ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱԿ-Ը ՈՒ ՀՀՇ-Ն


Ղրղզստանում «գունավոր հեղափոխություն» կոչվող հեղաշրջումների ու հակահեղաշրջումների շարան է: Աշխարհն, իհարկե, հետևում է զարգացումներին, սակայն չի միջամտում: Տարիներ առաջ այս երկրում մեկը մյուսից ոչ ընտրական մեխանիզմով խլեց իշխանությունը: Նախկին նախագահը փախավ երկրից, իսկ նորը, առանց լեգետիմության պակասի կառավարեց: Ամիսներ առաջ էլ նրանի°ց խլեցին իշխանությունը: Սա ևս փախավ երկրից, բայց չհաշտվեց կորստի հետ ու հիմա նույն ձևով փորձում է հետ նվաճել իշխանությունը: Միայն վերջին օրերին անկարգությունների ու համատարած զանգվածային բռնությունների զոհ է դարձել ավելի քան ութսուն մարդ, ևս ավելի քան հազարը բուժօգնության են դիմել: Տասնյակ հազարավոր փախստականներ լքում են երկիրը: Ժամանակավոր կառավարությունը մասնակի զորահավաք է կատարում, իրավապահներին մարտական զենք կիրառելու իրավունք է տրված: Երկու մարզերում` Օշում ու Ջալալաբադում, արտակարգ դրություն է հայտարարված, գործում է պարետային ժամ: Իսկ ժողովրդավարական ու քաղաքակիրթ աշխարհը բավարարվում է այս մասին տեղեկանալով ու տեղեկացնելով: Պարզապես, այս երկիրը աշխարհաքաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում, ու բոլորի համար միևնույն է, թե ով ի վերջո կտիրանա իշխանությանը: Ղրղզստանը Իրաք կամ Աֆղանստան չէ, որ միայն Սադամ Հուսեյնի կամ Թալիբանի գոյությունը երկիր ներխուժելու ու «կարգ ու կանոն» հաստատելու ծանրակշիռ փաստարկ դառնա: Մեր երկրում գունավոր հեղափոխության արդեն երկու փորձ ձախողվել է` շնորհիվ ժողովրդի: Մենք` հայերս, հարմարվող ենք ու ընդվզում ենք միայն ծայրահեղ դեպքում կամ երբ ցանկալի արդյունքն ակնհայտ է: Միաժամանակ, ազգային այս մենթալիտետը նկատելիորեն փոխվում է արևմտյան անպատասխանատու ազատամտությունը զանգվածայնացնելուն զուգընթաց: Թեև ազատական հովերով տարված մեր երիտասարդների գործողություններն օրեցօր ավելի ու ավելի կտրուկ ու չգիտակցված են դառնում, սակայն մեր երկրում ղրղզական, վրացական կամ ուկրաինական սցենարները հազիվ թե կարող են աշխատել: Մեր երկիրը աշխարհաքաղաքական ուշադրության կիզակետում է, և անկայունությունը անթույլատրելի է: Բայցևայնպես, օրերս մտավախության նոր առիթ ներկայացավ£ Եվ ահա թե ինչու: Նախ, քաղաքական գործունեությանը առարկայորեն հրաժեշտ տված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, առանց տեսանելի պատճառի ու ասելիքի, հանդիպեց լրագրողներին և հայտարարեց, որ կողմ է բացառապես սահմանադրական եղանակով ու ընտրությունների միջոցով իշխանափոխությանը: Ապա Հանրապետություն կուսակցության միակ գործող անդամ Սուրեն Սուրենյանցը հրապարակեց իր խիստ որոշակի անհամաձայնությունները ՀԱԿ-ՀՀՇ-ի հետ: Ավելին, ասես այս ամենի «տրամաբանական» շարունակություն, լրատվություն տարածվեց, թե ՀՀՇ վարչության նիստում սկզբունքային ու ծանրակշիռ քննարկումներից ու բանավեճից հետո հրաժարական են տվել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Իսկ սա արդեն լուջ ահազանգ է, որ ԼՏՊ-ն մի այնպիսի պատուհաս է ցանկանում բերել մեր երկրի գլխին, որ խոհեմ, հայոց համազգային մտածողությամբ ՀՀՇ-ականները նպատակահարմար են գտնում օր առաջ հեռանալ նրա կողքից: Հետո ՀՀՇ լրատվական ծառայությունը մեկնաբանել էր, որ Ա. Զուրաբյանն առաջարկել է քննարկել իրեն վստահություն հայտնելու հարցը (՞), ինչը և մերժվել էր: Որ Արարատ Զուրաբյանի ղեկավարած ՀՀՇ-ն վաղուց էր անջրպետված ԼՏՊ-ից ու ցանկանում էր բնականոն քաղաքական գործունեություն ծավալել, հայտնի դարձավ դեռ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սակայն լևոնականները դարձյալ մեծամասնություն կազմեցին, ու ՀՀՇ-ն դուրս եկավ նախընտրական մրցակցությունից: Բոլորովին պատահական չէ, որ փախստական դարձած Վանո Սիրադեղյանը 2007-ի սեպտեմբերի 21-ից հետո ոչ մի անգամ անհրաժեշտություն չունեցավ իր խոհերը ներկայացնել Ավետիս Հարությունյան ստորագրությամբ, ինչպես դա մինչ ԼՏՊ-ի անփառունակ վերադարձը, անում էր պարտաճանաչ պարբերականությամբ: Պատահական չէ նաև, որ լևոնական խաղերին ի սկզբանե չեն մասնակցում Արա Սահակյանն ու Բաբկեն Արարքցյանը: Գռզոների ֆինանսական անկումն ու Խաչատուր Սաքիասյանի բացակայությունը երկրից ևս ՀՀՇ-ն ՀԱԿ-ի վերածածների խղճին է: Հիմա պարզվում է, որ նրանց վեջին զոհը դառնում է հենց ՀՀՇ-ն, քանի որ ԼՏՊ-ին արդեն կուսակցություն է պետք: Ու այս մարդը համարձակվել է պղծել Չարենցի խոսքը, թե «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»: Տխրահռչակ մարտի 1¬ից ամիսներ առաջ պաթետիկ տոնով արտասանված այս տողն արդյո՞ք չէր հուշում, որ դեռևս այն ժամանակ նա տեղյակ էր, իմա` ծրագրել էր զոհեր` իր քարոզաերթում£

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ