Թալանված աստղեր


 

Ստահակներն ամենուր են ու դարանակալում են ում պատահի` հաշվի չառնելով նույնիսկ իրենց զոհերի հեղինակությունը: Գողերի համար բոլորը հավասար են` միայն թե նրանցից թռցնելու ինչ-որ բան գտնեն: Դե, իսկ հանրահռչակ մարդկանց կողոպտելը երևի երանություն է, զի նրանց քսակում, գրպանում կամ կացարանում անպայման թանկ ավար կճարվի: Օրինակ, ո՞նց կարող էր լեգենդար, Լատինական Ամերիկայում հյուրախաղերով հանդես եկող Հուլիո Իգլեսիասի հյուրանոցային համարում արժեքավոր իրեր չլինել: Ու մինչ երգիչը Վալենսիայում համերգասրահներից մեկում սրտեր էր գերում, «Կարակաս» հյուրանոցում թալանվում էր նրա համարը:

Համերգից հետո միայն` ուշ երեկոյան, բազմազավակ երգիչը հայտնաբերել է, որ իրեն կողոպտել են` հափշտակելով 1,6 հազար դոլար, 3 թանկարժեք` iPΖd համակարգիչ, ինչպես նաև ճամպրուկը, որի մեջ եղել են տեսախցիկ, համակարգիչ և անձնական փաստաթղթեր:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 6-ին, սակայն ոստիկանությունն այդ փաստը հրապարակել է անցյալ շաբաթ օրը:

Իսկ արտիստը մինչ օրս շարունակում է լռել` հավանաբար մեկնաբանություն չգտնելով կատարվածին (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Ի դեպ, մայիսի սկզբին թալանվել է երբեմնի մեկ այլ աստղ ևս. Զայցևների քույրերից Ելենան: Արտիստուհին չարագործների ցանցում հայտնվել է` շան հետ զբոսնելիս: Հանցագործը հարձակվել է անպաշտպան կնոջ վրա, ծեծել, թալանել, բայց չի հասցրել պատվազրկել: Երգչուհին սկսել է աղմկել ու օգնություն կանչել: Նրա ճչոցը վախեցրել է ստահակին. մանավանդ, երբ մարդիկ են մոտեցել: Այդուհանդերձ, չարագործը թալանելուց զատ` «հաջողեցրել» էր նաև կոտրել նրա ծնոտը: