այնպիսի հայ կանանց անուններ (Սոփի իշխանուհի, Կատրանիդե թագուհի, Մարիամ իշխանուհի, Արզու խաթուն և այլ արժանավորներ), ովքեր բազում տառապանքներից, օտար լծից ազատվելով` եկեղեցիներ ու վանքեր են հիմնել, դրանց կից կառուցել են նաև դպրոցներ ու համալսարաններ: Նրանք հային հայ պահելու, մի բուռ հայրենիքը պահպանելու համար հիմնել են հոգու ու մտքի դարբնոցներ, որտեղ մեր ոսկեղենիկ մայրենիով հիմք է դրվել հայրենասիրությանը, լեզվի պահպանմանը, մշակույթի, գիտության զարգացմանը: Այսօր էլ ավանդույթը շարունակվում է:

- Այս միջոցառումը նաև լավագույն դաս է վաղը կյանք մտնող շրջանավարտների համար,- համոզված ասում է դպրոցի 1-ին փոխտնօրեն Վարդիթեր Միլիտոսյանը:

Դպրոցը յուրօրինակ ընտանիք է, որտեղ սերունդներ են գալիս ու գնում` լավագույն մասնագետների շնորհիվ իրենց հետ տանելով գիտության լույսը: Դպրոցում է կերտվում ազգի վաղվա օրը, այնտեղ են ձևավորվում վաղվա գիտնականը, լեզվաբանը, լրագրողը, դերասանը, հոգեբանը, մարդ անհատը, բոլորը: Եթե մենք ունենք լավ դպրոց, ուրեմն ունենք լավ ապագա: Վկա` այս լավագույն միջոցառումը:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ