ՈՒՐԱԽ ՈՒ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԸ


 

ՀՀ վաստակավոր արտիստ Կամո ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է: Դերասան, ում անունը վաղուց հայտնի է ինչպես թատերասեր, այնպես էլ կինոսեր հանրությանը: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում, հանդես եկել բազմաթիվ երգիծական ծրագրերում, շատ հաճախ հյուրախաղերի է հրավիրվել Ռուսաստանի Դաշնություն, այլ պետություններ:…

- Շատ կուզենայի մեր զրույցը սկսել Կապանի թատրոնից, նրան մտահոգող խնդիրներից, սակայն անհնար է հեռու մնալ գայթակղությունից և չխոսել մի թեմայի մասին, որը Ձեզ համար կյանքի ընթացք է դարձել...

- Հասկացա, թե խոսքն ինչի մասին է: Ես առանց հումորի և երգիծանքի չեմ կարող ապրել: Ինչպես Բեռնարդ Շոուն է ասել` հումորն այն կերակուրն է, որն ինձ հաճույք պատճառելով` իմ բարձր տրամադրությունը փոխանցում է մյուսներին: Հումորն ու երգիծանքն իմ կյանքի ուղեկիցներն են դարձել: Անգամ ամենատխուր պահերին էլ երբեմն կատակում եմ, պատմում զվարճալի դեպքեր և իրադարձություններ, նմանակում տարբեր մարդկանց: Հոգիս թեթևանում է, ուժ եմ հավաքում:

Իսկ ինչպե՞ս են ծնվում Ձեր երգիծական մանրապատումները:

- Ես ճիգ ու ջանք չեմ թափում դրանք ստեղծելու համար: Հետևում եմ իմ շրջապատի մարդկանց, տպավորվում, ապա ստեղծում իմ բանավոր պատմությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հարստանում են նոր գույներով: Ինձ համար կարևորն այն է, որ մանրապատումի հերոսը լինի հետաքրքիր մարդ, ունենա բնավորության, խոսքի, պահվածքի այնպիսի գիծ, որն էլ ծնում է ծիծաղելին, զվարճալին:

- Քո մանրապատումներում ծնվել է մի հերոս` Ժորան, որն էլ կարծես հավակնում է դառնալ մի նոր Պոլոզ Մուկուչ:

- Ժորան իրական կերպար է, նրա նախատիպն աշխատում էր մեր թատրոնում որպես պահակ: Իսկապես ծիծաղելի մարդ էր` բնավորության անընդունելի գծերով, թվացյալ միամտությամբ: Նա անսպասելի դարձավ իմ «հերոսներից»: Մի առիթով պատմեցի նրա մասին և ունկնդիրներս, որ իմ ընկերներն էին, սկսեցին քահ-քահ ծիծաղել: Հասկացա, որ այդ պատմությունները զվարճություն են պարգևում: Դրանից հետո սկսեցի հետևել այդ մարդուն: Այսպես թատրոնի պահակ Ժորան դարձավ երգիծական մանրապատումների հերոս: Անկեղծ ասած, նա որևէ կապ չունի նշանավոր Պոլոզ Մուկուչի հետ, որովհետև գյումրեցի սրախոսն ինքը երգիծաբան էր, նա ստեղծում էր զվարճալի պատմություններ իր մասին: Ժորան հավաքական կերպար չէ, այլ խիստ անձնավորված: Մինչդեռ ես սիրում եմ հավաքականությունը, ինչն էլ հարստացնում է իմ ներկայացրած հերոսներին:

Նկարահանվել եք մի քանի ֆիլմերում, որոնցից մեկում Ձեզ օգնել է ազերիների խոսվածքի իմացությունը:

- Ալբերտ Մկրտչյանը նկարահանում էր «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը: Նա մտածել էր ստեղծել մի տեսարան, ուր ազերի տղամարդը փախցնում էր իր հղի կնոջը, իսկ ֆիլմի հերոսներից մեկը, ով կամենում էր սպանել գերյալներին` կյանք էր պարգևում: Կինոբեմադրիչը հրավիրեց ինձ նկարահանվելու այդ դերում: Ուրախացա, որովհետև Ալբերտ Մկրտչյանի հետ շատ հաճելի է աշխատել: Նկարահանումներից մեկի ժամանակ մի դեպք տեղի ունեցավ, որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Գյուղում, ուր նկարահանվում էր ֆիլմը, մարդիկ հետաքրքրությամբ էին հետևում մեզ: Նրանցից մի քանիսը, կարծելով, թե ես իսկական ադրբեջանցի եմ, ով փախցնում է իր կնոջը, հարձակում գործեցին ինձ վրա: Պատերազմ ու գաղթ տեսած մարդիկ էին, տառապած մարդիկ, նրանցից շատերի աչքի առջև սպանել էին իրենց հարազատներին: Ինձ տեսնելով` վերականգնվեց նրանց հիշողությունը: Նրանք հարձակվել էին ինձ վրա, խփում էին: Բարեբախտաբար շուտով ամեն ինչ հարթվեց, ես մեծ դժվարությամբ ազատվեցի նրանց ձեռքից... Լեզվի իմացությունը օգնեց, բայց կարող էր նաև վնասել:

- Իսկ զվարճալի դեպքեր շա՞տ են եղել Ձեր կյանքում:

- Իհարկե, շատ են եղել: Կյանքում ողբերգականն ու զվարճալին միշտ իրար հետ են, իրար ձուլված: Մահացել էր մեր թատրոնի ճանաչված դերասանուհի, վաստակավոր արտիստուհի Աչիկ Մարտիրոսյանը: Միայնակ կին էր, զավակներ չուներ, Կապանում հարազատներ էլ չուներ: Ես որդիական պարտք էի զգում նրա հանդեպ, ուստի որոշեցի հուղարկավորել մեր ընտանեկան գերեզմանոցում: Մի քանի տասնյակ դերասաններով և մեր ընկերներով շարժվեցինք գերեզմանատուն: Շրջակա շենքերից մարդիկ նայում էին: Հանկարծ նկատեցի, որ փոստատան երկրորդ հարկից հուղարկավորներիս են նայում երկու կին: Նրանցից մեկը դարձավ մյուսին. «Ախչի, էս Աչիկն է մահացել»: Մյուսը պատասխանեց. «Չէ, չէ, ինչ ես ասում: Երևի նոր ներկայացման փորձն են անում, չես տեսնո՞ւմ, թե Աչիկն ինչքան լուրջ է պառկել դագաղի մեջ»:

- Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր զրույցի համար և հույս ունենալ, որ մի օր էլ մեր խմբագրությունում կհյուրընկալվեք:

- Ես էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում «Ավանգարդ» թերթին: Իհարկե, մի օր կգամ, ցույց կտամ իմ նոր մանրապատումները: Իսկ հիմա ուզում եմ մաղթել ձեր բոլոր ընթերցողներին անսպառ ժպիտ: Գիտնականները հաշվարկել են, որ 20 ժամ ժպիտը 10 տարով երկարացնում է մարդու կյանքը: Որպես ավարտ մեր զրույցի` իմ մի հայտարարությունը ներկայացնեմ. «Կեցցե˜ հայ և ադրբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը... Կրա´կ»...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ