ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԻՆՔՆՈՉՆՉԱՑՈՒՄ


Ճայթյունը կամ միգուցե պայթյունը, որ տեղի ունեցավ «Ժառանգությունում», փաստորեն մեկ տարուց ավելի եռացող կուսակցական կաթսայում այլևս չտեղավորվեց, իսկ եռացող ջուրը, ինչպես սովորաբար, կաթսայից թափվելով այրում է մեկի ոտքը, մյուսի ձեռքը կամ քաղաքականության լեզվով ասած` պոչը: Իրադարձություններն, անշուշտ, ջրի գոլորշիացման ուղղությամբ նույնպես կարող էին զարգանալ, բայց այս դեպքում նույնպես մախաթը պարկում երկար պահել չհաջողվեց: Իր հերթին այս քաղաքական ուժի առաջնորդը համարժեք վճռականություն, ամբողջական և լիարժեք որոշումներ ընդունելու կամք չցանկացավ կամ չկարողացավ դրսևորել: Ավելին, նախկին արտգործնախարարը հարազատ կառույցի գրասենյակում տեղի ունեցող հակամարտությանը նայում էր ամենայն սառնասրտությամբ ու անտարբերությամբ, իսկ ավելի ճիշտ` ոչնչի էլ չէր նայում, անգամ վարչությունը պառակտման հանգեցրած նիստին չմասնակցեց: Դրանով նա իր իմիջն էր փորձում պահպանել, թե կուսակցական գզվռտոցին մասնակցելը պատվից ցածր էր համարում` դժվար է ասել: Մի բան պարզ է. եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքը մեկ անգամ վճռականորեն սեղանին խփեր, ապա ոչ միայն սեղանն անվնաս կմնար, այլ մեծ էր հավանականությունը, որ նրան ոչ միայն կհաջողվեր հարազատ կառույցի ղեկավար կորիզին տեր կանգնել, այլև այդ ամենից շատ ավելի փոքր կորուստներով դուրս գալ: Մինչդեռ այս պատմության սկիզբն էր հենց ամենատարօրինակն ու անհասկանալին… Սովորականի նման խուսափելով մեկնաբանություններից` նա նախ որոշեց պատգամավորական մանդատը վայր դնել` փաստորեն այլևս նպատակահարմար չգտնելով տեր մնալ ժողովրդական քվեին, չկարևորելով ոմանց պարագայում կյանքի նպատակ համարվող պատգամավորական անձեռնմխելությունը: Ավելի ուշ (իհարկե, նորից ուրիշի մեկնաբանությամբ) «պարզ դարձավ», որ Րաֆֆին խորհրդարանը ճահիճ է համարել ու հավանաբար մտածել է, թե երկար մնալու դեպքում ինքն էլ այդ ճահճում կգաղջանա: Ժառանգականների սույն կոլեկտիվ մեկնաբանության հետ առանձին վերապահումներով, իհարկե, կարելի է համաձայնել: Սակայն խնդիրն այն է, որ փրկության օղակն առաջնորդը միայնակ է վերցնում, ու այն էլ` բավական անհարմար ժամանակ: Նման եզրահանգման համար հաստատ երկու տարի չպետք է պահանջվեր: Եվ կամ այսպիսի որոշում գոնե երկու տարի հետո` հաջորդ խորհրդարանական ընտրություններից առաջ արժեր կայացնել` ինչ-ինչ նախընտրական-քարոզչական նկատառումներից ելնելով: Ընդ որում, ոչ միայնակ` ճահճից դուրս գալու ենթադրյալ մղումներին տրվելով, այլ ողջ խմբակցությամբ և միասնաբար… Իսկ ընդհանուր առմամբ, հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանի խիղճը տանջում, սիրտն էլ ճմլվում է, երբ հարազատ կուսակցության ճակատագրի տնօրինման խնդրով հրավիրված վարչության նիստին նույնիսկ չի մասնակցում` կարևորագույն որոշումներ ընդունելու պատասխանատվությունը թողնելով մեկը մյուսին դավաճան հռչակած նախկին կուսակիցներին: Մի՞թե նա այնքան է հուսահատվել, որ արդեն կարծում է, թե «Ժառանգությունն» այլևս անելիք չունի: Միգուցե սա այն մարդկանց կարծիքն է, ովքեր արդեն բացեիբաց հավաստիացնում են, թե նախորդ տարի տեղի ունեցած համագումարում կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել են: Իսկ ինքն իրեն ընդդիմադիր համարող կուսակցությունում դավաճան արտահայտությունը իշխանամետության հոմանիշ է դարձել: Ահա թե ինչու է Տիգրան Կարապետյանն այս օրերին կրկնակի ոգևորությամբ նորից պնդում, թե նախորդ ընտրություններում «Ժառանգությունը» հանձնաժողովներում ունեցած հարյուրավոր տեղեր վաճառել է: Մի բան պարզ է. մայրաքաղաքային ընտրություններում կեղծարարության օրրան դարձավ այն համայնքը, որտեղ այս քաղաքական ուժի ներկայացուցիչը տեղի տվեց, ու փողի տրցակներն սկսեցին վճռել ընտրական գործընթացի ելքը: Բայց խնդիրն արդեն այն է, որ երիտասարդ քաղաքական ուժի «սպրդումները», մեկ-երկու բացառությամբ, չեն սահմանափակվում: Կազմակերպչական հարցերում այստեղ միշտ են կաղացել, ուստիև հասկանալի է, թե ինչու են «Ժառանգության» վերին օղակներում մշտապես փոփոխություններ իրականացվել: Այս ամենը, սակայն, այսքան ուշագրավ ու աղմկալի վերջաբան չէր ունենա, եթե չեզրափակվեր հերթական կուսակցության հերթական տրոհմամբ: Թեպետ որքան էլ «Ժառանգությունն» այս առումով միակն ու բացառիկը չլինի, այնուամենայնիվ, և անկախ ամեն ինչից, տեղի ունեցածի գույները չեն մեղմվում: Պարզապես ամեն մի նման առիթով հանրությունը նորից ու նորից է հիասթափվում հայրենի քաղգործիչներից, ովքեր դիմակները պատռելուց հետո նույնպես շարունակում են սուրբ ձևանալու նկրտումները: Իսկ այս ամենը սովորաբար իշխանության հասցեին մահացու մեղադրանքներով է զուգորդվում, թե իբր կուսակցության թևերից մեկը չի դիմացել գայթակղիչ առաջարկներին ու ծախվել է (երանի¯ թե պետություն-հայրենիքին ծախվեին): Պարզ է սակայն, որ սա ընդամենը օտարների շրջանում մեղավորներ փնտրելու, տեղի ունեցածը կիսաարդարա ցումներով հիմնավորելու անհաջող փորձ է: Եվ պատահական չէ, որ հիմա էլ «Ժառանգության» շուրջ հյուսվող նման պատմություններում խիստ ակտիվ է հատկապես ՀԱԿ քարոզչամեքենան… Բացի իշխանությանը հերթական ներկուսակցական դավադրության (՞) համար մեղադրելուց, ամեն գնով ձևավորված վարկածը շատ շուտով կենսական է դառնալու նաև Կոնգրեսի համար: Չէ՞ որ նույնատիպ խմորումներ են սկսվել նաև ՀԱԿ-ում: Եվ եթե առայժմ իբրև տարաձայնությունների պայմանական պատճառ հայ-թուրքական հարաբերություններն են մատնանշվում, ապա մեծ է հավանականությունը, որ դա ընդամենը այսբերգի երևացող մասն է միայն: Ընդ որում, հակամարտել պատրաստվող կողմերին գոնե առայժմ, կամ, ինչպես ասում են` մինչև բանը բանից անցնելը, խնդրի հենց այս հատվածն է ձեռնտու ներկայացնել: Այնպես, ինչպես ամառային ամիսներին ՀԱԿ-Ժառանգություն (ու դեռ ՀՅԴ-ն էլ վերադիր) ուր որ է կայանալիք դաշինքի, փոխադարձաբար առաջադրված պլատֆորմների համատեղման, և իբրև այս ամենի արգասիք` թեժ աշնան թեման էր հրամցվում: Բայց նույնիսկ նման իրավիճակում խորտակվող կուսակցական նավերից չեն դադարում մոտալուտ իշխանափոխության մասին «մարգարեությունները»: Թեև հանրությունը, հատկապես վերջին իրադարձություններից հետո, է°լ ավելի լավ կպատկերացնի, թե, ի վերջո, իշխանությո՞ւնն է թույլ, թե՞ քայքայման հանգեցնող բոլոր բարձունքները հեշտութ յամբ հաղթահարող ընդդիմությունը: Նույնքան հեշտ է նաև եզրակացնելը, որ եթե կուսակցությունները «գիտակցաբար» ինքնաքայքայման ճանապարհը չընտրեն, ապա որևէ կողմնակի միջամտություն նման անփառունակ վախճանի չի հանգեցնի: