Փաստում է ՀՀ գլխավոր դատախազությունը Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հաշվառվել են որպես նպաստառու


ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչության վերահսկողության բաժնի ներկայացրած ակտերի կապակցությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցել է քրեական գործեր` կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, փաստական հանգամանքների քողարկմամբ որպես նպաստառու հաշվառվելու եւ խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դեպքերի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Աշոտ Հովսեփյանը, 2005թ. փետրվարից աշխատելով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի փոստային մասնաճյուղում որպես ուղեկցող, թաքցնելով իր զբաղվածության փաստը, ակնհայտ կեղծ տեղեկանքներ ներկայացնելով Եղեգնաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն, հաշվառվել է որպես նպաստառու և 2005-2007թթ. ընթացքում գործակալությունից ստացել է 380.000 դրամ գումար, այսինքն` ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու միջոցով խաբեությամբ պետությու նից հափշտակել է զգալի չափի գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին եւ 325-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության եւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: Մեկ այլ դեպքով հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ժան Մովսիսյանը և նրա ծանոթ, «Գյումրի 1» սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի տեղակալ Ռաֆիկ Քոթանջյանը նախնական համաձայնությամբ թաքցրել և 2007-2008թթ. ընտանիքի անապահովության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկում չեն ներառել Ժան Մովսիսյանի կողմից 2006թ. ապրիլի 14-ին ձեռք բերված ԿԱՎԶ-685 մակնիշի ավտոբուսը, ինչի հետևանքով Ժան Մովսիսյանն ընդգրկվել է նպաստառուների ցուցակում եւ ապօրինի ստացել պետական նպաստների զգալի չափի` ընդհանուր առմամբ 286.000 դրամ գումարը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործերն ուղարկվել են ոստիկանության քննչական մարմիններ` նախաքննություն իրականացնելու համար: