Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ Թե՞ ներքաղաքական նոր զարգացումների սկիզբ


Հուլիսի 3-8-ը կայացած` ՀՅԴ բյուրոյի լիագումար նիստում ընդունված հայտարարության մեջ ընդգծվում է հայաստանյան ներքաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ստանձնելու կուսակցության հանձնարարությունը: Ողջունելով Սփյուռքի նախարարության ստեղծումը` ՀՅԴ բյուրոն նաև իր վերաբերմունքն է հայտնել Հայաստանի նախագահի թուրք գործընկերոջը` Երևան հրավիրելու առնչությամբ: «ՀՅԴ բյուրոն հաստատակամ է, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ, և բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որևէ բարձրաստիճան պաշտոնյա այս խնդրում այլ մոտեցում ունենա»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ: Թե° Հայաստանում, թե° Թուրքիայում մեկ անգամ չէ, որ կարևորվել է հարևան երկրների հարաբերությունների բարելավումը: Դրանում շահագրգիռ են նաև Եվրամիությունը, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Հասկանալի է նաև Ս. Սարգսյանի հիշյալ հայտարարությանը ՀՅԴ արձագանքը: Մշտապես և° միջազգային թատերաբեմում, և° հայաստանյան ներքաղաքական կյանքում, և ընդհանրապես հայ իրականության մեջ հանդես գալով Հայ դատի, ցեղասպանության հարցերում պահանջատիրոջ կեցվածքով, Դաշնակցությունը չի կարող խանդով չվերաբերվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված որևէ նախաձեռնության, որն արվել է ոչ իր կողմից, ոչ իր ջանքերով: Եվ նման ցանկացած քայլի մեջ, բնականաբար, վտանգ կտեսնի ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: Այսօր թուրքական մամուլում ասվում է, որ Հայաստանի նախագահի հիշյալ առաջարկը գտնվում է քննարկման փուլում: Բացառված չէ, որ այն ընդունվի. համենայն դեպս այդ հարցում բավականին մեծ ճնշում կա Թուրքիայի վրա: Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի` ազգությամբ թրքուհի կինը Գյուլին հիշեցնելով նրա` արտգործնախարար աշխատելու ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, սահմանը բացելու օգտին արված հայտարարությունը, կոչ է արել չդավաճանել իր սկզբունքներին: Հիմա հարցական է, թե ինչպես կվարվի ՀՅԴ-ը, եթե Թուրքիան ընդունի հրավերը և Երևանում կայանա Ս. Սարգսյան-Ա. Գյուլ հանդիպումը: Հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը հանդես բերի իր վերոհիշյալ հայտարարության ոգուն համապատասխան վարքագիծ ու որպես իշխանութ յանն ուղղված բողոքի նշան, դուրս գա կոալիցիայից: Բայց եթե մեր հիշողությունը չի դավաճանում, տարբեր առիթներով դաշնակցությունն անցյալում կոալիցիայից դուրս գալու անհետևանք սպառնալիքներ նույնպես արել է… Իհարկե, այս անգամ այդպիսի սպառնալիք բառացի չկա ՀՅԴ հայտարարության մեջ, սակայն ինչպե՞ս հասկանալ «Բացառված է, որ… այս խնդրում այլ մոտեցում ունենա» արտահայտությունը: Գուցե ազգային հարցերում նախանձախնդիր կեցվածքի պահպանման ջղաձիգ քա՞յլ: Նշենք, որ ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների, Սերժ Սարգսյանին` խնդրո առարկա հայտարարությունը կասկածի տակ չի առնում ցեղասպանության փաստը: Խոսքը ցեղասպանության հետևանքները վերացնելու վերաբերյալ քաղաքական հարցերի քննարկման և դրանց շուրջ համաձայնության ուղիներ գտնելու մասին է: Ինչևէ: Թե ինչ կտա Հայաստանի նոր` «ֆուտբոլային» դիվանագիտությունը, ցույց կտա մոտակա ապագան. Հայաստանին և Թուրքիային կհաջողվի՞ հարթել պատմական կնճիռները, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև ղարաբաղյան հիմնահարցում, թե՞ մեր ներքաղաքական կյանքում նոր զարգացումների ականատեսը կլինենք: Զինվենք համբերությամբ, սեպտեմբերի 6-ը յոթ սարի հետևում չէ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ