«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Պահապան օձը


Ես չգիտեմ` Հայաստանում կամ Արցախում արմավենի աճո՞ւմ է որևէ վայրում, սակայն կար մի վայր, ուր աճել էր փյունիկյան արմավենի. դա Արցախի Մատաղիս գյուղում էր (հիմա վստահ չեմ ծառը կա՞, թե` չէ)£ Գյուղի բուսականությունը մի լավ ուսումնասիրելուց, բոլոր ծակ ու ծուկերը մտնելուց հետո ռմբահարված տան բակում հայտնաբերում եմ արմավենի` դեռ չհասած պտուղներն էլ վրան£ Մատաղիսում ամեն ինչ աճում էր` նուռ, թուզ, խաղող, արքայախնձոր, դափնեվարդ... սակայն արմավենին զարմանալի էր£ Զարմանքն ու հայտնագործությունս հայտնեցի աշխարհ տեսած մի փոխգնդապետի, ով ծիծաղեց ու վստահեցրեց, որ իմ ծառը չի կարող արմավենի լինել£ Ես պնդեցի, և գործը հասավ գրազի£ Հաջորդ օրը փոխգնդապետին և ևս մի քանի սպաների «առաջնորդեցի» հայտնագործման վայր. մենք ծառից երկու¬երեք մետր հեռավորության վրա էինք, փոխգնդապետն ապշած էր£ Ծառից մենք բաժանված էինք մոշի խճճված թփերով, երբ փորձեցինք ճանապարհ հարթել, որպեսզի մոտենանք ու շոշափենք ծառը` մի հսկայական օձ սկսեց բնին փաթաթված վեր բարձրանալ£ Թփերի սուր ճանկերը հաղթահարելը հասարակ վտանգ էր, իսկ ահա օձը հասարակ օձ չէր` իր թույնի ուժգնությամբ աշխարհում երկրորդն է` Կովկասյան (Թալիշյան) գյուրզա£ Օձին հեռացնել չհաջողվեց, հետ դարձանք£ Սպաներից մեկը նկատեց, որ օձն իջնում է£ Մենք կրկին վերադարձանք ծառի մոտ ու երբ երկու մետր հեռավորության վրա էինք` օձը նորից սկսեց բարձրանալ բունն ի վեր£ Այդ օրը մի քանի անգամ կրկնեցինք, ուզում էինք հասկանալ օձի վարքագիծը£ Վերադառնալիս արդեն զարմանում էինք ոչ թե արմավենու, այլ օձի համար£ Ես գրազը շահեցի, բայց կրակն ընկա£ Փոխգնդապետը սևեռվել էր արմավենու ու օձի «ինտիմ» կապը պարզելու մտքի վրա£ Գրեթե ամեն օր, ընթրիքից առաջ նստում էինք նրա ծառայողական մեքենան ու գնում արմավենու մոտ£ Ինչպես առաջին օրն էինք տեսել օձին, այնպես էլ բոլոր օրերին£ Ես արդեն նզովում էի «հայտնագործությունս», ինձ համար շատ տճահ էր դատարկ ստամոքսով թրև գալը£ Ամառն անցավ£ Ծառի պտուղների գույնը փոխվել էր, հետաքրքրությունը մեզ սպանում էր, բայց ծառին մոտենալն անհնարին էր դեռ£ Փոխգնդապետը կարծում էր, որ ժամանակն է կտրուկ միջոցներ ձեռնարկել£ Հերթական անգամ ծառայողական մեքենան սպասում էր, որ գնանք, փոխգնդապետը չհիկզվող պահարանից վերցրեց ատրճանակը, իսկ ինձ հրահանգեց, որ հերթապահից ստանամ ինձ ամրակցված զենքը£ Մենք գնացինք£ Օձը դուրս եկավ, փաթաթվեց ծառի բնին ու վեր բարձրացավ£ Վերադասս մի քանի հարկանի հայհոյանքներ տվեց օձին, ապա ատրճանակը հանեց ու սկսեց կրակել£ Օձի պետքն էլ չէր. նա երկինք էր կրակում և սպառեց փամփուշտները£ Հետո ինձ հրամայեց, որ կրակեմ£ Ես պատճառաբանեցի, որ դիպուկ չեմ կրակում, իսկ նա պահանջեց զենքս£ Ես չէի կարող զենքս տալ, քանի որ չէի հիշում համարը (կանոնակարգով, երբ վերադաս հրամանատարը պահանջում է ամրակցված զենքը` ենթական պետք է ասի տվյալ զենքի մակնիշն ու սերիական համարը և հետո միայն փոխանցի)£ Դատարկ պահունակով ատրճանակը ուղղել էր վրաս ու պահանջում էր կա°մ զենքը տամ, կա°մ կրակեմ£ Վերջապես ես խելացի հակաճառություն արեցի. չէ՞ որ ծառը կվնասվի£ Սակայն ես ծառից բացի, նաև օձին չէի ուզում սպանել£ Փոխգնդապետի բարձրաձայն գոռոցից նույնիսկ օձը ցնցվեց, նա ինձ մարտական հրաման տվեց. - Կրա°կ£ Ես մի քանի անգամ աչքերս փակեցի ու բացեցի, ապա ամեն ինչ մոռացած նշան բռնեցի, իսկ երբ ձգանը քաշում ես` զենքի «հաճելի օրորից» դառնում ես սպանող£ Կրակահերթը ոչ միայն օձին գետնեց, այլ նաև ծառի ճյուղերի ու բերքի կեսը£ Հսկայական գյուրզան փայտացել էր, իսկ դուրս չռված ատամի ծայրին կաթիլվել էր նրա ողջ թույնը£ Ամեն ինչ ավարտվեց£ Զարմանալի ու հետաքրքիր ոչինչ չմնաց ու նույնիսկ փոխգնդապետը հանգեց այն մտքին, որ լավ էր ամեն ինչ մնար առաջվա պես ու գյուրզան օձավարի պահպաներ այն£ 27.09.1999 թ. , Մատաղիս Հ. Գ. Անիմաստ վատնված փամփուշտների համար երկուսս էլ պատժվեցինք£ Փոխգնդապետը ստացավ նկատողություն, իսկ ես 3-օրյա «հանգիստ»` հաուպվախտում£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ