Զորահրամանատար չեն ծնվում, այլ թրծվում են ծառայության մեջ


Գեներալ-գնդապետ Խաչիկ Մինասի Համբարյանն այս օրերին կդառնար 90 տարեկան: Հայ զորահրամանատարի անցած ուղին լավագույն օրինակ կարող է ծառայել երիտասարդների համար: Նա չի երազել զորահրամանատար դառնալ. սիրել է երկաթուղայինի մասնագիտությունը, ցանկացել է վարել գնացքներ, լինել արագընթաց գնացքավար, բայց կյանքը դասավորվել է այլ կերպ: Եվ հանուն հայրենիքի, մասնակցելով ժողովրդի պաշտպանության սրբազան գործին, պատվով է կատարել իր պարտականություն ները, ունեցել իր զգալի ներդրումները` Մեծ Հաղթանակը նվաճելու համար: Խ. Մ. Համբարյանը ծնվել է 1919 թ. սեպտեմբերի 22-ին, Նալբանդ գյուղում (այժմ` Շիրակավան): 7-րդ դասարանից հետո ընդունվել է Լենինականի (Գյումրի) երկաթգծի տեխնիկումը, ավարտելուց հետո աշխատել է որպես մեքենավարի օգնական, հետո պետ` Բայանդուր կայարանում, ապա` ավագ օգնական, Երևանի ե/գ կայարանի պետ: 1939 թ. աշնանը, երբ զորակոչվեց զինծառայության, զորամասում նրան առաջարկեցին գնալ սովորելու: Ռազմական կրթության հետ լեյտենանտի կոչում ստանալով, նշանակվել է դասակի հրամանատար: 1941 թ. հուլիսին, որպես վաշտի հրամանատար, նա մարտական մկրտությունը ստացավ Բելոռուսիայի Ռոգաչով քաղաքի մոտակայքում` պաշտպանողական մարտերում: Վիրավորվել էր, բայց վաշտը շարունակում էր ղեկավարել: Զինվորական հասունությունը որպես հրամանատար դրսևորվեց գումարտակի հրամանատարի պաշտոնում` 1943 թ. Գորոդեցկի ճակատամարտում, երբ կարողացավ շրջանցել հակառակորդին և հանկարծակի հարվածով թիկունքից գրավել նրա հենակետը, որի համար էլ պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով: 25 տարեկանում Խ. Համբարյանը 995 հրաձգային գնդի հրամանատարն էր: Գունդը հաջողությամբ կատարեց առաջադրված խնդիրը` գրոհով գրավեց քաղաքական և ռազմական կարևոր կետ հանդիսացող Տիլզիտ քաղաքը Արևելյան Պրուսիայում: Ռազմական բարձր վարպետության, դրսևորած արիության, խիզախության, լավ կազմակերպ վածության և կարգապահության համար գնդին շնորհվել է Տիլզիտյան պատվավոր անունը. ավելի քան 300 զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, իսկ հրամանատարը` Կարմիր դրոշի 2-րդ շքանշանով: Շարունակելով հարձակողական մարտերը հյուսիս-արևմտյան ուղղությամբ` 3-րդ Բելոռուսական ճակատում, Խ. Հակոբյանի գունդը 1945 թ. ապրիլին աչքի է ընկել ամենահզոր Քյոնիքսբերգի ամրոցի գրավմանը: Նրա գունդը առաջիններից էր, որ մտավ քաղաք: Այդ հաջողության համար գունդը պարգևատրվեց Սուվորովի անվան շքանշանով, իսկ Խ. Համբարյանը ժամանակի ամենաբարձր` Լենինի շքանշանով: Նա միշտ հիշեցնում էր, որ հաղթում են ոչ միայն քանակով, այլ` հմտությամբ: 1948 թ. Խ. Համբարյանն ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և 9 տարի ծառայել է Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում` գնդի, դիվիզիայի հրամանատարի պաշտոններում: 1957 թ. նրան շնորհվել է գեներալ-մայոր բարձրաստիճան կոչումը, 1962 թ.` գեներալ-լեյտենանտ, 1969 թ. գեներալ-գնդապետ: 1965 թ. պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել զինգիտությունների թեկնածուի գիտական աստիճանը: 1959 թ. ավարտել է գլխավոր շտաբի ակադեմիան, նշանակվել ցամաքային զորքերի հրամանատարի, այնուհետև ցամաքային զորքերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետի բարձրաստիճան պաշտոնները: Խ. Մ. Համբարյանը բոլոր պաշտոններում աչքի է ընկել բանիմացությամբ ու հմտություններով` վայելելով ենթակաների և բարձրաստիճան հրամանատարների հարգանքը: Նա պարգևատրվել է Լենինի, երկու կարմիր դրոշի, ՀՄՊ 2-րդ աստիճանի շքանշաններով և 9-ից ավելի մեդալներով: Նրա աճյունն ամփոփված է Մոսկվայում: Խ. Մ. Համբարյանի որդին` Արարատը, շարունակել է հոր ճանապարհը և ավանդույթները. մոտ 10 տարի գլխավորել է ՀՀ ՊՆ ՀՕՊ-ի վարչությունը, պաշտպանել է գիտությունների թեկնածուի թեզը: 2003 թ. շնորհվել է գեներալ-մայոր կոչում: Սակայն հանկարծակամահ է եղել 2009 թ.: Նրա աճյունը նույնպես ամփոփված է Մոսկվայում: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ժողովրդի և հայրենիքի պաշտպանության գործում ունեցել են իրենց ներդրումները: Նրանց հիշատակը չի խամրում:

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ