ԷԼԻ´ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂԻՆ


 

«Մարիանա» կաթնամթերքի ընկերության ապօրինությունները, բաղադրամասերի մեջ տարբեր խառնուրդների կիրառումները վաղուց դարձել են քննարկումների առարկա: Եղել են տուգանքներ, հրապարակային մեղադրանքներ: Այդու- հանդերձ պարզվում է, որ ընկերությունը շարունակում է խաբել սպառողներին և վնաս հասցնել նրանց առողջությանը: Հերթական խաբեությունը բացահայտվեց, երբ հայտնի դարձավ, որ մարտի 14-ին արտադրած թթվասերի պիտակների վրա «Մարիանան» փակցրել էր մարտի 23-ի ամսաթիվը: Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ: Պարզապես այս ընկերության կաթնամթերքը գնելիս` արդեն պարտադիր պահանջ է դարձել նայել պիտակներին, որովհետև նախկինում էլ բազմաթիվ անգամներ խախտումներ են թույլ տրվել: Ժողովուրդն ասում է. «Սևին սապոնն ինչ կանի, խևին` խրատը»: Այս ընկերության համար առածը դարձել է ինքնապաշտպանական զրահ, որովհետև ամեն մի քննադատության հանդեպ անտարբեր` «Մարիանան» անում է այն, ինչ թելադրում է կամքը կամ տրամադրությունը: Ավելի ճիշտ` գրպանի շահը:

Իհարկե, «Մարիանան» միակ ընկերությունը չէ, որ այսկերպ է վարվում սպառողների հետ: Հատկապես մեծ կամայականություններ են դրսևորում հաց թխող ընկերությունները, որոնք խանութներին են մատակարարում վերաթխված կամ վերամշակված հացը: Երբեմն մի խանութում չվաճառված հացը հանձնում են մեկ այլ խանութի: Իսկ որոշ ճարպիկներ էլ, ովքեր զբաղվում են մսամթերքի արտադրությամբ, մայրաքաղաքի խանութներում ամիսներ շարունակ մնացած ու չվաճառված երշիկեղենն առաքում են մարզեր` այն տպավորությունը ստեղծելով, թե մատակարարում են թարմ մսամթերք: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս առումով վիճակը հատկապես անհանդուրժելի է Լոռու և Շիրակի մարզերում, Լեռնային Ղարաբաղում:

Հատկապես Լոռու մարզում մենք հայտնաբերեցինք մոտ մեկ ամսվա հնություն ունեցող կաթնամթերք, վաղուց պիտանիության ժամկետն անցած երշիկեղեն:

Էլ չենք խոսում տարբեր տեսակի թխվածքների ու պաղպաղակի մասին: Մայրաքաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում, մի քանի խանութներից փորձնական գնումներ կատարելով, պարզեցինք, որ այստեղ վաճառվում է 2011 թվականի հոկտեմբեր ամսին արտադրված պաղպաղակ: Գեղարքունիքի մարզի մի քանի խանութներում մեզ հրամցրեցին դարձյալ 2011 թվականի արտադրության թխվածքաբլիթներ: Մայրաքաղաքում հնացած սննդամթերքի վաճառքի առումով հատկապես աչքի են ընկնում ծայրամասային խանութները:

Բազմաթիվ անգամներ բարձրացված մտահոգությունները, ցավոք, մնում են անպատասխան, գրեթե ոչ ոք չի կամենում հիմնավորապես զբաղվել այս խնդրով, մտահոգվել սպառողների շահերով, տուգանել անբարեխիղճ արտադրողներին և ներկրողներին, մատակարարներին: Այս պատճառով էլ մեր խանութներում ու արտադրող մի շարք ընկերություններում բառացիորեն խայտառակ վիճակ է տիրում:

Լ.Մ.