ՔԱՐԵՂԵՆ ՀՈԲԵԼՅԱՆ Օգնիր մեզ, Մարիամ, նորից կանաչենք…


Ենթագիտակցական ոլորտներում կյանքի առեղծվածը որոնող տարեց կնոջ հախուռն ոգևորությունը անկասելի է թվում ՀՆՄ նորաբաց ցուցահանդեսի մեծ սրահում: Իր 150 քանդակներով, գեղանկարներով ու գրաֆիկական աշխատանքներով կերպարվեստասեր հանրության հրապարակային քննությանը համարձակորեն ներկայացած ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ ինքնակամ անկեղծանալով` արվեստով գոյատևման ուժ ստացող, ինձ ամենուր հանդիպող պարզակենցաղ այդ կինը փորձում է հասկանալ իրեն հոգևոր նոր լիցքերով գոտեպնդած հասուն արվեստագետի «Եսը»: Ակամա մտաբերում եմ Սևակի հանրահայտ տողերը. «Օգնի¯ր ինձ, Մարիա°մ, Անաղարտ մնամ Ա°յն ճահճանման աղտ-աղարտի մեջ…» Աշխարհի ժողովուրդների, հին ու նոր քաղաքակրթությունների խաչաձևումով ժամանակի և տարածության մեջ Մարիամ Հակոբյանն իր տրանսցենդենտալ մտահայեցա կետով սեփական ընկալումն էր պարփակել քարեղեն ու գունային ինքնահնար այս կերտվածքներում: Ճանաչելի դարձնելով սովորական այցելուին հետաքրքրությունների լայն շրջանակի կոնկրետ արտահայտություններում խտացրածը` առկախ թողել արծարծած մտքերի բացահայտ «առերեսումը»: Եվ ամեն հայեցող, բնական է, յուրովի էր լրացնում յուրաքանչյուր ստեղծագործության փոխաբերություններով համեմված կոնկրետ ասելիքը: Կարևորը` համամարդկային տարաչափ ընդգրկմամբ առանձին ավարտուն աշխատանքները հուզում էին իրենց անմիջական ներգործության տիրույթում հայտնված բոլոր ծանոթ-անծանոթներին: Մարդկային նկարագրերի տարատեսակությանը համարժեք, մտերմիկ զրույցի անթաքույց պահանջով: Սա, ըստ իս, Մարիամ Հակոբյանի հոբելյանական «հաշվետվության» ամենաբարձր գնահատականն է: Մանրաքանդակների առատությունը մոնումենտալ մտածողության տեր արվեստագետի, ում մեծածավալ գործերը` այստեղ լուսանկարներով ներկայացված (անսովոր գրավչություն ունեն սառցեքանդակները), սփռված են Հայաստանի ու արտերկրի մի շարք բնակավայրերում, մի պատճառաբանություն ունի` նյութականի ընձեռած հնարավո րությունը: Այդուհանդերձ, դրանց մեծամասնությունը փոքր մասշտաբներում հնարամտորեն տեղադրված, երբեմն նովելաշունչ քնարականությամբ, երբեմն հեգնախառն հումորով կոնկրետ վերաբերմունքն է ակնառու շեշտադրում` այս կամ այն երևույթի մասին հեղինակի ունեցած: «Հրեշտակը», «Նամակը», «Գայթակղությունը», «Զգեստափոխությունը», «Թափանցիկությունը», «Կորուստը», «Հմայքի ալիքները»… Օդի մեջ թևածող հարցականը` «կին քանդակագո՞րծ», փարատվում է շուտով: Հայաստանի առաջին երկրաբաններից մեկի դուստրը դեռ մանկուց, ամենասիրելի` Հայրապետ Հայրապետյանի գրքի նկարազարդումներից ավելի տարված է եղել ձևաստեղծմամբ: Զանազան նյութերից գիտաֆանտաստիկ երևակայությամբ ստացվող ֆիգուրները հղկվել և իմաստավորվել են դպրոցական նստարանից սկսած, շնորհների լուրջ մասնագիտացմամբ արվեստի տարբեր խմբակներում, գեղարվեստի ուսումնարանում և ինստիտուտում: Փայտարվեստի թանգարանում է հանգրվանում դիպլոմային աշխատանքը` «Մեղեդին», որում բնավորված են ջութակի չիրականացած երազանքը (գուցե` միակը), իրենում ինքնաբուխ մոտիվներ արթնացնող պաշտամունքը դասական երաժշտարվեստի: 70-ական թվականներից մասնակցելով բազմաթիվ հանրապետական ու միջազգային ցուցահան դեսների, համաժողովների և բիենալեների` երկարամյա մանկավարժական գործունեությամբ է նաև շտկել սեփական ձեռագիրը: Հաստատուն կամքով ու ստեղծագործական եռանդով հարթել է ոչ միայն իր, այլև արվեստակից ընկերների հանրաճանաչման դժվարին ուղին: «Նոր-Էոն» ստեղծագործական կենտրոնի (2001 թ.) հիմնադիր նախագահը լինելով` նախաձեռնել է փոքր ծավալի բրոնզե քանդակի համաժողովը 12 հայ քանդակագործների և «Ջերմուկ-2005» քարի քանդակինը` 7-ի մասնակցությամբ: Դրամաշնորհային 3 ծրագրերի իրագործումը դստեր` Շուշանիկի կայացնող, գործուն մասնակցությամբ, հնարավորություն է տվել անկախական վայրիվերումներում հանրությանը ներկայանալուց գրեթե զրկված մի շարք հայ արվեստագետների ներառվել ամենատարբեր միջազգային մշակութահավաքներում` համացանցային փոխշփումներով, կայքէջով: Ունակությունները բացահայտած լինելով կերպարվեստի տարատեսակներում (նաև` կիրառական նշանակության), երբևէ չի դավաճանել գլխավոր կուռքին` քանդակագործությանը: Տիեզերական առեղծվածների գիտական վարկածների անընդմեջ հետազոտությամբ` գտնում է քարեղեն մեծ ու փոքր զանգվածներին համարժեք բովանդակաձևեր: Չգտնվեց, սակայն, իր մոնումենտալ մտածողությանը հոգեհարազատ որևէ ճարտարապետ: Ընկճվելը խորթ է նրա ուժեղ բնավորությանը: Որոնելով բազում հետաքրքիր մշակութային նախաձեռնությունների կենսագործման ուղիներ` ապավինում է ամենից առաջ ինքն իրեն: Հմտանալով արվեստի արհեստում` արարչական անհագ տենչով իրենում եղած կուտակումներին անբռնազբոսիկ նոր դրսևորումների հնարներ է գտնում: Բարդ կոմպոզիցիաների ձգողական ուժով երբևէ պարզունակության չի հանգում նրա ասելիքի պարզությունը: Ինքն իր արժեքը քաջ գիտակցող արվեստագետ է Մարիամ Հակոբյանը, ով մարդկանց հետ իր ստեղծած աշխարհի միջնորդությամբ պարբերական հաղորդակ ցության պահանջը անկարող է բավարարել` չունենալով մշտական կամ երկարատև ցուցադրությունների հնարավորություն: Սա փափագն է նաև մյուս արվեստագետների, ովքեր արարում են կյանքը գեղեցկացնելու, մարդկանց բարեկրթելու, հոգեպես գոտեպնդելու նպատակասլացությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ