Չինարեն են սովորում


 

Մինչ մենք անխնա աղավաղում ենք ոսկեղենիկ մեր մայրենին, Չինաստանը մասնագետներ է գործուղում Թայլանդ` իրենց լեզուն այնտեղ ուսուցանելու:

Ուրբաթ երեկոյան Թայլանդի վարչապետ Կինգլակ Չինավատն ազդարարել է իրենց բուհերում ու դպրոցներում չինարենի զանգվածային ուսուցման մեկնարկը: Վկայակոչելով վերջին երեսնամյակում երկու երկրների ջերմ հարաբերությունները, հանդիսավոր արարողության ժամանակ նա կոչ է արել խորացնել բարեկամությունը` նաև լեզուն ուսումնասիրելով:

Իհարկե, Չինաստանն էլ չէր կարող անտարբեր մնալ նման ձեռնարկման հանդեպ և 1200 կամավորներ է գործուղել Թայլանդ` ուսուցանելու իրենց մայրենին:

Բարեկամությունը` բարեկամություն, սակայն այս նախաձեռնության հիմքում սոսկ զգացմունքայնությունը չէ: Իր տարածվածությամբ չինարենը Թայլանդում 2-րդն է` անգլերենից հետո. դրան հաջորդում են ճապոներենն ու կորեերենը: Ի դեպ` վարչապետ Չինավատի նախնիներն էլ Թայլանդ են եկել Չինաստանից: Եվ ընդհանրապես XVII-XX դդ. այստեղ բնավորված էթնիկ չինացիները (հուացյո) մեծ դերակատարում ունեն բոլոր բնագավառներում ու հատկապես բիզնեսում:

Հիշեցնենք, որ 1949 թ. Չինաստանում կոմունիստների իշխանության գալով, խաթարվել էին Թայլանդ-Չինաստան հարաբերությունները: Եվ մինչև 1970-ականների վերջը` նույնիսկ արգելվում էր մի երկրից մյուսը գնալ: