ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ


ՀԱԿ-ՀՀՇ-ական նեոբոլշևիկներն արդեն համոզվել են, որ մարտյան իրադարձությունները կազմակերպողների սադրանքները սքողող ու իշխանությունների անպատասխանատու մեղավորութ յունը շեշտող իրենց ստվարազեկույցները, Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ հայտնած «մտահոգություններն» ու արտաքին մարտահրավերները «հաղթահարելու» մասին Արևմուտքի թելադրանքով հրապարակած մտորումներն այլևս հասարակական հետաքրքրություն չեն առաջացնում: Հանրային կարծիքը խեղաթյուրելու միջոցով ներքաղաքական լարվածությունը չթուլացնելու իրենց առաջադրանքը նեոբոլշևիկները հիմա էլ փորձում են իրագործել այլոց դիմակի տակ ծպտված: Մասնավորապես, անցած չորեքշաբթի արմատական ընդդիմությանը սպասարկող բոլոր լրատվամի ջոցները, արդեն զարմանք չհարուցող միահամուռությամբ ռուսական «Ռեգնում» գործակալությանը հղում անելու հնարքով, մի կեղծ «տեղեկանք» հրապարակեցին: Աչքի ընկնելու մղումներով ու շտաբի դոբրոյով` նեոբոլշևիկների երիտասարդ ակտիվիստներից մեկն իր «վերլուծական» թոթովանքը համարձակվել էր ներկայացնել իբրև «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում» վերնագրով ինֆորմացիոն տեղեկանք: Նաև հանդգնել էր պնդել, թե իր ցնդաբանությունը քննարկել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը: Այս ամբարտավանությունն այնչափ արտառոց էր, որ տեղեկատվական սադրանքին արձագանքեց նաև մեր երկրում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն. - Ծանոթացել եմ այդ հրապարակմանը, բայց չեմ կարող այն ՌԴ բարձրագույն իշխանությանը ներկայացնելու համար պատրաստված տեղեկանք համարել: Դա հապճեպ սարքված լրագրողական օպուս է` վերլուծականի հավակնությամբ: Շարադրանքը կցկտուր է, «փաստերը» հնարված են, համադրումներն ու եզրակացությունները մակերեսային, հակասական ու անտրամաբանական: Շեշտելով, որ հոդվածի հեղինակը կամ պատվիրատուն, ուշադրություն գրավելու նպատակով, այլ աղբյուրի հղում կատարելու հայտնի լրագրողական հնարքն է օգտագործել, դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նաև հակադարձեց միջպետական խարդավանքներ հրահրելու փորձին. - Արտաքին ճնշումներին, կոնյունկտուրային դատողություններին չենթարկվող ռուս¬հայկական դաշնակցային ամուր հարաբերությունները խորացնելու ու զարգացնելու համար կարևոր է հաստատել ուղեգիծ, որը կբացառի երկկողմ գործակցությունն արժեզրկելու հնարավորությունը: Արտաքին ու ներքին ճնշումներից մեր հարաբերությունները պաշտպանելու հետևողականությունը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի կայուն զարգացման երաշխիքն է, իսկ Ռուսաստանի համար դա առաջնահերթություն է: «Բանակը կանցնի ԼՏՊ-ի կողմը» վերտառությամբ մամուլի այս հրապարակման արդյունքում արմատականները ոչ այնքան կարողացան ներկայացնել, թե ինչպես են տեսնում ներքաղաքական զարգացումների առաջիկա ընթացքը, որքան բացահայտեցին, թե իրադարձությունների հաջորդականության ինչպիսի ընթացք կցանկանային տեսնել: Նեոբոլշիկները, պարզվում է, հաշվարկել են, որ իրենք իշխանության կարող են գալ միայն երկու անհրաժեշտ պայման ապահովելու դեպքում: Նախ պետք է գործող իշխանությունը չվայելի Ռուսաստանի քաղաքական վստահությունը, ապա և` ամեն գնով պետք է լարել ղարաբաղյան սառեցված հակամարտությունն այնքան, որ պատերազմն անխուսափելի դառնա: Առանց աշխարհաքաղաքական ու ռազմավարական դաշնակցի պատերազմական գործողությունների մեջ մտնելու դեպքում Հայաստանի, հայության, պետականության ու ժողովրդի ճակատագիրը նեոբոլշևիկներին ակնհայտորեն չի էլ հետաքրքրում: Պատերազմական իրավիճակից բխող միակ հետևությունը, որ արմատականներն արել են, այն է, թե ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում իրենք ներքաղաքական լարումը կհասցնեն գագաթնակետին և հասարակական ճնշման բողոքի ալիքը կստիպի, որպեսզի բանակն ու ներքին զորքերն անցնեն ԼՏՊ-ի կողմը: Այսինքն, երբ Արցախում հայ ժողովուրդը` բոլոր ուժերը գումարած դիմակայի Ադրբեջանի պարտադրած ագրեսիային, թիկունքում` մայրաքաղաքում, գործելու է «հինգերորդ շարասյուն», որը պատերազմական իրավիճակն օգտագործելու է իշխանության գալու համար: Ազգային անվտանգությանը սպառնացող իր այս նկրտումները ՀԱԿ-ՀՀՇ-ն այլևս չի էլ թաքցնում: Նեոբոլշևիկները մեկ բառ անգամ չեն ասում, թե պատերազմի վերսկսումը կանխելու համար ինչ է պետք ձեռնարկել: Ցավով նշել են միայն, որ այս սցենարի իրականացումը նախագահ Սերժ Սարգսյանը կարող է խոչընդոտել, եթե կարողանա իշխանությունը փոխանցել Հովիկ Աբրահամյան -Գագիկ Ծառուկյան տանդեմին: Շեշտելով «ղարաբաղցիների կլանային» իշխանությունից ազատվելու, Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի հովանավորությունից զրկելու անհրաժեշտությունը, արմատականները խոստովանում են իրենց իրական մտավախությունը, որ նախագահական ընտրությունների ժամանակ, ցանկացած պարագայում, լինելու են երկրորդական դիրքերում: Արևմուտքին համոզելու համար, որ նոր հովանավորյալներ չփնտրի, նեոբոլշևիկները հետևողականորեն ժխտում են նաև Աբրահամյան-Ծառուկյան տանդեմի շանսերը: Թեև այս զույգի ընտրական դաշինքը, այն էլ խորհրդարանական ընտրություններից հետո, իրականում գրեթե անհնարին է, սակայն արմատականներն իրենց արևմտյան ստնտուներին փորձում են հետ պահել այս գործիչներին միավորելու ջանքերից: Այս նպատակով ընդգծում են, որ նրանք թեև իրենց պես չեն մասնակցել Ղարաբաղի պատերազմին ու չունեն տարածքները չհանձնելու բարոյական խնդիր, ռուսամետ չեն, պարտավորություններ չունեն Մոսկվայի առջև, կարող են գործի դնել «Ամեն ինչ` հանուն խաղաղ կյանքի» կարգախոսը ու ողջունել Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգի մասը դառնալու ուղեգիծը, սակայն չեն կարող ՀԱԿ-ՀՀՇ-ից լավ կատարել «առանց պատերազմի` Արևմուտքի հետ» դոգման, քանի որ բանակն ու ներքին զորքերը չեն անցնի նրանց կողմը: Հայաստանի ու Ռուսաստանի միջև սեպ խրելու ծառայությունը Արևմուտքին մատուցելու համար էլ նեոբոլշևիկերը ուղղակի հուշել են, թե ինչպես է դա հնարավոր: Ըստ ՀԱԿ-ՀՀՇ-ի, Արևմուտքը պետք է կարողանա Ռուսաստանին ստիպել, որ նա չկատարի Հավաքական անվտանգության պայմանագրով Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունը և պատերազմի դեպքում չաջակցի մեր երկրին: Դա Ռուսաստանը կարող է անել` պատրվակ ունենալով, որ պատերազմական գործողությունները ծավալվում են ոչ թե Հայաստանի, այլ ՀԱՊԿ գոտուց դուրս համարվող ԼՂՀ տարածքում: Հետևանքները խիստ կանխատեսելի են: Հայ-ադրբեջանական հակամարտությանը, բացի ռազմականից, Ռուսաստանի ցանկացած այլ մասնակցություն արմատականները կներկայացնեն որպես դավաճանություն և կստանան արդարացված հնարավորություն` ռուսական բոլոր ռազմական ենթակառուցվածքները Հայաստանից դուրս բերելու պահանջով բողոքի ցույցեր կազմակերպելու համար: