ՓՐԿՕՂԱԿ` ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ


Անցած շաբաթվա քաղաքական անցուդարձերի մեջ բացառիկ նշանակություն ունեին երկու հրապարակային ելույթ: Առաջինը Նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածն էր` միջազգային մեծ հեղինակություն վայելող «Վելլ սթրիթ Ջոռնել» թերթում, երկրորդը նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: Գործող ու նախկին նախագահների երկու հրապարակային ելույթների մեջ արտաքուստ տրամագծորեն հակադիր մի մոտեցում կար: Սերժ Սարգսյանը առաջարկում էր, իր բառերով, «Թուրքիայի կառավարության ու ժողովրդի հետ երկխոսության նոր սկիզբ, նոր փուլ` նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները և բացել մեր ընդհանուր սահմանը»: Նա նաև մամուլի միջոցով համաշխարհային հանրությանը տեղեկացնում էր, որ իբրև երկու պետությունների հարաբերությունների բնականոնացման առաջին քայլ` իր թուրք պաշտոնակից Աբդուլլա Գյուլին հրավիրել է Երևան` սեպտեմբերի 6-ին միասին դիտելու Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը: Նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում, որպես հերքում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի համառ այն պնդումների, թե իբր ինքը «շարունակո¯ւմ է ղեկավարել երկիրը», 2-րդ Նախագահը հայտարարում էր. «Դա բացարձակ սուտ է…Եթե դա այդպես լիներ…հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երևան` ֆուտբոլ դիտելու»: Ռոբերտ Քոչարյանի այս արտահայտությունն էր, որ առաջացրել էր մեր ամբողջ ընդդիմադիր դաշտի անթաքույց հրճվանքը: Ընդդիմադիրները դրա մեջ ձգտում էին տեսնել իրենց համար անչափ ցանկալի հակասություն` ներկա ու նախկին նախագահների միջև: Բարեբախտաբար, խախտելով տխուր ավանդույթը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շարունակում են պահպանել մարդկային նորմալ հարաբերություններ: Այնպես չէ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ հասարակությունն անզեն աչքով էլ տեսնում է, որ 1-ին Նախագահը ծայրահեղ թշնամական վերաբերմունք ունի 2-րդ Նախագահի նկատմամբ: Այդ թշնամանքին անդրադառնալու այլ առիթներ, հավանաբար, դեռ կունենանք, սակայն տեղին է շեշտել, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրապարակավ գործող Նախագահին հակադրվելը, Թուրքիայի ղեկավարության վրա հավելյալ ճնշում գործադրելու ենթատեքստ ունի: Այսինքն` Հայաստանում ամենևին էլ ոչ բոլորն են համաձայն Թուրքիայի նկատմամբ մեր պետության վերաբերմունքի հնարավոր մեղմացմանը, դրան դեմ է նույնիսկ էքս Նախագահը: Այս հնարավոր ընդդիմախոսությունը կանխատեսված է նաև Սերժ Սարգսյանի հոդվածում. «Հասկանալի է,- գրում է ՀՀ Նախագահը,- այդ ընթացքում երկու կողմում էլ կարող են լինել քաղաքական խոչընդոտներ, սակայն այժմ մենք պետք է գործելու քաջություն ու տեսլական ունենանք»: Սրանով նա դիվանագիտական շատ նուրբ քայլ է կատարել: 1-ին` աշխարհին ցույց է տվել, որ իր թուրք հարևանի հետ հարաբերությունները բնականոնացնելու Հայաստանի ղեկավարության բարի կամքն ու վճռականությունը առկա են: 2-րդ` Թուրքիայի նախագահին հրավիրել է ոչ թե պաշտոնական այցի, ինչն անհնար է, քանի դեռ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, այլ` զուտ որպես… ֆուտբոլասեր: 3-րդ` համաշխարհային հանրությանն ի լուր հայտարարել է, որ ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու ընթացքում ինքն իր թուրք պաշտոնակցից ակնկալում է միանգամայն լուրջ խոսակցություն` երկու երկրների միջև կուտակված քաղաքական ու տնտեսական խրթին հարցերի լուծման, անգամ մեր ընդհանուր անցյալի, իր բառով` «ամենազգացական խնդիրներին» անդրադառնալու համար հանձնաժողով ստեղծելու և «արդյունավետ երկխոսություն» սկսելու մասին: Աբդուլլա Գյուլը, ամենայն հավանականությամբ, կընդունի սեպտեմբերի 6-ի ֆուտբոլային մրցամարտը համատեղ դիտելու Սերժ Սարգսյանի առաջարկը: Աբդուլլա Գյուլը չի կարող Երևան ժամանել զուտ որպես պարզ ֆուտբոլասեր և խույս տալ Սերժ Սարգսյանի հետ շատ ավելի լուրջ խոսակցությունից, քան ֆուտբոլն է: Քանզի Հայաստանի Նախագահը Թուրքիայի իր պաշտոնակցի Երևան ժամանելուց մոտ մեկ ամիս առաջ հստակորեն սահմանել է հարցերի այն շրջանակը, որ ինքը կուզենար քննարկել իր թուրք պաշտոնակցի հետ: Աբդուլլա Գյուլին հրավիրելու և հայ-թուրքական հարաբերությունների անցյալին վերաբերող համատեղ հանձնաժողովի ստեղծման հարց քննարկելու ՀՀ նախագահի մտադրությունը բավական մեծ աղմուկ առաջացրեց: Պնդողներ եղան, թե իբր հայկական կողմը «սկզբունքային զիջման է գնում»` թուրքերին հնարավորություն տալով պատմաբանների հանձնաժողովի ուսումնասիրությունների տևական ձգձգումների պատրվակով «թաղելու» Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: Քաղաքական, հասարակական ու մշակութային որոշ գործիչներ նույնիսկ շտապեցին Հայաստանի Նախագահին մեղադրել նրա այս չակերտյալ «զիջողամտության» համար: Այստեղ, սակայն, ոչ մի «զիջողամտության» խնդիր չկա: Որովհետև Սերժ Սարգսյանի կողմից հարցն ամենևին այդ «հանձնաժողովի» շրջանակով չի սահմանափակվում, ինչպես դեռ շուրջ 3 տարի առաջ Նախագահ Քոչարյանին հղած նամակում առաջարկում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Հայաստանի նոր Նախագահը, առանց որևէ տարակույսի տեղ թողնելու` հստակորեն կարևորում է միջպետական, քաղաքական ու տնտեսական հարաբերությունների նորմալացումը և միայն ու միմիայն այդ համապատկերում է հնարավոր համարում անցյալը քննող համատեղ հանձնաժողովի ստեղծումը: Այսինքն, Թուրքիայի հանդեպ մեր պետության արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է: Այն է` հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, բացենք սահմանը, վերջ տանք հայ-թուրքական հարաբերութ յունները հայ-ադրբեջանական հակամարտությամբ պայմանավորելու անհեթեթությանը և միայն դրանից հետո կամ դրան զուգահեռ` զբաղվենք պատմական անցյալի ուսումնասիրմամբ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղած իր նամակով, մեր երկրների միջպետական հարաբերությունների կարգավորման հարցը կախման մեջ էր դրել այդ հանձնաժողովի աշխատանքից: Դրան համաձայնելն անհնար էր, քանի որ տվյալ հանձնաժողովը, Աստված գիտե, ե՞րբ պետք է ստեղծվի, քանի՞ տարի պետք է աշխատի և հայտնի էլ չէ` ընդհանուր եզրակացության կհանգի՞, թե՞ ոչ: Մինչդեռ օրավուր ավելի ակնհայտ է դառնում, որ 2 հարևան պետությունների հարաբերությունները չեն կարող շարունակ մնալ դեռ չստեղծված այդ հանձնաժողովի` առայժմ անհայտ եզրակացության պատանդը: Սերժ Սարգսյանը, ահա, թուրքական կողմին «փրկօղակ» է նետել` դուրս գալու Էրդողանի մոգոնած «պատմաբանների հանձնաժողովի» հիպնոսային ազդեցությունից, սթափվելու և առաջ գնալու, ոչ թե… հետ նայելու: Պաշտոնական Անկարան ինչպե՞ս կօգտագործի իրեն նետված այդ «փրկօղակը»` կտեսնենք առաջիկայում:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ