80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ


«Ծիծեռնակը» 80 տարեկան է: Մանուկների համար սիրելի մի ամսագիր, որի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, ով բազմաթիվ հեքիաթների ու պատմվածքների, բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, ջանքեր չի խնայում նորանոր ինքնատիպ էջերով հարուստ ամսագիր հրամցնելու իր փոքրիկ ընթերցողին: Եվ ինչպես մեր զրույցում նա նշեց` «Ծիծեռնակը մեզ տալիս է թևեր` նորը արարելու, ստեղծելու համար»: Նա հուսով է, որ երբեք չի ընդհատվի «Ծիծեռնակի» ճանապարհը: Մենք ևս համոզված ենք` քանի դեռ դրա հրատարակմամբ զբաղվում են իրենց կոչմանը հավատարիմ ու մանուկներին սիրող մարդիկ: - Եթե հակիրճ, ինչպե՞ս կնկարագրեիք «Ծիծեռնակի» անցած ուղին: -Մանկական պարբերականները հայ իրականության մեջ հետաքրքիր ճանապարհ են անցել: 1905 թ. Թիֆլիսում ստեղծված «Հասկեր» հանդեսի շնորհիվ հայ ժողովուրդը ունեցավ Հովհ. Թումանյանի մանուկների համար գրված լավագույն ստեղծագործությունները: Իսկ խորհրդային տարիներին, որպես այդ նույն ավանդույթի շարունակություն, ստեղծվեցին «Պիոներ կանչը» և «Հոկտեմբերիկը»: Հետագայում, 5 տարվա տարբերությամբ «Ծիծեռնակն» առանձնացավ և մինչ այսօր պահպանում է իր անվանումը: - Դուք պահպանել եք պարբերականը` բնականաբար լավագույն ավադույթները չկորցնելու մղումով: - Այո, պահպանել պարբերականը` պահելով բոլոր ավանդույթները և շարունակել առաջ շարժվել: Ակունքներից սնվելով, ամսագիրը պետք է շնչի, ապրի այսօրով: Այսօրվա երեխան նման չէ անգամ 10 տարի առաջվա երեխային: Հիմա համակարգիչն ավելի մատչելի և հետաքրքիր է դարձել: Ամսագիրը պետք է կարողանա հաղթահարել գայթակղությունները: Մեր ամսագիրը հենց նրանով է առանձնանում, որ միշտ փնտրում է նորը, տպագրում է անտիպ ու հետաքրքիր ստեղծագործություններ, ինչու չէ, հենց իրենց` մանուկների աշխատանքները: Ամսագիրն արդեն ունի գունավոր էջեր: - Թիվ մեկ խնդիրը, որի իրագործմանը հետամուտ է «Ծիծեռնակն» իր խմբագրակազմով: - Դժվարություններ կան, իհարկե: Օրինակ, խորհրդային տարիներին ամսագիրը 100 հազար տպաքանակ է ունեցել, որից 10 հազար օրինակը, դասական ուղղագրությամբ, նվեր է ուղարկվել արտասահման` սփյուռքի մեր փոքրիկ հայրենակիցներին: Այս հոբելյանական համարը, որի տպաքանակը երեք ու կես հազար է, նույնպես արել եմ դասական ուղղագրությամբ և պատրաստվում եմ ամսագիրը դուրս բերել դեպի Մերձավոր Արևելք` Լիբանան, Բեյրութ: Հետագայում նաև` ԱՄՆ, քանի որ այնտեղ էլ մեր երեխաներն են: Լինելով գրողների միության մանկական մասնաճյուղի նախագահ, գիտեմ, որ մենք ունենք շատ տաղանդավոր, ստեղծագործող երեխաներ, բայց նրանք չեն աշխատում: Դրա համար գրողների միության կողմից պետությանն առաջարկվեց սահմանել պետական մրցանակ` երիտասարդների լավագույն ստեղծագործությունների համար: Դա կդառնա խթան` գրքին և մշակույթին նվիրվելու համար: Ամսագիրը հետամուտ է նաև իր շուրջը համախմբել լավագույն նկարիչներին: Ինձ համար շատ կարևոր է և այն, որ մեր ամսագրում տպագրվող ստեղծագործությունները հետագայում դառնում են գրքեր: Այսինքն, «Ծիծեռնակը» ոչ միայն ամսագիր է հրատարակում, այլ հիմնականում տպագրում է գրքեր մանուկների համար: Թող անբեկ լինի «Ծիծեռնակի» սլացքը և նրա հանգույն` երբեք չխաթարվի մտքի թռիչքը մանկանց:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ