ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՄԵԴԻԱՄԱԳՆԱՏ


 

Ինչպես տեղեկացնում են որոշ իրազեկ աղբյուրներ, փոփոխություններ են տեղի ունեցել համաշխարհային հռչակ ունեցող «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության ղեկավար կազմում: Մասնավորաբար նշենք, որ հրաժարական է ներկայացրել գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վիգեն Հակոբյանը: Հենց Վիգեն Հակոբյանի նշանակման փաստն էլ մտածելու առիթ տվեց: Ո՞վ է գործակալության տերը, որ նշանակվել է ազգությամբ հայ գլխավոր խմբագիր:

Գիտենք, որ մոտ ժամանակներս Մոդեստ Կոլերովը զբաղեցնելու է «RegnuΗ հրատարակչական տան» նախագահի պաշտոնը` համագործակցելով ազգությամբ հայ գլխավոր խմբագրի հետ: Ինչպես կարողացանք ճշտել`գործակալության նոր սեփականատերը ոչ այլ ոք է, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հենց դա է այն պատճառը, որ գործակալության նոր սեփականատերը ցանկացել է մնալ «չբացահայտված»:

Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, չի փոխելու գործակալության ռազմավարությունը, բայց ահա դառնում է մեդիամագնատ` այսպիսով հռչակվելով աշխարհում ոչ միայն որպես բազմաթիվ ադամանդագործական ձեռնարկությունների և հանքավայրերի տեր, այլև որպես «ինտելեկտուալ կապիտալի» սեփականատեր: Երկրորդ նախագահն իր այս քայլով գուցե «մեսիջներ» է ուղարկում հայաստանյան օլիգարխներին, հուշում, որ կարելի է մեծ փողեր աշխատել նաև լրատվության դաշտից: Իսկ Հայաստանը, հաշվի առնելով Սփյուռքի գոյությունը, կարող է ունենալ մեդիա գործակալություններ, որոնք տեղ զբաղեցնեն համաշխարհային լրատվական շուկայում:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործակալությունը ձեռք է բերում նախագահական ընտրություններից ինն ամիս առաջ. այն ժամանակ, երբ, ըստ էության, ոչնչացել են իշխանություն վերադառնալու բոլոր հնարավորությունները: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ձևավորել իր ազդեցությունները մեդիա դաշտում և այսպես փորձել կրկին վերադառնալ իշխանություն: