Երգիծանք

ՎԱՐԴ ԿՈՇԻԿԸ


 

- Գուրգեն, 100 տարեկանին մոտ քեռիս կանչել է, չե՞ս գա` գնանք:

- Ճի՞շտ, այդքա՞ն է, լավ էլ դիմանում է էս երկրին:

- Մի զարմացիր, մեր ցեղը երկարակյաց է. հայրս էլ, մայրս էլ հասցրել են մինչև 96-ի:

Հորիզոնի քեռին` Ասատուրը, բազմոցին այնպես էր նստած, կարծեցինք պառկած լիներ:

- Քեռի, հիմի դու նստա՞ծ ես, թե՞ պառկած:

- Աշխատում եմ նստած լինել, պառկելուս ժամանակն էլ շուտով կգա: Կյանքը հավերժ չէ, պետք է է˜ն աշխարհը գնալուն էլ լավ պատրաստվել: Փառք Աստծո, լավ կոստյում, չինական վերնաշապիկ ունեմ` կարմիր գալստուկով: Գլխարկ պետք չէ, ո՞ր մահացածն է գլխարկ դնում: Ինչո՞ւ, որովհետև ուղեղ չունեն, միայն կոշիկներիս դարդն եմ լացում:

- Քեռի Ասատուր, ինչն է բոլ` կոշիկը, նույնիսկ մթերային խանութից էլ կարելի է առնել:

- Չէ, ինչի ընկնեք սար ու ձոր, երբ վաստակել եմ: Ես իմ ծեր, հիվանդ հալովս, պատերից բռնելով գնացել, հասել եմ ընտրատեղամաս, իմ տված խոստումը կատարել եմ: Ո՞նց չկատարեի, հո ես իրենց նման չեմ: Ո՞նց չընտրեի, մարդը ընենց կոշիկ տվեց` լեզուս կապ ընկավ, ասի` քո պես ղայդին մարդ կա՞: Ասեց` հա, առայժմ աջ ոտքիդ կոշիկն եմ տալիս, որ գործերս աջ գնա, մյուսը` ընտրվելուց հետո:

Երբ մենք հետաքրքրությամբ մեր շուրջը նայեցինք, քեռին հասկացավ` ուզում ենք կոշիկը տեսնել:

- Հարս խանըմ, մի էն վարդ կոշիկը բեր:

Կոշիկը մեր ձեռքից-ձեռք էր անցնում: Անհավանական էր թվում, որ այսպիսի հազվագյուտ, հեքիաթային ընտրակաշառք են նվիրել: Հորիզոնը կոշիկը քթին տարավ` հոտոտի:

- Հա, հա, սկզբի օրերին կոշիկիցս վարդի հոտ էր գալիս, տրամադրությունս բարձրանում էր, կոշիկիս հետ էի քնում, հիշում վաղամեռիկ Ռոզիս: Ուրախանում էի, որ էս ընտրությունները հատկապես ինձ երջանկություն բերեցին:

- Ասկո քեռի, բա էդ մեր սիրելի վարդի ընկերն ո՞ւր է:

- Ախ, ախ, էդ սրիկան էդքան երդում ուտելուց հետո ո˜նց երդմնազանց եղավ: Մի հարցնող լինի` ես ի՞նչ մեղավոր եմ, որ չի ընտրվել: Հիմա կոշիկի թայը չի տալիս: Ես էլ ի˜նչ հույսեր էի կապում. իսկը էն աշխարհում հագնելու կոշիկ է: Ոտքերիս ուշքը ուղղակի գնում էր դրանց համար: Ախր կտակիս մեջ էլ էի կտակել. ինձ էդ վարդ կոշիկով ճամփու կդնեք: Մի հագնե՞մ տեսնեք` ոնց է սազում: Էդ բեմուրազ թեկնածուն մուրազս կիսատ թողեց: Բա դա մարդ ա՞, ա´յ դրա մարդ ասողի… Ինչ է թե` չի ընտրվել:

Քեռին անգամ փոքր չարչարանքից քրտնեց, հոգոց հանեց, լռեց, մեծ թաշկինակով սրբեց երեսը ու մեզ թվաց, թե լաց է լինում…

Հորիզոնը կայծակնային որոշում կայացրեց.

- Լավ, քեռի, հիմա ես ու Գուրգենը կգնանք` վարդ կոշիկիդ զույգին կբերենք, թե չէ արհեստական բաժանում է եղել:

Ես էլ իմ հերթին կատակեցի.

- Հա, հա, էդ ինչի՞ հայերս երգում ենք` «Հայեր միացեք, միացեք հայեր» երգը, թող կոշիկներն էլ երգեն` միացեք կոշիկներ, կոշիկներ միացեք…

***

Իմ ու Հորիզոնի ուրախ, երգային տրամադրությունն էլ նախկին պատգամավորության թեկնածու կոչեցյալը փչացրեց: Մեր բանավոր բարևին պատասխանեց փոքրիկ գլխի փոքրիկ շարժումով: Թվաց, թե այդքան խոստումներ տված, պերճախոս մարդը բոլորովին կորցրել է խոսելու ունակությունը: Էլ ինչ խոսեր, երբ մեջտեղը հաշիվ չկար: Բայց, այնուհանդերձ ներկայացանք քեռու խնդրո հարցով:

- Հարգելի Մաքսապետյան, մեր քեռի Ասատուրը ձեզ գովում էր, հիմա էլ ցավով ափսոսում է, որ չընտրվեցիք, բայց ե՞րբ տեսնի ձեր նվիրած վարդ կոշիկը:

- Չի լինի` կարճ կապեք…

- Սրանից էլ կարճ: Քեռիս երկու ոտք ունի, երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ, մյուսն էլ է ուզում: Խնդրեց, մենք էլ միանալով նրա խնդրանքին` խնդրում ենք` նվիրել մնացածը: Նա դրանով շատ է ուրախացել, ուզում է դագաղում այդ կոշիկները հագցնեն, նույնիսկ իր կտակում…

- Գլխումս խելք չի մնացել, այն վայրկյանից որ չընտրվեցի, աչքիս ոչինչ չի երևում: Ձեր ասած քեռի-մեռին թող բավարարվի այդքանով:

- Ձախ կոշիկը որ չեք տալիս, ձեր ինչի՞ն է պետք:

- Ձախ, ձախ, էնքան ասիք ձախ, գործս գնաց ձախ: Ձեր ուզած ձախ կոշիկը քարոզարշավի ժամանակ տրվել է մեկ ուրիշին, որ նա էլ ինձ ընտրի:

- Ստացվում է` աջ ու ձախ կոշիկ եք բաժանել: Այդքան բարի, առատաձեռն եք եղել ու չե՞ք ընտրվել:

- Իրենց լավն ու վատը էս ժողովուրդը չի հասկանում: Չգիտե՞ք, ով խոստումները չափազանցնում է, գեղեցիկ խոսում, նրան են ընտրում:

- Դուք էլ գեղեցիկ կոշիկներ էիք նվիրում, որից պարզվում է ոչ միայն քեռիս է խաբվել այլ նաև շատերը: Հիմա մերժո՞ւմ եք մեր խնդրանքը: 100 տարուն մոտեցող քեռուս ի՞նչ խոսքերով սփոփենք:

- Կասեք` քեռի ջան, սպասիր, համբերիր, 4-5 տարին քեզ համար ի՞նչ է, հույսդ մի կորցնի, ապրիր մինչև նոր ընտրությունները: Ես իմ սխալը հասկացա, էս մի անգամը որ եկա, է˜, էլ դու սուս, կտեսնեք, թե ինչ թոզ ու դուման եմ դնելու: Էս անգամ, որ ասել եմ աշխատավարձերը 50 տոկոսով եմ բարձրացնելու, հաջորդ անգամ կասեմ` 100 տոկոսով, ինձնից ինչ է գնում: Այնքան աշխատատեղեր կբացեմ` արտագաղթի քարավանը գլուխը կթեքի դեպի հայրենիք: Ոչ ոք չի ասել Հայաստանն ինչ կդարձնի, առաջինը ես եմ ասում` կդարձնեմ դրախտավայր:

Ու եթե ինձ` Մաքսապետյանիս ընտրես, կոշիկդ կզուգավորվի, ոնց ասում են` մեկդ երկուս կդառնա… Կոշիկը բոբիկ ոտքին հագնել կլինի՞: Ոտից գլուխ բոբիկներին խոստանում եմ նասկի-գուլպա էլ տալ, որ քեռիդ էլ տաք-տաք հագնի, որ ձենը տաք տեղից գա ու երգի.

«Վարդ կոշիկս, վարդ կոշիկս,

Վարդից գեղեցիկ մաշիկս…»:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ,   ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ