Ինքդ քեզ մի´ վնասիր


 

Ներկայացվող դեպքն իր տարօրինակությամբ և մարդկային անսահման երևակայության առումով (բացասական իմաստով) մասամբ նման է նախորդ պատմությանը: Իսկ թե ինչպե՞ս են ծավալվել գործողությունները` ստորև:

Օրերս ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ գլխուղեղի ցնցումով և որովայնի ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի մի ուսանող:

Երիտասարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, թե անհայտ անձը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից անտառում իրեն ծեծի է ենթարկել և սուր-ծակող գործիքով հարվածներ է հասցրել որովայնին:

Օրենքի պահապաններին կասկածի տեղիք էին տվել տուժողի կցկտուր և իրարամերժ բացատրությունները: Իսկ երբ հարցականներն ավելացել էին և կասկածներն ու հակասությունները խորացել` ուսանողը խոստովանել էր, որ ժամը 18.00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից անտառում ծալովի դանակով նշված վնասվածքներն իրեն պատճառել է... հենց ինքը` փորձելով առաջացնել անհայտ անձի կողմից իրեն վնասվածքներ պատճառելու և թալանելու պատրանք:

Հետո երիտասարդը ոստիկանությունում անկեղծացել ու պատմել էր, որ ուսման հերթական վարձավճարը ծնողներն իրեն վաղուց էին տվել, իսկ ինքը ծախսել էր: Եվ որպեսզի խուսափի ուսման վարձը վճարելուց և ազատվի իր անձնական նպատակների համար ծախսած գումարի վերաբերյալ ծնողներին պարզաբանումներ տալուց` դիմել է այդ ծայրահեղ քայլին:

Ինչպես համոզվեցիք` այս պատմության «հերոսն» էլ մեղք է գործել` միանգամից խախտելով աստվածաշնչյան հայտնի պատվիրաններից մի քանիսը: Իսկ դրանցից մեկը` մի´ վնասիր-ը, խախտել է կրկնակի և վնասել... իրեն:

Այս դեպքում էլ ՀՀ քրեական օրենսգիրքը կասի իր վճռական խոսքը, քանի որ հանցագործության պատրանք ստեղծելու անհեռանկար փորձեր կատարած ուսանողը գործ է ունենալու Սուտ մատնություն հոդվածի հատկանիշներով իրեն առաջադրվելիք մեղադրանքի հետ: