Բազեն կրկին ճախրում է


Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում մեկնարկեց «Բազե-2008»-ը: 18-ից 30 տարեկան շուրջ 650 մասնակից երիտասարդների նորից մեկտեղել է Համահայկական երիտասարդական հավաքը: Այս տարի այն հագեցած է նոր ծրագրերով, և մասնակիցներն ավելի ոգևորված են: Հավաքի նպատակը նույնն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին համախմբել հայրենյաց հարկի ներքո: Հայաստանի, Արցախի, Ջավախքի և աշխարհի այլ ծագերից եկած երիտասարդները մարզական, մշակութային, ինտելեկտուալ և այլ մրցույթների միջոցով է°լ ավելի են սերտացնում կապերը, խորացնում տպավորությունները և ջերմացնում հարաբերութ յուններն Հայրենիքի հետ: Սկիզբը խոստումնալից էր: Նախագահի և Վեհափառի շնորհավորական ուղերձներն անչափ ոգևորեցին «Բազե»-ականներին: Իսկ ՀՀ վարչապետն իր ներկայությամբ էր պատվել մեկնարկը: Նա առաջին անգամ էր «Բազե»-ում ու չկարողացավ թաքցնել իր հիացմունքը` - Ես տպավորված եմ այն խանդավառությունից, որ կա ձեր շարքերում: Այն արժեքները, որ կա ձեր մեջ, հենց այդպիսի Հայաստան էլ դուք կերտելու եք: Ես ոգևորված եմ նաև, որ հենց այս գաղափարները կան նորաստեղծ Հայաստանի հիմքում: Ուրախ եմ, որ այս հավաքները հնարավորություն են ընձեռում` աշխարհասփյուռ հայերին համախմբելու: Ձեզ բարի թռիչք: Ի դեպ, ամեն տարի «Բազե»-ում կազմակերպվում է արյունատվության ակցիա, և այս տարի առաջին դոնորը եղավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Բազե-2008» երիտասարդական հավաքի կարևոր շեշտադրումներից մեկը քրիստոնեական հավատի քարոզն է: Ընթացքում հավաքի մասնակիցներին իր օրհնությունը կբերի նաև Վեհափառ հայրապետը, կազմակերպվելու է ուխտագնացություն «Սուրբ Գայանե» եկեղեցի, որտեղ և կմկրտվեն այն երիտասարդները, ովքեր ցանկություն կհայտնեն: Հայաստանի հիասքանչ բնության գրկում անցկացրած անմոռանալի օրերը, ինչ խոսք, անջնջելի հուշ կդառնան հայ երիտասարդների հիշողություններում: Ամենակորևորը` հատկապես հեռավոր Սփյուռքում բնավորված հայ զավակների համար Հայրենիքն այսուհետ չի լինի իբրև անհաս երազ: