Հիտլերը, Ստալինն ու Սադամը` սարսափների չափանիշ


Անցյալ շաբաթ գերմանական հեռուստատեսությամբ և կինոթատրոններում 45 վայրկյան տևողությամբ տեսանյութ է ցուցադրվել` ընդդեմ չպաշտպանված սեքսի ազգաբնակչության զգոնությունը բարձրացնելու նպատակով: Եվ սյուժեն ԳՀ-ում ու եվրոպական այլ երկրներում ոչ միանշանակ արձագանքներ է հարուցել: ՁԻԱՀ-ի վիրուսակիրներն ընդվզել են, որ այդ գովազդը դարիս չարիք համարվող այդ հիվանդությամբ տառապողներին նույնացրել է նշանավոր բռնակալների հետ: Իսկ տեսաժապավենի բովանդակությունը հետևյալն է. երիտասարդ կնոջ հետ «սեր անող» տղամարդու դեմքը տեսաժապավենի վերջին կադրերում նմանվում է Ադոլֆ Հիտլերին, ու նույն պահին էլ էկրանին մակագրություն է հայտնվում` «ՁԻԱՀ-ը զանգվածային մարդասպան է»: Գերմանական RegenbogeneV ընկերությունը թողարկել է ժապավենի այլ տարբերակներ ևս, որոնցում Հիտլերի փոխարեն ցուցադրվում են Իոսիֆ Ստալինի, Սադամ Հուսեյնի դեմքերը: Գովազդի հեղինակները պարզաբանել են, որ այդ կերպ ցանկացել են ընդգծել, թե որքան սարսափելի է ՁԻԱՀ-ը (տեղեկացրել է Guardian-ը):