2014-ին` Ռիգան և Ումեոն


Հյուսիսային Շվեդիայի Ումեո քաղաքը երաշխիք է ստացել` 2014 թ. ճանաչվելու Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Բայց նաև հիմքեր կան ենթադրելու, որ Ումեոն այդ պատվաբեր կոչումը կկիսի մերբալթյան Ռիգայի հետ: Շվեդական քաղաքի երաշխավորը Եվրահանձնաժողովի Եվրամիության խորհրդի, Եվրախորհրդարանի և Եվրամիության տարածաշրջանների ու երկրների ներկայացուցիչ ներից բաղկացած ժյուրին է: Ռիգան պաշտոնապես երաշխիք կստանա այսօր: Իսկ այդ երաշխիքները ԵՄ խորհուրդը պաշտոնապես կհաստատի 2010-ի մայիսին: Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի ընտրությունը կատարում է անկախ փորձագետների խորհուրդը: Իսկ կարգավիճակ ստանալն ուղեկցվում է մշակութային ու զբոսաշրջային միջոցառումներով, որոնց նախապատրաստվելու համար հաղթող քաղաքներին պետք է առնվազն 4 տարի: 2010-ին պատվավոր այդ կոչումը կստանձնեն գերմանական Էսսեն, հունգարական Պեչ և թուրքական Ստանբուլ, 2011-ին` ֆիննական Տուրկու և էստոնական Տալլին, 2012-ին` պորտուգալական Գիմարայշն ու սլովենական Մարիբոր, իսկ 2013-ին` ֆրանսիական Մարսել և սլովական Կոշիցե քաղաքները: