Գերնպատակը մարտունակության բարձրացումն է


Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, նախկին հանրապետությունները «նվեր» ստացան` անկախություն: Հանրապետությունների շարքում Հայաստանն իր անկախությունը նվաճեց արյան գնով: Հայոց աշխարհի նահանգներից Արցախն ու Նախիջևանը Խորհրդային կայսրության արշալույսին բռնակցվել էին Ադրբեջանին, որը որպես թե° պետություն, թե° ժողովուրդ ձևավորվել է մոտ անցյալում: Եվ ահա ադրբեջանցիները (պարսկերեն` ազեր-«կրակ» և բայջան - «երկիր» բառերի միացումից) 20-րդ դարի կեսերին հայաթափեցին Նախիջևանը, իսկ արդեն դարի վերջերին ուզում էին պատմական բնօրրանում ոչնչացնել Ղարաբաղի հայությանը: Արցախը ոտքի կանգնեց և իրեն պարտադրված պատերազմում հաղթանակ տարավ: Հազարավոր խեղված ճակատագրերի գնով ձեռք բերված հաղթանակի և ազատագրված հայ հողի վրա այսօր շենանում են բնակավայրերը: Հայ մարդը, սպան, զինվորը անչափ վճռական ու կամքով լցված են կորսված հայրենիքից վերադարձրած մի փոքր մասնիկը պահպանելու գործում: Գնդապետ Վ. Դանիելյանի հրամանատարությամբ գործող զորամասն աչքի էր զարնվում մաքրությամբ, խնամված գազոններով, վարդի թփերով և…: Մեր այցելության պահին զորակազմը ձիգ շարքերով գնում էր ճաշի: Այսօր ժամանակավրեպ է նկարագրելու հայ զինվորի սնվելը, քանի որ բոլորն էլ քաջ գիտեն, թե դա ինչ մակարդակի վրա է` սննդարար ու կանանց ձեռքով պատրաստված ախորժելի կերակուրներ, աղցաններ ևս… Ինձ ուղեկցող ժամկետային զինծառայող սերժանտ Գնել Ղազարյանից հետաքրքրվեցի, թե ծառայության մեկ տարին ի՞նչ է տվել նրան: Սերժանտն առանց ձևականության պատասխանեց. - Շատ բան, չնայած ես բարձրագույն կրթություն եմ ստացել մինչ զորակոչվելս, բայց այս ամիսների ընթացքում համոզվեցի, որ ամենակարևոր դպրոցը բանակն է` կյանքի ինստիտուտ, որը տղամարդու համար կենսական անհրաժեշտություն է: - Եթե մի օրով քեզ հնարավորություն ընձեռվեր այս մեծ զորամասի հրամանատար լինել, ի՞նչ կփոխեիր: - Ոչինչ, ամեն ինչ իր տեղում է, միայն ավելի կսևեռվեի զինվորներին շատ բան սովորեցնելու հարցի վրա, քանի որ բանակում սովորածը ողջ կյանքում պետք է գալու: - Հազարավոր պատանիներ սպասում են տասնութը լրանալուն, որ զորակոչվեն: Ի՞նչ խորհուրդ կտայիր ապագա նորակոչիկներին: - Ոչ մեկին չլսել: Ձևափոխված պատմություններ են հիմնականում պատմում, որոնք հեռու են իրական բանակային կյանքից: Թող միայն լսեն ծնողների խորհուրդը, քանի որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է հպարտանալ իր զավակով: Սերժանտին բարի ծառայություն մաղթելով, շտապում եմ զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Սաղյանի աշխատասենյակ: Ջերմ ու պատրաստակամ ընդունելությունից հետո փոխգնդապետը պատասխանեց իմ հարցերին: - Ձեր զորամասի օրինակով բանակի այսօրը կներկայացնե՞ք: - Բանակում զգալի փոփոխություններ են կատարվել, բարձրացել է կրթական մակարդակը: Շատ հաճախ նորակոչիկները լինում են զանազան բուհերում սովորողներ: Ինչ խոսք, կիրթ մարդու հետ ավելի դյուրին է աշխատել: Գիտեք, այսօր մենք զինվորին չենք պարտադրում կարգապահություն, նրանք արդեն գիտակցում են դա և հաճախ իրենք են տարբեր կարգապահական նախաձեռնություններով հանդես գալիս: Երբ կրթական մակարդակը բարձր է` արդյունավետ են քարոզվում մեր պետականության գաղափարները: - Պարոն փոխգնդապետ, զինվորները մշակույթի հետ շփումներ ունենո՞ւմ են: - Նախ` հայրենասեր և պատրաստակամ զինվոր լինելն արդեն մշակույթ է, սակայն հռետորությունը թողնելով նշեմ, որ զորամասում գործում է ակումբ, որտեղ զինվորների ուժերով կազմակերպվում են զանազան հանդիսություններ, պետական տոներին նվիրված միջոցառումներ: Մեր զորամասը համագործակցում է տարբեր մշակութային օջախների հետ, և պարբերաբար մեզ են այցելում արտիստներ ու մեր զինվորների հետ միասին ստեղծում են ուրախ, հաճելի, արվեստով հագեցած ցերեկույթներ: Մենք այսօր զինվորներին ոչ միայն տանում ենք կրակադաշտ ու զորավարժության, այլև ուխտագնացություններ ենք կազմակերպում դեպի Գանձասար, Շուշի, Ամարաս և այլ վանական համալիրներ: Հիմա մենք ամեն հարցում ուշադիր ենք` մարտական, ֆիզիկական պատրաստության կողքին բաց չենք թողնում հոգևոր և կրոնական դաստիարակությունը: Իսկ այս ամենի գերնպատակը մեր բանակի մարտունակության բարձրացումն է: - Տարբեր առիթներով մեզ հավաստիացնում են, որ բանակը մարտունակ է: Վերջերս պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ մեր բանակը ոչ միայն կարող է պաշտպանվել, այլ հարկ եղած ժամանակ կարող է հարձակվել և չեզոքացնել ՀՀ-ի և ԼՂՀ-ի բնակչությանը սպասվող վտանգը: - Պարոն նախարարը մեր ողջ զինված ուժերին է տիրապետում և ես, կներեք, ավելացնելու բան չունեմ: Միայն նշեմ, որ մենք ցանկացած հրաման ի զորու ենք կատարելու: Մենք ընդամենը գտնվում ենք զինադադարում և անցած ժամանակը օգտագործել ենք կատարելագործվելու մարտական պատրաստության լավագույն ռազմավարություն մշակելու գործընթացում: Մենք երբեք մեր զգոնությունը չենք թուլացրել, քանի որ հակառակորդը պարզ չէ, երբ պատրաստ կլինի հարձակվելու: Հավաստիացնում եմ, եթե թշնամին պատրաստ լինի, ապա հաջորդ վայրկյանին պատերազմ կսկսի: - Պատերազմ բառից չե՞ք վախենում: - Որպես քաղաքացի կաղոթեմ, որ էլ երբեք մեր հողը չցնցվի արկերի պայթյունից: Բայց որպես զինվորական չեմ վախենում, քանի որ վստահ եմ մեր ուժերի վրա: Մենք պաշտպանում ենք մեր հողը` սա մեկ այլ, սուրբ ոգու ուժ է, դրա համար էլ ես քանակի մեջ չեմ տեսնում մեր հզորությունը: Այսօր հայ մարդը և նրա ծոցից դուրս եկած սպան ու զինվորը հասկացել են մեր պատմությունը, և հիմա միայն հերոսական անցյալի օրինակն է մեզ սնում, վստահ ենք կանգնած և ունենք վճռականություն, որպեսզի էլ երբեք մեր պատմության դառը էջերը չկրկնվեն: - Ճգնաժամը բանակ հասե՞լ է: - Մենք «դրան» բանակին մոտ էլ չենք թողել: Ես դրա մասին լսում եմ զորամասից դուրս: Մենք ոչ մի խնդիր չունենք` սպառազինությունը, նյութատեխնիկական բազան, մատակարարումները… Ամեն ինչ բնականոն է ընթանում: - Պարոն Սաղյան, ուրախ եմ, որ բանակում ոչ մի թերություն չկա: - Առանձին օրինակները ոչ մի տեղ էլ չի բացառվում, բայց պետք է շարունակել աշխատանքները: Չնայած մենք հինգհազարամյա պատմություն ունենք, բայց որպես պետականություն ունեցող` տասնյոթ տարեկան ենք: Մենք վատը պիտի թողնենք և ինչ-որ լավ փորձեր կան` պետք է բերենք ու ներդնենք մեր բանակում:

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ