Ջուլիետա ՍՏԵՓԱՆՅԱՆ.ՀՀ վաստակավոր արտիստուհի

Հեքիաթս դեռ ինձ հետ է


 

Մայր թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին ճանաչված ու սիրված է հանրության կողմից նաև հեռուստատեսությունից: Թատերարվեստի գաղտնիքների որոնման ճանապարհները նրան շատ հեռուն են տարել: Ծնունդով գյումրեցի արտիստուհին բազմաթիվ կերպարներ է մարմնավորել շուրջ 17 տարի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի, ևս 9 տարի Լեհաստանի Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան դրամատիկական թատրոնների բեմերում:

- Ինչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Ամենադժվարը կյանքում երկերեսանի լինելն է, շողոքորթելն ու սիրաշահելը: Մի բան, որ երբեք չեմ կարողացել և դրա մասին մտածելն անգամ դժվար է եղել ինձ համար: Անկեղծությամբ կարող եմ գեղեցիկ խոսքեր ասել միայն այն մարդկանց, ում իսկապես սիրում եմ, կեղծավորությունը դեմ է իմ սկզբունքներին: Երբեմն կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ պարզապես ստիպված ես սիրաշահել մարդկանց, սակայն երբեք չեմ կարողացել, երբեմն նաև տուժել եմ դրանից:

- Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ:

- Հանգամանքների բերումով երկար տարիներ ապրել եմ Եվրոպայում, շրջել եմ եվրոպական երկրներում, ծանոթ եմ այդ ժողովուրդների մշակույթին, ավանդույթներին, սիրում և ընդունում եմ, բայց դրանով հանդերձ` երբեք չէի ցանկանա այլ ազգի ներկայացուցիչ լինել: Եթե նորից ծնվեի, կուզենայի կրկին հայ ծնվել: Մեր տեսակը խիստ ծայրահեղ է: Հայը կարող է լինել անփոխարինելի իր տեսակով և հակառակը: Հաճախ են ասում, որ բոլոր ժողովուրդներին հատուկ են դրական և բացասական երևույթները, սակայն մեզանում դրանք ծայրահեղությունից ծայրահեղություն են: Պարզապես ցավ եմ ապրում` նկատելով մեզանում արմատավորված բացասականը: Դրսում մեզ շատ են սիում ու գնահատում, ասում են, որ մենք միմյանց թիկունք կանգնող ժողովուրդ ենք, սակայն միայն տպավորությունն է այդպիսին: Ես, տարիներ շարունակ ապրելով օտար միջավայրում, այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ով ում չէր սիրում, ով ում մասին ինչ կարծիքի էր: Չտեսա այդ մարդկանց չարությունը, չկամությունը, նախանձը, իսկ մեզանում ցավոք, դրանք համատարած են: Ինձ հիացնում է հատկապես նրանց` դիմացինին բարձր գնահատելու կարողությունը: Այս ամենով հանդերձ` պետք է ասեմ, որ մեր տեսակի լավն ու դրականը բարձր է և անգերազանցելի:

- Որևէ գաղտնիք Ձեր կյանքից կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Այդպիսի գաղտնիքներ չունեմ: Ինձ շրջապատում ճանաչում են որպես մտածածն անմիջապես բարձրաձայնող, տեսակետն ազատ արտահայտող մարդ: Երբեմն դիմացինս կարող է մի փոքր վիրավորվել, բայց չեմ վախենում ճշմարտությունն ասելուց: Քանի որ երբեք չեմ կարող մարդու թիկունքից խոսել:

- Ինչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Մեր երկրի ընդհանուր վիճակն է ինձ համար ամենաառեղծվածայինը, բոլոր առումներով: Ոչինչ անել չես կարող: Ես բազմաթիվ մտահղացումներ ունեմ, որ կցանկանայի կյանքի կոչել, սակայն բախում ես ցանկացած դուռ, ստանում ես ժպիտ և այդքանը: Ապա փակվում են բոլոր դռները: Չգիտեմ որքանով է առեղծվածային, բայց աբսուրդ է այս ամենը:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Այդպիսի դեպքերը շատ են իմ կյանքում: Հիշում եմ` երկարատև բացակայությունից հետո վերադարձել էի Հայաստան: Երկրից հեռացել էի այն ժամանակ, երբ անմխիթար վիճակ էր: Վերադարձիս շատ բան էր փոխվել: Նույնիսկ անճանաչելի էր դարձել Երևանը: Անցնում էի փողոցներից մեկով, նորակառույց գեղեցիկ շենք էր կառուցված: Ակամա նայեցի ապակիներին: Գիտեք, կանայք որտեղ ապակի են տեսնում, նայում են: Անցա, մի պահ ուշքի եկա և սկսեցի մտածել, թե ինչ ծանոթ կին էր: Անգամ ուզում էի վերադառնալ ու բարևել, հետո բարեբախտաբար արագ հասկացա, որ իմ սեփական արտացոլանքն էր: Բազմաթիվ դեպքեր կապված են երեխաներիս հետ: Սիում են հոգուս հետ խաղալ: Աղջիկս փոքր էր: Պատրաստվում էի փորձի գնալ, դիմահարդարմամբ էի զբաղված, երբ հյուրասենյակից սկսեց անհամբեր կանչել` մամ, արի, հեռուստացույցով մի կին է երգում, այնքան տգեղ է, վախեցա. բայց քեզ շատ նման է:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Երբ վերջանա իմ հեքիաթը, ես ինքս կվերջանամ: Հեքիաթս դեռ ինձ հետ է, ուղեկցում է ինձ մանկությունից մինչ օրս: Հեքիաթներ եմ պատմում թոռնիկներիս համար և այնքան մեծ հաճույքով եմ դա անում, կարծես ինձ համար են պատմում, իսկ ես լսում եմ: Չնայած հիմա արդեն նրանք էլ ինձ են պատմում: Միշտ չափազանց ռոմանտիկ եմ եղել. այսօր էլ հեքիաթի մեջ իրական կյանքն եմ տեսնում և եթե չլինեն դրանք, ես ոչինչ եմ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ