Իմաստուն «թագավորը»


Գիտական առաջընթացի մեր ժամանակներում թագավորները ստիպված չեն դերվիշի հանդերձով շրջել` իրենց մասին «հպատակների» կարծիքն իմանալու: Դե, ժողովրդի կարծիքը նրանց չի էլ հետաքրքրում. լավագույն դեպքում բավարարվում են յուրայինների շաղակրատանքներով: Բայց բացառություններ լինում են նույնիսկ մեր ժամանակներում:

Դիցուք` Նորվեգիայի վարչապետը:

Յենս Սթոլթենբերգը մոտ մեկ ամիս առաջ տաքսի է վարել: Էականն այն չէ, որ վերջին 8 տարում նա առաջին անգամ է մեքենա վարել, այլ նպատակը: Վարչապետը կերպարանափոխվել է, որպեսզի անձամբ շփվի շարքային քաղաքացիների հետ, որոնցից 2-3 ամիս հետո վստահության քվե է խնդրելու: Այս մասին Սթոլթենբերգն ինքն է պատմել լրագրողներին:

- Ինձ համար կարևոր էր լսել, թե իրականում ի՞նչ են մտածում մարդիկ,- հայտարարել է նա:

Ուղևորները չեն էլ կասկածել, թե ով է արևային մուգ ակնոցով ու տաքսիստի համազգեստով իրենց վարորդը և անկեղծացել են տարբեր թեմաների շուրջ: Իջնելիս, սակայն, շատերը նկատել են, որ նա տարբերվում է իր մյուս «գործընկերներից»: Նրանց տարակուսանքը, սակայն, գագաթնակետին է հասել, երբ «վարորդն» իրենցից գումար չի վերցրել:

Սթոլթենբերգի ուղևորափոխադրման ողջ ընթացքը նկարահանվել է փակ տեսախցիկով: