ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՆԱԽԱՐԱՐ ԿԴԱՌՆԱ


 

Դեռևս 2007-ին գալով խորհրդարան` Նաիրա Զոհրաբյանը դեմ չէր` զբաղեցնել սոցապ նախարարի պաշտոնը: Սակայն նախարարական պորտֆելի փոխարեն` նրան նշանակեցին ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Օրերս հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է Նաիրա Զոհրաբյանին անպայմանորեն կառավարություն տեղափոխել և նշանակել տալ կրթության և գիտության նախարար:

Իհարկե, այս պաշտոնի համար պայքարի ելածների թիվը փոքր չէ. արդեն 3-4 հոգի ցանկանում են կառավարել մեր կրթությունը: Սակայն շուտով հավանաբար վերջնական որոշում կկայացվի, որ այս նախարարությունը հանձնվելու է «Բարգավաճ Հայաստանին»: Այդ դեպքում հենց Նաիրա Զոհրաբյանն էլ կնշանակվի նախարար:

Նախարարական մի պորտֆել էլ պատրաստվում է «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանի համար: Ըստ մեր ունեցած հավաստի լուրերի, Ասրյանը նշանակվելու է Արտակարգ իրավիճակների նախարար` այս պաշտոնը վերցնելով Արմեն Երիցյանից: Ուրեմն, ԱԻՆ-ն այլևս չի հանդիսանալու ՕԵԿ-ին ենթակա գերատեսչություն: Բայց Արմեն Երիցյանն անգործ չի մնալու:

Եթե Հայաստանում հետընտրական այս շրջանում շատերն են կամենում զբաղեցնել նախարարական պաշտոններ, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանն էլ, ի տարբերություն շատ կուսակցականների, ոչ թե Հայաստանում, այլ Լեռնային Ղարաբաղում է պաշտոն ստանձնելու: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նա նշանակվելու է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար և միաժամանակ հիմնելու է շատ խոշոր պրոդյուսերական կենտրոն: Ստացվում է, որ Հրանտ Թոխատյանը շատ ավելի հայրենասեր է ու նվիրված է Արցախին, քան մեր շատ կուսակցականներ, ովքեր անգամ արմատներով արցախցի լինելով` չեն կամենում հիշել իրենց ծննդավայրի մասին: