Սոֆի ՄԻՐԶՈՅԱՆ Խենթ ժամանակը


ԵՐԵՔ րոպեի ընթացքում թեթև ձեռքով ստորագրվեց աշխատանքից ազատվելու հրամանս: Շատ անսպասելի ու հեշտ կորցրի 20 տարիների ձեռքբերումս: Սահեցի անապատի ավազի պես ու դուրս ընկա աշխարհի երկրաչափական հարթությունից: Կյանքի երկրորդ կեսում ամեն ինչ պետք էր սկսել նորից, տրվել խենթ ժամանակի անկանոն զարկերակին, համբերությամբ զինվել, հավատալ ցնորքներին և ուղտի երերուն քայլերով ընդառաջ գնալ հեգնող ճակատագրին: Օրը դեռ չէր ավարտվել: Հազար դուռ ծեծելուց հետո հուսահատված ու ուժասպառ, ծանրացած գլխով իջնում էի տուն, կրկին անգամ կորցնելով աշխատանք գտնելու հույսս: Չորրորդ հարկում փորձեցի որսալ վերելակը, երբ կոճակը սեղմեցի` դռներն արագ բացվեցին և նույն վայրկյանին էլ արհամարհելով շրխկացին դեմքիս: Մի պահ շունչս տեղը բերեցի ու աստիճանների հաշիվը պահելով բարձրացա վեր` հիսունչորս... վաթսունհինգ... վաթսունութ... յոթանասուներեք... ծանոթ մի ձայն թրթռաց ականջիս, «աշխատանք գտնելը ինչ է որ, մեկից մեկ, կարևորը հաշիվը ճիշտ պահելն է»: Յոթերորդ հարկում նորից հույսեր փայփայեցի վերելակի հետ, սեղմեցի կոճակը, չեկավ: Իննսունինը հաշվին կանգնեցի դռանս առաջ: Չուզեցի դուռը բացել, դատարկ պատերը հարյուրմեկերորդ անգամ կհռհռային ձախորդությանս վրա: Պետք էր հաշվել ու էլի բարձրանալ: Տանիքին հայտնվեցի հաշիվը կորցրած: Բարձր էր, շատ բարձր: Շենքի պռնկին էի: Աչքերս փակեցի: Ասես մեր գյուղի տան կտուրին լինեի: Առավոտվա շաղի մեջ թաթախված այգիները ժպտում էին, սարյակները արտերում ճղճղում, քամին վիճաբանում էր միջանցիկ զեփյուռի հետ, Լեռնապարը իր քոչարին պարում բաց կապույտի մեջ, կանաչն անսահման էր, գունային խաղ արևի փառավոր շողերի մեջ: Ամեն ինչ աստվածային էր ու աշխարհը իմը: - ժավե¯ելի սպի¯րտ: Իրականության կոշտ ու խռպոտ բասից ցնդեց հիշողությունս: Նայեցի ներքև, մարդը սև կետ էր, փոքր, աննշան: Անզորությունից գազանի նման ոռնացի քաղաքի վրա. «Դուք չար եք, մարդիկ, չար» ճչացի և ուժասպառ, անտուն շան պես կաղկանձելով փլվեցի շիկացած տանիքին: Հինգ... չորս...երեք...երկու... Կարևորը հաշիվը ճիշտ պահելն էր, բայց այս անգամ երկրագունդը հակառակ էր պտտվում, սխալ հաշիվների ու հաշվարկների վրա: Գլուխս տեղը չէր: Հեռախոսը զնգաց... փնտրում էի ու ոչ մի տեղից գրողի տարածը դուրս չէր գալիս: Աշխատանքի համար կանչում էին հարցազրույցի: Խոսում էի հուզված, չհասկանալով` ում հետ: Հինգերորդ հաշվին հեշտությամբ գլորվելով թրմփացի առաջին հարկ, գլուխս տեղն ընկավ ու միանգամից հիշեցի տատիս իմաստուն խրատները կյանքի դառը համի մասին: Հոսանքին հակառակ, հրմշտոցով ճեղքում էի մարդաշատ փողոցները: Տեղ հասնելուն պես խաչակնքեցի ու ներս մտա: Ձեռնարկատիրոջ մոտից դուրս եկա բախտս անիծելով: Մայթեզրին բախվեցի մի տարեց մարդու, ինքն էլ չտեսավ` արևին էր նայում: Օգոստոսի մեկն էր, իմ ու արևի խավարման օրը, միանգամից երեք մերժում ստացա: Ծխելու և դառը սուրճ խմելու ցանկությունը խեղդում էր կոկորդս: Վերջին գռոշներս զոհաբերեցի փարիզյան սուրճին: Ծուխը ագահաբար էի ներս քաշում: Պատահաբար Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում տեսա քեզ: Ձայնեցի երկու անգամ անունդ կրկնելով: Չլսեցիր: Վախեցա, որ կձուլվես աշխարհի անտարբերությանը ու միանգամից վեր թռա տեղիցս` սուրճը թափելով սփռոցին: Գլխիկոր քայլում էիր մտքերդ շաղ տալով եռացող ասֆալտին: Գոռացի վաղուց մոռացված անունդ: Ներսդ լույս վառվեց, երբ տեսար ինձ: Մինչ մեր միջև եղած տարածությունը կկրճատվեր մեկ քառորդով, արագ մաքրեցի արցունքներս` թաքցնելով մարդկային նվաստ թուլությունս: Հին ծանոթների պես ողջագուրվեցինք: Վերադարձել էիր հյուրախաղերից, անասելի հոգնած ու սպառված: Դիլիջանի ծաղիկներով հղիացած բնությունը չէր լցրել հոգուդ դատարկությունը: Մենակ էիր աշխարհի հետ, տխուր: Ես ինձ մոռացա: Համարձակ բռնեցի ձեռքդ ու սկսեցի ցնդած անցյալը վերհիշել: Դանդաղ բացվում էին հոգիդ սնուցող անոթները, ժամանակ առ ժամանակ ժպտում էին աչքերդ: Չգիտեմ` ուր էին տանում մեզ ծուռ փողոցները, մենք ուսերով գրկախառնված կտրում էինք վտանգավոր խաչմերուկները: Վերելակը այս անգամ սիրով իր գիրկն առավ երկուսիս: Դուռը բացվեց: Ինչ փույթ, թե պատերը կվայրահաչեն, պետքս չէր, ինչ գիտեին, թե բարի լույսը ինչ դաշինքի մեջ է երեկոյի հետ: Գինին փրփռաց, գավաթը քնքշորեն համբուրեց շուրթերս, թանձրացած արյունս վարարեց երակներիս մեջ: Երկինքր ճաքեց, լույսն ու խավարը բարեկամացան, մեջքիս թևեր աճեցին, և ես նորից բարձրացա վե¯ր... վե¯ր մինչև խավարած արևն... ու լույսի ստվեր որսացի: Արթնացա երջանկության համը շուրթերիս: Ծիծաղում էր ինձ վրա խենթ ժամանակը շշնջալով. «Վաղուց կորցրած մի բան ես գտել, շատ կարևոր մի բան, աշխատանք գտնելն ինչ է որ` մեկից մեկ»: