Քլինթոնների թշնամանքը պահպանվել է


 

Իսկ գիրքն այդ իսկապես աղմկահարույց կլինի: Այն արդեն տպագրված է, և Սպիտակ տունը փորձում է հեղինակից «կորզել» ամբողջ տպաքանակը:

Օրերս հրատարակած` «Օբաման` դիլետանտ» գրքով քաղաքական թեմաներով ճանաչված գրող Էդվարդ Կլյայնը բարդացրել է Նահանգների նախագահ և նախագահի թեկնածու Բարաքի նախընտրական շտաբի գործունեությունը: Հրատարակությունը մերկացնող փաստեր է ամփոփում գերտերության առաջնորդի քաղաքական արտառոց դիպվածներից և Սպիտակ տանը նրա կյանքից: Ամենաանսպասելին, թերևս, Բիլ Քլինթոնի կծու արտահայտություններն են Օբամայի հասցեին:

- Օբաման այդպես էլ չհասկացավ` ինչպես լինել պետության արժանի ղեկավար: Նա բացարձակ անիրազեկ է,- նրան բնութագրել էր իր իսկ նշանակած պետքարտուղար Հիլարիի ամուսինը:

Նախկին ու ներկա նախագահների միջև տարաձայնությունները սկսվել են 2008-ից` երբ հաղթելով տիկին Քլինթոնին` Օբաման դարձավ նախագահ:

Կլյայնը մանրակրկիտ նկարագրում է այն հարվածը, որը Քլինթոն ընտանիքը պատրաստվում է հասցնել Օբամային: Փաստորեն` գաղտնիք չէ, որ համատեղ աշխատանքի ընթացքում Բարաք-Բիլ հարաբերությունները միշտ լարված են եղել: Երկրի էքս-նախագահը կնոջն ասել է.

- ԱՄՆ-ի տնտեսությունը փլուզված է. մենք այլևս համաշխարհային առաջատարների շարքում չենք: Բայց չէ՞ որ դու ավելի խելացի ես այդ Օբամայից: Դու պե´տք ես Ամերիկային: Մենք պե´տք ենք մեր երկրին:

Քաղաքական ընտանիքում մեծ վեճ է ծավալվել: Նրանց դուստրը` Չեսլին, նույնպես մորը հորդորել է` այս տարի ևս առաջադրվել նախագահի թեկնածու: Հիլարին սակայն կտրուկ մերժել է.

- Մի´ խառնվիր իմ կյանքին,- ասել է ամուսնուն:

Այս ամենի առնչությամբ Օբամայի արձագանքը հայտնի չէ: Բայց Սպիտակ տան ներկայացուցիչը, ով ջանում է կանխել գրքի տարածումը, աշխատությունը որակել է «անհեթեթություն»: Իսկ պաշտոնական հաղորդագրությունը կարելի է նաև հաշտության փորձ համարել.

- Մենք չենք հավատում, որ Քլինթոն ընտանիքը կարող է զբաղվել նման հիմարություններով` հաշվի առնելով, թե նրանք որքան մտերիմ են նախագահին և որքան են աջակցում նրան: