«Կոալիցիայի» ինտրիգը


 

Արդեն պատմություն դարձող ընտրություններին հաջորդող զարգացումների գլխավոր ինտրիգը և´ քաղաքական, և´ այս կամ այն չափով դրան առնչվող շրջանակներում քննարկվող գլխավոր թեման «Հանրապետականի» հետ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիա կազմել-չկազմելու հարցն է:

 

 

Թեև ընտրությունների արդյունքում «Հանրապետականը» խորհրդարանում պահպանեց քաղաքական մեծամասնության իր դիրքերը, և թվում է` մյուս կուսակցությունների օժանդակության կարիքը չունի, այնուամենայնիվ նրան անհրաժեշտ է նախկին գործընկերների հետ դարձյալ կոալիցիոն հարաբերություններ հաստատել` առաջիկա նախագահական ընտրություններում նրանց աջակցությունը ստանալու համար: Այս առումով եթե «Օրինաց երկրի» հետ խնդիրներ չկան, ապա «Բարգավաճ Հայաստանի» պարագայում ամեն ինչ այդչափ հստակ չէ, և այսօր Հայաստանի ներքաղաքական գլխավոր ինտրիգը ԲՀԿ-ի առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի կողմից հանգուցալուծմանն է սպասում: Ծառուկյանն ինքը և´ կուսակցության համագումարում, և´ դրանից հետո տարբեր առիթներով բազմիցս է հանդես եկել ընդդիմադիր կեցվածքով:

Ավելին, ԲՀԿ-ին միայն վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը բազմիցս է անթաքույց քննադատել ՀՀԿ-ի վարած տնտեսական քաղաքականությունը` կոնկրետ օրինակներ նշելով Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողումների մասին: Նա սկզբունքորեն դեմ չէ «Հանրապետականի» հետ կոալիցիա կազմելուն, սակայն սկզբունքորեն դեմ է «ասիմետրիկ» կոալիցիային, որի դեպքում, ինչպես նախորդ խորհրդարանում` ԲՀԿ-ին կառաջարկվի կրտսեր եղբոր դերը: Մինչդեռ նախկին արտգործնախարարը գտնում է, որ կոալիցիայի ներսում նրա կողմերը (անկախ ընտրությունների արդյունքում ստացած քվեների տոկոսներից և դրան համապատասխան` խորհրդարանում պագամավորական տեղերի տարբերությունից) պետք է հանդես գան իրավահավասարության սկզբունքով: Վարդան Օսկանյանն ասել է, որ ինքը կհրաժարվի պատգամավորական մանդատից, եթե կուսակցությունը կոալիցիային մաս կազմելու որոշում ընդունի:

ԲՀԿ ազդեցիկ անդամներից Նաիրա Զոհրաբյանը նույնպես արտահայտվել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու օգտին: ՀՀԿ հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցում «Բարգավաճ Հայաստանում» դիրքորոշումները կարծես թե բաժանվել են երկու մասի: Թերևս այդ է պատճառը, որ ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, որոշվել է առաջիկա 10 օրվա ընթացքում լրատվամիջոցներում այդ թեմայով հանդես չգալ: Այդ ժամանակամիջոցում հավանաբար բանակցություններ կընթանան ՀՀԿ և ԲՀԿ միջև:

Իհարկե, գայթակղիչ է ընդդիմադիր մնալն ու այդպիսի կեցվածքով հանրությանը հաճո կարգախոսներով հանդես գալը, սակայն ամեն ինչ իր գինն ունի: Խնդիրն այն է, որ այդ դեպքում կարող է վտանգվել ԲՀԿ-ի հզորության հիմնական` ֆինանսական գործոնը: Կգնա՞ արդյոք Ծառուկյանն այդ զոհողությանը: Այս կուսակցությանն անդամակցողները հիմնականում գործարարներ են, ովքեր սովորաբար մեծ մասամբ իշխանությունների հանդեպ լոյալ են տրամադրված լինում, քանի որ միշտ էլ կորցնելու բան ունեն: Դարձյալ ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, կուսակցությունից մոտ 20 հոգի ստիպված են եղել դիմում գրել և հրաժարվել մանդատներից: Պատճառը հավանաբար կոալիցիա կազմել-չկազմելու հարցում սեփական տեսակետը պնդելն է: Համենայն դեպս, առաջիկա 10 օրվա ընթացքում այս խնդիրը պետք է որ հանգուցալուծվի: Բոլոր դեպքերում, Ծառուկյանը Սերժ Սարգսյանից հավանաբար կպահանջի ազատվել վարչապետ Տիգրան Սարգսյանից, ինչը նշանակում է հրաժարվել մինչ այժմ վարվող տնտեսական քաղաքականությունից: Թերևս, դա հանգուցալուծման միակ ընդունելի տարբերակն է և´ Ս. Սարգսյանի, և´ Ծառուկյանի համար: Այս կերպ կոալիցիա կազմելով, ԲՀԿ-ն կարող է պահպանել իմիջը, ընտրազանգվածին ապացուցելով, որ այդ կերպ հաջողել է փոխել լայն զանգվածների համար անցանկալի տնտեսական քաղաքականության պատճառ վարչապետին: Իսկ Ս. Սարգսյանին այս տարբերակը ձեռնտու է այն առումով, որ այսպես թե այնպես, նոր ձևավորվող կառավարությանը նոր վարչապետ է անհրաժեշտ: