ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ԵՌԱՏՈՆ


Գրքի և այն էլ` հրատարակված գիտական մենագրության հեղինակ լինելու վայելքն այդօր իրենց բարեկամների ու ընթերցողների հետ էին կիսում Երևանի պետհամալ սարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մամուլի տեսության և պատմության ամբիոնի 3 դասախոսուհիները: Ու դիպուկ էր նրանց հասցեին ֆակուլտետի դեկան, գիտություն ների թեկնածու Նաղաշ Մարտիրոսյանի բնորոշումը. - Այսպիսի շնորհակալ աշխատանք կատարողներին միջնադարում դպիրներ էին կոչում` չնայած այն ժամանակներում կանայք այդ կոչմանը չէին արժանանում: Բանասիրական գիտությունների թեկնածուներ Գայանե Սողոմոնյանի, Անահիտ Մենեմշյանի և Անահիտ Բրուտյանի լրամշակված ու ամբողջականացված ատենախոսութ յուններն այսուհետ օգտակար ձեռնարկներ են` ոչ միայն հայ մամուլի պատմության անդաստանն ուսումնասիրողների, այլ այդ բնագավառում իրենց ընթացքը որոնող սկսնակների համար: * * * Երեք զավակների մայր է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հարգված դասախոս Գայանե Սողոմոնյանը և կրթության բնագավառում ճանաչված մասնագետ (թիվ 62 դպրոցի տնօրեն): Պոլսահայ մամուլի անցած ճանապարհը ներկա ու գալիք սերունդներին էլ տեսանելի դարձնող իր աշխատությամբ, սակայն, նա վերստին առաջնեկի պարգևած բերկրանքն է վայելում: Խորաթափանց որոնումների արդյունք` «Նոր լրագրությունը Կ. Պոլսում. 19-րդ դարի 80-ական թթ.» գրքում նա նշյալ ժամանակաշրջանի արևմտահայ «Մասիս» և «Արևելք» պարբերականներից զատ, նաև այդ դարահատվածի մամուլը, հասարակական-քաղաքական անցուդարձերն է ներկայացնում ու արժևորում յուրովի: Գրքի գիտական խմբագիր, լրագրագիտական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչ Ալբերտ Խառատյանի փաստմամբ` - Հեղինակին հաջողվել է հիմնավորել, որ մամուլը հասարակական, քաղաքական, մշակութային կյանքն ու ժողովրդի կենցաղն ամբողջացնող մի հայելի է: Գնահատելի են նաև հեղինակի վերլուծություններն ու անդրադարձը` արևելահայ գաղթօջախների պատմությանը: Լրագրության բնագավառում, այդ թվում և ոլորտի մշակներ կոփող դարբնոց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուշարժան որևէ իրադարձության հանդեպ, բնականաբար, անտարբեր չէ Հայաստանի Ժուռնալիստների միության բազմամյա նախագահ, արդեն նաև Հանրային խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը: Եվ նշյալ գրքերի շնորհանդեսում նույնպես տպավորիչ էր նրա խոսքը: - Այս առիթով նորից ու նորից համոզվում ենք, թե որքան կարևոր է միասնականությունը և մասնագետների ճանապարհին կանաչ լույս վառելը: Այս առումով բավական հարուստ փորձ ունի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, և այսօր գնահատանքով ուզում եմ արձանագրել, որ այստեղ, իսկապես շարունակվում են բարի ավանդույթները: Գրքերի հեղինակներ դարձած այս երեք երիտասարդ տիկնանց շնորհավորելով, ուզում եմ ընդգծել պարզ մի ճշմարտություն. բոլոր տեսակի արգելքներն ու դժվարությունները դյուրորեն են հաղթահարվում այն օջախներում, ուր իշխողը սերն է, բարի կամքն ու հանուրին օգտակար լինելու մղումը: Այդ մթնոլորտն է տերը ժուռնալիստիկայի ֆակուլտետի: Ինչպես նշում է Գայանե Սողոմոնյանը` - Հատկապես այժմ, երբ հայությունն ապրում է հոգևոր, ինչպես և առարկայական մերձեցման նոր փուլ` հայրենիքում և սփյուռքում աննախընթաց կարևոր նշանակություն է ստանում ազգային միասնության հիմնահարցը: Այն պայմանավորող գործընթացներն առավել խորությամբ ընկալելու համար պատմական և ուսուցողական արժեք է ստանում 19-րդ դ. վերջին քառորդին արևմտահայ և արևելահայ հատվածների հոգևոր-մշակութային մերձեցման երևույթի ուսումնասիրությունը: Մնում է թերևս հավելել, որ գիրքը տպագրության է երաշխավորել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի խորհուրդը և այն նախատեսված է մասնագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար: Բեղմնավոր նոր որոնումներ ենք մաղթում հեղինակներին և նմանատիպ օգտակար նոր գրքեր` ընթերցողներին:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ