ԻՆՔՆԱՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ


Սեպտեմբերի 10-ին վրացական ԶԼՄ-ները շնչասպառ ուրախությամբ իրենց լսարաններին տեղեկացնում էին, թե ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում Վրաստանի պատվիրակութ յունը դիվանագիտական փայլուն հաղթանակ է տարել Ռուսաստանի նկատմամբ: Խոսքը նույն օրվա երեկոյան ՄԱԿ-ի Վեհաժողովում վրաց պատվիրակության ներկայացրած բանաձևի քննարկման մասին էր: Բանաձևը վերաբերում էր օգոստոսյան պատերազմի ժամանակ ներքին տեղահանվածների, փախստական դարձած քաղաքացիների` օսերի, աբխազների և վրացիների ինքնակամ, անվտանգ, արժանապատիվ և առանց խոչընդոտների իրենց բնակավայրերը վերադառնալու հարցին: Փաստաթղթում շեշտվում է, թե Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքի անքակտելի մասն են և կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին` մշակելու և իրականացնելու իրենց տները պատերազմի հետևանքով լքած մարդկանց վերադարձի ժամանակացույց: Թվում է` խիստ «մարդասիրական» բանաձև է: Դրանում ընդամենը մեկ չափազանց էական «բացթողում» կա` աբխազներն ու օսերը համաձա՞յն են, արդյոք, Վրաստանի անքակտելի մաս համարել իրենց բնապատմական հայրենիքները, որոնց վրա երկու ժողովուրդներն էլ ապրում են հազարավոր տարիներ: Այստեղ «բացթողում» բառը չակերտելն ինքնանպատակ չէ, քանզի կատարվածը ոչ թե պատահական վրիպում է, այլ` միանգամայն գիտակցված և անչակերտ սրիկայություն: Այն է` բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի քննարկմանը ներկայացնող կողմի` վրացիների համար օս և աբխազ ժողովուրդների կարծիքը «ոչ մի նշանակություն չունի»: Ոչ միայն վրացիները, այլև առնվազն այն երկրների պատվիրակները, ովքեր «կողմ» են քվեարկել Վրաստանի ներկայացրած բանաձևին, չեն ուզում այդ կարծիքը հաշվի առնել: Այդպիսիները 48-ն են, այդ թվում` Ադրբեջանը, ԵՄ բոլոր անդամները: «Ձեռնպահ» է քվեարկել 78 պատվիրակ, «դեմ»` 19 պետություն: «Դեմերի» թվում են եղել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Ալժիրը, Սիրիան: Այլ խոսքով` բոլոր նրանք, ովքեր հասկացել են, որ ներկայացված բանաձևը ոչ այնքան Վրաստանի օգտին է, որքան` ընդդեմ Ռուսաստանի: Հերթական անգամ ուշադրություն դարձնենք Ադրբեջանի փարիսեցիական կեցվածքին. այլ պարագաներում տեղի-անտեղի «Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության մասին» ճամարտակող Իլհամ Հեյդարօղլու ներկայացուցիչը ՄԱԿ-ում 2 անգամ անվարան «քվեարկեց» Ռուսաստանի դեմ: Ինչո՞ւ 2 անգամ: Որովհետև ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Վեհաժողովին 17 կետից բաղկացած լրացումների մի փաթեթ հրամցրեց` պահանջելով մինչև բանաձևի քվեարկությանն անցնելը, ըստ ՄԱԿ-ի ընթացակարգերի, անցկացնել նախագծի առարկայական քննարկումներ և տեքստում ներառել Մոսկվայի կողմից մշակված լրացումները: Միանգամայն տրամաբանական ու ողջախոհ այս առաջարկը, սակայն, ևս քվեարկությամբ մերժվեց (այդ թվում` նաև Ադրբեջանի կողմից): Ինչո՞ւ: Որովհետև բոլոր նրանք, ովքեր կանխավ տրամադրված էին ընդունել Վրաստանի ներկայացրած հակառուսական բանաձևը, ամենևին շահագրգռված չէին հարցի ըստ էության քննարկմամբ: Նրանց հետաքրքրում էր ոչ թե վրաց-հարավօսական պատերազմի հետևանքով բնավեր եղած հազարավոր քաղաքացիների վերադարձի խնդրի լուծումը, այլ` հարցի քաղաքականացումը, բանաձևը հակառուսական նպատակներով օգտագործելու հնարավորությունը: Ահա ինչու Չուրկինը, ետ վերցնելով բանաձևի նախագծում փոփոխություններ կատարելու իր առաջարկը, միանգամայն իրավացիորեն հայտարարեց. -Ներկայացված բանաձևը ոչ մի կերպ չի կարող նպաստել վրացի, աբխազ և օս ժողովուրդների միջև վստահության հաստատմանը: Նա ունի առճակատումային բնույթ և անընդունելի է Սուխումիի ու Ցխինվալի համար: Քվեարկությունները ցույց տվեցին, որ կան մի խումբ երկրներ, որոնք առաջվա նման հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման ժամանակ կիրառում են երկակի ստանդարտներ և ցուցաբերում են քաղաքական մոտեցումներ: Իհա°րկե այդպես է: ՄԱԿ-ն իր ստեղծման օրից մինչև այժմ երբևէ եղե՞լ է որևէ միջազգային խնդիր օբյեկտիվորեն քննարկելու և արդարացի վճիռ կայացնելու հարթակ: Ոչ, և հազար անգամ` ոչ: ՄԱԿ-ը եղել և, ավաղ, այսօր էլ մնում է այն միջազգային կառույցը, ուր բախվել ու բախվում են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը, ուր քվեարկությամբ պաշտպանության են արժանանում ոչ թե այն բանաձևերի նախագծերը, որոնք ամենից ավելի արդարամիտն ու ազնիվն են, այլ միայն և միմիայն նրանք, որոնց օգտին հնարավոր է լինում առավել շատ ձայներ «հավաքել»: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, անդրադառնալով ՄԱԿ-ում կայացած խնդրո առարկա փաստաթղթի քվեարկության արդյունքներին, հայտարարել է. - Մեր ներկայացրած բանաձևի ընդունումը Ռուսաստանի ամոթալի պարտությունն էր և Վրաստանի հաղթանակը: Դա հեշտ չէր, քանի որ Ռուսաստանը կիրառեց շանտաժի ու ճնշման, սպառնալիքի ու գնման բոլոր հնարավոր միջոցները: Հետաքրքիր է, իսկ Վրաստանին սատարող Արևմուտքը նույն խայտառակ միջոցները չկիրառե՞ց, որպեսզի վրացիների ներկայացրած հակառուսական որոշումն ընդունվի: Վրաստանին ի՞նչ է տալու ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայով այդ կարգի մի էժանագին առաջարկի ընդունումը: Աբխազիան և Հարավային Օսիան «Վրաստանի անքակտելի մաս» հայտարարելը մազաչափ կօգնի՞, որ վրացիները վերահաստատեն իրենց գերիշխանությունը օսերի և աբխազների վրա: Ապշեցուցիչ է` 2008-ի օգոստոսյան արկածախնդրությունից ավելի քան մեկ տարի անց էլ Վրաստանի երիտասարդ նախագահը չի գիտակցում, որ իր երկիրը Արևմուտքի համար դարձրել է Ռուսաստանի դեմ մղվող պատերազմի թատերաբեմ: Նախ փորձեց ուղղակի պատերազմ վարել` ջախջախվեց, հիմա սկսել է քարոզչակա¯ն պատերազմ վարել: Իրենք իրենց մխիթարելով այդ քարոզչական պատերազմում տարած երիցս կասկածելի «հաղթանակներով», վրացիները չեն նկատում, որ իրականում մեկընդմիշտ կորցրել են ամենագլխավորը` երբեմնի Խորհրդային Վրաստանի ամբողջ տարածքի վրա իրենց սուվերենությունը վերահաստատելու նվազագույն հնարավորությունները: Հատկանշական էր, որ հենց ՄԱԿ-ի Վեհաժողովում ռուսների դեմ վրացիների տարած «դիվանագիտական փայլուն հաղթանակի» օրը, նույն սեպտեմբերի 10-ին, Մոսկվա ժամանած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հենց վերջինիս համար էլ անսպասելիորեն հայտարարեց, թե իր երկիրը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունները, և մոտ ապագայում էլ կարվեն անհրաժեշտ քայլեր` այդ երկրների հետ դիվանագիտական հարաբերություն ներ հաստատելու համար: Այսպիսով, Ռուսաստանից և Նիկարագուայից հետո Վենեսուելան դարձավ երրորդ երկիրը, որը օրինական համարեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատումը Վրաստանից: Որևէ տարակույս լինել չի կարող, որ այդ գործընթացը կշարունակվի: Ոչ թե հասկանալով օսերի ու աբխազների ազգային ազատագրական պայքարի արդարացիությունը, այլ հանուն Մոսկվայի հետ բարեկամության` Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունները առաջիկայում կճանաչեն նաև այլ երկրներ: Չճանաչեն էլ` ինքնորոշված հանրապետությունները չեն դադարի գոյություն ունենալ և այլևս երբեք չեն մտնի Վրաստանի «թևի տակ», ինչպես որ դա երբեք չի անի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի վերաբերմամբ: Հիմա ի՞նչն է ավելի կարևորը: Այս կամ այն միջազգային կառույցում տարած իրական կամ երևակայական դիվանագիտական «հաղթանակներով» ինքնամխիթարվե՞լը, թե՞ հակամարտությունների արդարացի լուծման ուղիներ գտնելը, հարևան ժողովուրդների հետ հաշտվելն ու խաղաղ ապրելը` ուրիշների անդորրն էլ չխաթարելով:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ