Ընտրությանս համար չեմ տրտնջում


 

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա ՄԵԼԻՔՅԱՆԸ, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է ճանաչվել և հանդիսատեսի սերը վայելել:

- Ինչպե՞ս որոշեցիք դերասանուհի դառնալ:

- Երբևէ չեմ երազել դերասանուհի դառնալ: Ուզում էի կենսաքիմիկոս դառնալ` չնայած տարբեր խմբակներ էի հաճախում. պարի, կարատեի և այլն: Բայց ամեն երկուշաբթի նայում էի հեռուստաթատրոնները, և ինձ դուր էր գալիս: Տատիկս էլ է երազել դերասանուհի դառնալ, բայց չի հաջողվել: Կենսաբանության ուսուցչուհիս շատ ծանր տարավ, երբ որոշեցի դերասանուհի դառնալ: Մի օր որոշեցի և գործերս տարա Թատերական ինստիտուտ: Ու երբ ընդունվեցի, այն էլ` պետպատվերով, բոլորը զարմացել էին:

- Ձեզ համար ո՞ր ժանրն է ավելի հոգեհարազատ:

- Ուսանողական տարիներին կամ խմբակներում միշտ ավելի կոմեդիայի ժանրն էի նախընտրում: Բայց երբ Վահե Շահվերդյանը թատրոնում միանգամից գլխավոր դերեր տվեց ինձ (օրինակ` Շիրվանզադեի «Ռուզան»-ում, «Պատվի համար»-ում և այլն) այդ հերոսուհիներն ինձ համար դարձան ճակատագրական:

- Եթե մեկ այլ մասնագիտություն առաջարկեին, կհրաժարվեի՞ք բեմից:

- Ոչ, չէի հրաժարվի: Ընտրությանս համար չեմ տրտնջում անգամ այն պահերին, երբ խնդրի առաջ եմ կանգնում: Իսկ մեր աշխատանքում հաճախ են ծագում դժվարություններ: Իսկ եթե այնուամենայնիվ մտածեի այլ մասնագիտության մասին, դա հեռուստահա ղորդավարի մասնագիտությունը կլիներ, բայց` որպես երկրորդ աշխատանք:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ այսօրվա հեռուստաեթերներից գրեթե բացակայում են հեռուստաթատրոնները, հայ թատրոնի պատմության մասին հաղորդումները:

- Ես շատ կուզենայի, որ հեռուստաթատրոնը, որը տեսել եմ փոքր ժամանակ, նորից վերականգնվեր: Որքան էլ ինքս սերիալային թոհուբոհի մեջ եմ, բայց այս ժանրը չի կարող զարգանալ, քանի որ եկամտաբեր չի: Բայց մեկ այլ` ավելի լուրջ խնդիր է ինձ մտահոգում. երիտասարդության մեծ մասին չի հետաքրքրում թատրոնը:

- Ի՞նչ կմաղթեիք մեր սկսնակ դերասաններին:

- Թող շատ գիրք կարդան, այլ ոչ թե դեսից-դենից տեղեկատվություն քաղեն. դրանք շատ տարբեր բաներ են:

Կցանկանայի, որ մի քիչ ավելի մակերեսային չմտածեն (ոմանք ինձ մի քիչ «հին» են համարում): Փորձեն ամեն ինչին գեղարվեստորեն նայել, ավելի գեղեցիկ ապրել, վատ բաների մասին չմտածեն:

- Մոտենում է Թատրոնի միջազգային օրը. ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:

- Մեր թատրոնը վերջապես գլխավոր ռեժիսոր ունի, որին շատ էինք սպասում: Հավանաբար հենց նա էլ կկազմակերպի, որպեսզի նշվի մեր մասնագիտական տոնը: Իսկ սովորաբար հավաքվում ենք, զրուցում, կատակում: Տարիներ առաջ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ես արժանացա «Լավագույն դերասանուհի» տիտղոսին: Հուսով եմ` այս տարի ևս մեզ չեն մոռանա և հաճելի անակնկալներ կմատուցեն:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ