«Իմ սկիզբն ու վերջն է Կոմիտասը»


 

Սարգիս ՆԱՋԱՐՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստ

Կան անհատներ, ում նկարագիրը դժվար է ամբողջացնել: ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ վարչապետի ոսկե մեդալակիր, Հանրային ռադիոյի «Գիշերն անույշ է» ծրագրի հեղինակ Սարգիս Նաջարյանն այդ անհատներից է: 4 տասնամյակից ավել հեռուստառա դիոհաղորդումներով, համերգային բեմերից իր անզուգական ձայնով, գեցեցիկ մայրենիով մեզ հետ է նա: Ու թեև այդ ճանապարհին անխուսափելի են եղել նաև դժվարություններն ու խութերը, սակայն ազնիվ է քայլել` առանց որևէ մեկի դավելու, որոնելով գեղեցիկն ու լուսավորը:

Այսօր անվարան կարելի է ասել, որ Սարգիս Նաջարյանը Հանրային ռադիոյի սյուներից է: 125 ժամ ֆոնդային ձայնագրություն, բազմաթիվ ու բազմաժանր հաղորդումներ, մի ամբողջ կյանք ռադիոյում: Ճակատագիր էր,…երբ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 18- ամյա ուսանողը վախվորած թակեց Հանրային ռադիոյի դռները...

«Իմ սկիզբն ու վերջն է Կոմիտասը»

-Պատկերացրեք` 4 անգամ հասել եմ Ռադիոտուն ու վախից, ամոթից հետ գնացել` մտածելով` ո՞վ եմ ես, որ այստեղ աշխատեմ: Ես` փոքրիկ տղաս: Սակայն համարձակություն ունեցա ներկայանալ: Հանձնաժողովի կազմում էին Հայկուհի Գարագաշը, Ջոն Հակոբյանը, Վերա Հակոբյանը: Ռադիոյի սյուները և մի փոքրիկ տղա: Մտածում էի` այս հզոր մարդկանց կողքին ես ինչ պիտի անեմ: Ստացվեց այնպես, որ դրական գնահատական ստացա: 18 տարեկանից ծառայում եմ մեր ժողովրդին և հպարտ եմ դրա համար: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ժաննա Ամիրջանյանին, Կիմա Դավթյանին, որ հետագայում հրավիրեցին ինձ հեռուստատեսություն: Երախտապարտ եմ նաև իմ լավագույն ուսուցիչներից Լիա Կարապետյանին: Խոնարհվում եմ նրանց առաջ,- հիշում է Ս. Նաջարյանը:

Օրեր առաջ արտիստն արժանիորեն գնահատվեց` ստանալով ՀՀ վարչապետի ոսկե մեդալը, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Ամենադժվարը ծնվելն է: Չնայած բնական վիճակ է, բայց` դժվար: Կան մարդիկ, որ չծնված` մահանում են: Եվ թաքուն պայքարելով ապրելն է դժվար: Չեմ սիրում բացեիբաց պայքարել: Այսինքն` ապրել` առանց որևէ մեկի նկատմամբ վատ արարք թույլ տալու: Իսկ հարկ եղած դեպքում` բառի բուն իմաստով պայքարել ցանկացած չարիքի դեմ:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ:

- Հայ լինելը մեծագույն հպարտություն է: Այն ավելի ու ավելի է խորանում, երբ հետադարձ հայացք ենք ձգում մեր մեծերի կյանքին` սկսած 5-րդ դարից, սկսած աշխարհի ստեղծման պահից: Մեր ժողովուրդն աննկարագրելի է` իր արարումներով, սակայն կցանկանայի, որ այդ արժեքները շարունակություն ունենան: Հոգևոր արժեքներ այսօր էլ ստեղծվում են, սակայն արմատներն են թույլ: Հպարտ եմ, որ հայ եմ, հատկապես, որ մեր պատմության մեջ մեծ տեղ ունի Կոմիտասը: Եվ իմ` փոքրիկ մարդուկ լինելով հանդերձ` աշխատում եմ մեր մեծերին հպվել, առնչվել արժեքների հետ: Իսկ եթե հայ չլինեի, կնախընտրեի այլմոլորակային լինել, որն ազգություն չունի, բայց բարի է: Որ ոչինչ չունի ու եկել է մեր մոլորակ` բարություն անելու: Աստված ամեն ինչ տվել է մարդուն և ասել` ապրիր: Նույն մարդն է մեղավոր, որ մոլորակը ժամանակ առ ժամանակ պայթում է չարությունից, նախանձից, վատ արարքներից: Հրաշք է մոլորակը, սակայն բավական է մարդը ոտք դնի, ամեն ինչ ինչ-որ տեղ ավերում է: Կառուցելու փոխարեն ագահաբար ցանկանում է ամեն ինչ ունենալ: Այսօր մոլորակից ավելի շատ զենքի հոտ է գալիս` ոչնչացման ու հոգու զենքերի, և դա վտանգավոր է: Ես երևի ուրիշ մոլորակից եմ` իմ խելառություններով, իմ լրջությամբ ու «անլրջությամբ»:

Հայի տեսակը... մեր ապրած տարիների ընթացքում ցանկանում ենք նմանվել մեր մեծերին, կամ նրանց դարձնել մեր կուռքը: Եթե ժամանակի ու տարածության մեջ կարողանում ենք բնավորության գծերով, ապրելաձևով, կենցաղով և մտածելակերպով նմանվել նրանց, ճանապարհ գտնել` քայլելու համար, դա հրաշք է: Եղել են և կան մարդիկ, ովքեր քայլում են այդ ճանապարհով` երաժշտության, գիտության մեջ: Խոսքն ավանդույթները շարունակելու մասին է: Ես աշխատում եմ այդ իմաստով շարունակել իմ հրաշք Կոմիտասի ճանապարհը: Պատահական չէ, որ բոլոր առիթներով աշխատում եմ ներկայացնել նրան: Իմ սկիզբն ու վերջն է Կոմիտասը: Հենց մեծերի գործերին պետք է հետևենք: Կցանկանայի, որ մեր երիտասարդությունը հետևեր մեծերի գործերին, նրանց ճանապարհին, նմանվեր, իրենը դարձներ մի պահը, մի դրվագը:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասվածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Մարդու կյանքն ամբողջությամբ գաղտնիք է: Բայց երևի սովորական, ամենաէժանագին հարաբերությունները դարձնելով կարևոր վիճակներ` նա մոռացավ, որ իր անձը ստեղծվել է աստվածային գաղտնիքի շնորհիվ: Յուրաքանչյուր ոք իր հոգու բանալին ունի, որը նախ` Տիրոջ, ապա իր ձեռքերում է: Սակայն մարդը կորցրել է այդ բանալին և գաղտնիքներ չունի: Ես ավելի շատ գնահատում եմ մասնագիտական գաղտնիքները, որոնք պետք է փոխանցել սերունդներին: Իսկ թե ինչ-որ մեկն ինչ է արել նախկինում, կամ ինչ է պատրաստվում անել, դա իր գաղտնիքն է: Մեզ բոլորովին պետք չէ դա և արժեք չի ներկայացնում:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Հենց իմ ծնվելն առեղծվածային է և ընդհանրապես մարդու ծնունդը: Ես ամեն օր զարմանում եմ, որ ապրում եմ և շնորհակալ եմ Աստծուն: Առեղծված է` մինչև երբ է ձգվելու մեր կյանքը, մինչև երբ է վերին ուժը թույլ տալու ապրել: Դրա համար ես ամեն օր վախ ունեմ: Աշխատում եմ ամեն օրս ճիշտ ապրել, որպեսզի երեկոյան մտածեմ, որ ինչ-որ բան արել եմ: Ինչպե՞ս է, որ Աստված դեռ հանդուրժում է, որ ապրում ենք, ամեն օր մեզ արև է տալիս, գիշեր և հանապազօյա հաց: Եթե անկեղծ լինեմ, ինձ համար առեղծված է նաև այն, որ ոչինչ չունենալով, երբեք թիկունք չունենալով` իմ ճանապարհը հարթ եմ անցնում: Այսինքն ինչ-որ վերին ուժ օգնում է ինձ ապրել և արարել: Խանգարիչ հանգամանքները քիչ են: Մի փոքր լուծելի է այս առեղծվածը, քանի որ պատասխանն ունեմ` երբեք ոչ ոքի չեմ խանգարել: Համենայնդեպս, առեղծված է, քանի որ մարդկային հարաբերություններն այնքան են բարդացել: Ամեն օր վախ կա` ապրելու, հաց վաստակելու, հարազատներիդ պաշտպանելու: Իսկ ամենամեծ ու անմեկնելի առեղծվածը վերևում է:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Այդպիսի դեպքերը շատ են: Վլադիմիր Աբաջյանի հետ կապված մի հետաքրքիր դեպք պատմեմ: Միասին հոգևոր համերգ էինք վարում: Սովորաբար արվեստագետները մեծ դժվարությամբ են դահլիճին նայում, քանի որ ցանկացած շարժում ու դիմախաղ շփոթեցնում է: Բայց սիմֆոնիկ նվագախմբի կատարումների ընթացքում օգտվում էի առիթից: Իսկ դադարից հետո շարունակում էինք հատվածներ ընթերցել Աստվածաշնչից: Այդպիսի դադարներից մեկի ժամանակ նկատեցի առջևի շարքում նստած կնոջը, որը կարծես միջնադարյան հագուկապով էր: Նրա արտաքինը ոչ թե ծիծաղելի էր, պարզապես հարիր չէր հոգևոր համերգի միջավայրին: Սակայն դա նրա նախասիրությունն էր: Իսկ գույները, նստելաձևն ինձ հիշեցրին միջնադարյան նկարիչների կտավները: Թղթի վրա գրեցի` Վոլոդյա, նայիր դիմացի շարքում նստած կնոջը, հետաքրքիր կերպար է: Այդ պահին ջութակի մենանվագ էր, բացարձակ լռություն էր տիրում: Վոլոդյան վերցրեց թուղթը, և սկսեց հայացքով փնտրել, ապա ուղիղ միկրոֆոնի մեջ ասաց` «Ի՞նչ կին, ի՞նչ կնիկ»: Նրա բամբ ձայնը տարածվեց ամբողջ դահլիճում:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Նախքան նոր բնակարան տեղափոխվելն ապրում էինք Կայարանի մերձակայքում: Սեփական տուն էր: 50- ական թվականներն էին: Մինչ օրս շատ լավ, աննկարագրելի տեսողական պատկերներով հիշում եմ` մեր տան դիմացով առվակ էր հոսում: Հատակն ամբողջությամբ մամռակալած էր: Կանաչ... վարակիչ կանաչ, որ գարուն է ծնում: Փոքր ձկներ և գորտեր էլ կային: Ամբողջ կյանքում ինձ հետ է այդ հոսող առվակը: Մի անգամ ռադիոյում հայտարարեցի «Գետակի վրա» երգը և պատկերացրեք` ամբողջ ընթացքում իմ զգացողությունները գնացին դեպի մանկություն: Իմ կյանքի ջրային հոսքն է դա: Դա է իմ մանկության շարժուն նկարը` հոսող կյանքի պատկերը: