ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ


 

«Սաթիկ ջան, ինձ ոչինչ չի պատահի. ես արդեն երեք անգամ մահից փրկվել եմ, հանգիստ եղիր ու սպասիր»:

 

Իր համար թանկ այս հուշով սկսեց Սաթիկ Խլղաթյանն ամուսնու` ազատամարտիկ Գեղամ Խլղաթյանի մասին պատմութունը:

Խլղաթյան Վահանի և Իսպիրյան Աղավնու որդի Գեղամը ծնվել է Երևանում 1965-ի մարտի 20-ին: Լեհաստանի հակաօդային զորքերում ծառայելուց հետո փետրվարյան մի գեղեցիկ օր պատահաբար հանդիպեցին Գեղամն ու Սաթիկը: Նրանց համար դժվար չէր հասկանալ, որ լրացնում են միմյանց: Մի քանի օր անց Խլղաթյանների ընտանիքում եռուզեռ էր, իսկ մարտի 21-ին` Գեղամի ծննդյան հաջորդ օրը նրանց հարսանիքն էր:

Մարտական մկրտությունն ստացավ Երասխավանում: Սկզբում «Արաբո», ապա «Միացյալ Հայաստան» ջոկատների կազմում մասնակցեց Գորիսի, Իջևանի, Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերին, Մատաղիսի, Մաղավուզի, Հաթերքի, Կարմիրավանի մարտական գործողություններին: Մարտակերտի կատաղի մարտերի ժամանակ «Արամո» ջոկատի կազմում էր: Թշնամու ականանետերի, հրասայլերի ու «գրադների» առաջ չէին ընկրկել մեր տղաները: Գեղամի մասին իրենց մարտական գործողություններից իր օրագրում 16-ամյա Տիգրան Չիլինգարյանը գրել էր.

«Սիրելի հրամանատար, ես` նախկին զինվորդ, անսահման ցավով եմ գրում քո մասին…

Մեր դասակում 11 մարտիկներ էինք, 11 եղբայրներ: Դրմբոնում էինք, Գեղամն ու Սոսը գնացին հրասայլ բերելու, բայց գյուղ հասցնել չկարողացան: Հրասայլը պայթել էր ականից, նրանք հազիվ էին փրկվել…»:

1992-ի նոյեմբերի 27-ին Գեղամի գլխավորությամբ դասակը շարժվել էր առաջին գիծ` դիրքերում գտնվող ընկերներին փոխարինելու: Սկսվել էր կատաղի հրետակոծություն: Թշնամու գրոհելու ժամանակ Գեղամը հուսադրել էր տղաներին:

Տիգրանի օրագրում կարդում ենք.

«Թեժ մարտի ժամանակ թշնամու նռնակն ընկավ Գեղամի կողքին, բայց բարեբախտաբար չպայթեց. օղակը հանված չէր: Մոլեգնեց, ձեռքն առավ նռնականետը, ուղղեց դեպի թշնամու հոծ շարքերը: Խլացուցիչ կրակոցը որոտաց… Այդ օրը թշնամին հարկադրված նահանջեց»:

1993-ի հունվարին Գեղամն ընդգրկվել էր նոր կազմավորվող մոտոհրաձգային գումարտակ. զենիթային դասակի հրամանատար էր: Իսկ 93-ի փետրվարի 23-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտություն էր: Նույն օրը ջոկատը շարժվել էր Մարտակերտի ուղղությամբ: Իրենց ջոկատում անչափահասները շատ էին, նրանց մեջ էր նաև 16-ամյա Տիգրանը:

Իր ծննդյան օրը` մարտի 20-ին, 28-րդ գարունն էր բոլորել: Սիրելի հրամանատարի ծնունդը նշելուց 2 օր անց տղաները շտապել էին ռազմավարական նշանակություն ունեցող Պուշկինյան բարձունքը, ուր կրակե հեղեղ էր. չէր դադարել թշնամու ականանետը: Նույն օրը թեժ մարտի ժամանակ կատարվել էր անսպասելին. թշնամու ականն ընկել էր հենց հրամանատարի վրա… Հայոց քաջերը շարունակել էին կատաղի մարտը և անառիկ պահել բարձունքը…

Իսկ Հրամանատարն ալևս չկար…

Աշխատավայրում Գեղամի նկարի մոտ միշտ թարմ ծաղիկներ էին: Ամուսնու զոհվելուց հետո նույն մոտոհրաձգային գումարտակում մի քանի տարի աշխատել է Սաթիկը: Ապա աշխատել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի զոհված ազատամարտիկների միությունում, «Կարոտի կանչ», «Հայոց ազգային բանակ» հասարակական կազմակերպություններում: Մշտապես նրա մտահոգության կենտրոնում հաշմանդամ ու զոհված ազատամարտիկների ընտանիքների հիմնահարցերն էին:

Իր երեք անչափահաս երեխաներին հուսադրել էր պետք և դրա հետ մեկտեղ` վշտակցել ցավ ու վիշտ տեսած բախտակիցներին: Այո, հեշտ չէ… Կարողացել է ամենքի վիշտն ու տառապանքը անտրտունջ կիսել, նրանց հույս տալ, կանգնել նրանց կողքին:

- Մենք միասին ենք գնում Եռաբլուր: Չամոքվող ցավ ու կորուստ ունենալով ու գիտակցելով` իմ մեջ ուժ եմ գտել կրել նաև նրանց հոգսը: Եթե անհատը կյանքը դրել է հայրենիքի զոհասեղանին, դարձել է հաշմանդամ, նրան պետք է աջակցել… Եթե որևէ խնդիր է լինում ազատամարտիկների կամ զոհվածների ընտանիքների համար, փորձում եմ անել անգամ անհնարինը: Չեմ կարող տեսնել` ինչպիսի անհուսության մեջ է իմ դրկիցը: ...Երբեք չեմ մոռանա 15-ամյա մի տղայի, ով ամուսնուս զոհվելուց հետո վրեժխնդրությամբ լցված մեկնեց մարտադաշտ: Մեկ ամիս անց վերադարձավ ու ասաց. «Գնացի, Գեղամի պարտքը տվեցի, եկա»: Վերջապես մեր պետական կայունության համար այսքան զոհեր ենք տվել, ու պետք է արժանավայել փառաբանվեն մեր անձնազոհ ազատամարտիկները:

Նրանց կյանքի անցած պահերը դար արժեին: Դեռ չընթերցված էջեր ունի այս ընտանիքի պատմությունը: Գեղամ Խլղաթյանի մասին դեռ այնքան ասելիք ունի Սաթիկը: Նա անխռով հետևորդն ու շարունակողն է ամուսնու չիրագործված իղձերի:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ