1 ՀԱՐՑ


 

- Քարոզարշավի ընթացքում մեծ թիվ են կազմել բացահայտ ապատեղեկատվության դեպքերը, որոնց շուրջ ոստիկանությունը հանդես է եկել հերքումներով: Քվեարկության օրը հավանաբար բոլորն են լսել հատկապես մեծ աղմուկ հանած Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ոստիկանությունն օպերատիվ կերպով արձագանքել է նաև այդ հաղորդագրությանը` մինչև անգամ տեսանյութ տեղադրելով պաշտոնական կայքէջում, որտեղ այսպես կոչված «տուժածը» պարզաբանում է, որ որևէ նման միջադեպ տեղի չի ունեցել:

Հարցին պատասխանում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ- մայոր Արթուր ՕՍԻԿՅԱՆԸ:

Այնուամենայնիվ թե´ քվեարկության օրը, թե´ հետընտրական ժամանակահատվածում հնչած մեղադրանքների պակաս ևս չի զգացվել: Մի շարք էլեկտրոնային կայքէջերում, հատկապես iditord.org-ի նախաձեռնողական խմբի ներկայացուցիչները հաղորդագրություն էին տարածել, որ ընտրացուցակներում մեծ թիվ են կազմում մահացած անձանց անունները և անգամ օրինակներ էին բերել: «Ավանգարդի» այս հարցին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր ՕՍԻԿՅԱՆԻ պատասխանը սպառիչ էր.

- Ես կարող եմ վստահեցնել. առանց բացառության բոլոր այն դեպքերում, երբ սահմանված կարգով մահը գրանցող մարմինները` այն է` Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումները, մահվան վերաբերյալ տեղեկությունը հայտնել են տարածքային ռեգիստր, դրանք արխիվացվել են: Իհարկե, կարող են լինել նաև քվեարկությունից 4-5 օր առաջ մահացած անձի վերաբերյալ տվյալներ, այսպիսի դեպքերում եթե անգամ սահմանված կարգը պահպանվեր, չէին կարող այդ տվյալները հանվել ընտրացուցակներից: Մահվան վերաբերյալ շուրջ 3800 տեղեկատվություն արխիվացվել է: Դրանք բոլորն այն դեպքերն են, երբ մարդիկ մահացել են արտերկրում կամ Հայաստանի որևէ գյուղում, որոնց վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, և ոստիկանությունը` որպես լիազոր մարմին պարտավոր չէ նման կարգի տեղեկությունները բնակչության ռեգիստրից հանել: Ոստիկանությունը գործել է օրենքին համապատասխան, և եթե անգամ եղել են նման դեպքեր, դրանք այն դեպքերն են, երբ ռեգիստրին մահվան վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել: