Հարավկովկասյան օտարաստեղծ սցենարներ


Ճակատագրի բերմամբ` մեր պատմությունը ազգային ազատագրական պայքարի չընդհատվող ընթացք է մեծ մասամբ: Եվ հատկանշական է, որ այդ պատմության ողջ ընթացքում մեր հակառակորդն ունեցել է քանակական ու նյութական գերակշռություն: Այդպիսի անհավասար պայքարում ծնվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1988-ից և հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ դեմ դիմաց մնացինք մարտի դաշտում թշնամու հետ, բնականաբար սկսեցինք չափել և համեմատել մեր ու մեր հակառակորդի ներուժը, հաշվարկել հաղթելու հնարավորությունները: Պարզ թվաբանությունը հուշում էր, որ Ադրբեջանն զգալի առավելություն ունի… Սակայն կյանքը ցույց տվեց, որ միշտ և բոլոր հարցերում չէ, որ կարելի է ապավինել թվաբանական գործողությունների տրամաբանությանը: Պարզվում է` Ադրբեջանն ավելի խոցելի է, քան թվում է առաջին հայացքից: Բաքվի նավթն ու գազը դարձել են արտաքին մշտական միջամտության պատճառ: Թվում է` նավթարդյունաբերության ոլորտում կատարված արտասահման յան բազմամիլիոն դոլարային ներդրումները պետք է խթանեին Ադրբեջանի տնտեսության աննախադեպ աճը: Այդպես էլ կա. թվերի տեսքով նրա բյուջեն գերազանցում է մերին: Սակայն ադրբեջանական տնտեսությունը զգալիորեն կախվածության մեջ է նավթից, ուղղորդված է սպասարկելու հիմնականում նավթարդյունաբերությանը: Իսկ համաշխարհա յին տնտեսական ճգնաժամը, նավթի գների աննախադեպ տատանումները ապացուցեցին, թե ինչքան վտանգավոր է տնտեսության վերոհիշյալ կախվածությունը: Ընդ որում, Ադրբեջանի նավթային ու գազային պաշարները նաև ղարաբաղյան հակամարտության սառեցման լրջագույն գործոն են: Մենք արդեն քանի տարի է` Մինսկի խմբի համանախա գահների հավաստիացումներն ենք լսում, թե հակամարտությունը մոտեցել է իր հանգուցալուծմանը: Սակայն… իրականում Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը ձեռնտու է ներկայիս իրավիճակը, ինչը նրանց թույլ է տալիս անարգել նավթ ու գազ ստանալ: Հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը զրկվեց Հարավկովկասյան տարածաշրջանին միայնակ «տիրություն անելու» մենաշնորհից, իսկ ԱՄՆ-ը հակառակը` այսօր գնալով մեծացնում է տարածաշրջանը և դրա էներգետիկ ռեսուրսները վերահսկելու հնարավորությունը: Վաշինգտոնը ջանում է Բաքվին ցույց տալ, թե նրա անվտանգության երաշխավորն ինքն է: Եվրամիությունն էլ, իր հերթին, այս հարցում աջակցում է ԱՄՆ-ին` փորձելով Ադրբեջանին առանձնացնել Թուրքիայից և կապել արևմտյան հանրության հետ: Թերևս այս հանգամանքով է բացատրվում Ադրբեջանի մտադրությունը` Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի կողմից ճանաչելը բողոքարկելու մասին: Ադրբեջանին Թուրքիայից հեռացնելու ռազմավարությունը բխում է նաև Ռուսաստանի շահերից, քանի որ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան չէր ցանկանա հանդիպել Անկարայի և Բաքվի ռազմական համագործակցությանը: Այսօր արդեն Ռուսաստանը սկսել է Ադրբեջանի հանդեպ ճնշում գործադրելու լծակներ կիրառել` փորձելով հակամարտություն առաջացնել նաև Դաղստանի հետ նրա ունեցած սահմանում: «Նաբուկոն» «Հարավային հոսքով» հակակշռելու պայքարի արդյունքում Կրեմլի և Բաքվի միջև վստահելի հարաբերությունների ստեղծումը ձախողվեց: Թուրքիայի կրտսեր եղբայրը խնդիրներ ունի նաև հարավային իր անմիջական հարևան Իրանի հետ, որի կողմից դիտվում է որպես իր շահերին սպառնացող երկիր: Թեհրանը շատ կցանկանար Ադրբեջանը տեսնել մանր, իր կողմից վերահսկվող կամ չեզոք պետությունների մասնատված: Եվ սրանից ելնելով, Իրանը Ադրբեջանում անկայունություն հաստատելու նպատակ ով էլ հենց փորձում է օգտագործել վերջինիս ներսում գոյություն ունեցող էթնոկրոնական «թաքնված» հակամարտությունները: Տարածաշրջանում իր համար առկա մարտահրավերներին դիմակայելու համար Ադրբեջանը մշտապես ջանում է կառչել ավագ եղբայր Թուրքիայից: Չնայած` վերջինս փորձում է տարածաշրջանում հանդես գալ որպես ինքնուրույն խաղացող, սակայն միևնույն ժամանակ ստիպված է Ադրբեջանի հետ ձայն-ձայնի տված հանդես գալ: Այդպիսով Անկարան ու Բաքուն փորձում են համատեղ ուժերով չեզոքացնել վերջին շրջանում Հարավային Կովկասում ակտիվացող հայկական գործոնը: Թերևս, այս տրամաբանության շրջանակներում կարելի է դիտարկել Թուրքիո արտգործնախարարի վերջերս կատարած ստահոդ հայտարարությունը: Ըստ տարածված լուրերի, Դավութօղլուն ասել էր, թե Հայաստանը կարող է ընդգրկվել «Նաբուկո» նախագծում, եթե ստորագրի և խորհրդարանում էլ վավերացնի Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունները: Նաև ասվել էր, թե նախատեսված է Հայաստանի համաձայնության դեպքում Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա բարեկամության մեծ ճանապարհ կառուցել: Այս հայտարարությունն իհարկե, հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանում: Սակայն ՀՀ արտգործնախարարությունը պարզաբանեց, որ թուրքարտգործգերատեսուչը պարզապես ստում է: Ավելի ստույգ` օգտվում է թուրքական դիվանագիտություն կոչվածի շողոմ զինանոցից: Դրան հետևեց Բաքվից եկող ապատեղեկատվությունը, թե հայերը հարձակվել են Աղդամի ուղղությամբ և զոհեր տվել: Ակնառու է, որ վերոհիշյալ ստերով Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանն ամբողջովին ներքաշել օտարների շահերը սպասարկող խաղերի մեջ` այդպիսով շեղելով Երևանի ուշադրությունը կարևոր, առաջնային խնդրից, որն է` ԼՂՀ ստատուս-քվոյի պահպանումը: Իսկ այդ խնդրի իրագործման համար հարկ է, որ չտրվենք օտարների գայթակղություններին` որքան էլ ուժեղ լինեն արտաքին ճնշումները և հրապուրիչ` խայծերը: Իսկ դրանք դիմագրավելու համար էլ, թերևս, հարկ է ավելի վստահ լինել սեփական ուժերին և չգերագնահատել հակառակորդի նյութական ռեսուրսները: Թուրքական լրատվամիջոցները շարունակում են «տեղեկատվական» աճպարարությունը: Դրանցից մեկն էլ մոգոնել է, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքական երկխոսության շրջանակում` սեպտեմբերի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավոր է Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Բարեբախտաբար մեզանում այլևս անտարբեր չեն մեր երկրի մասին տարածվող հերյուրանքների հանդեպ: Անդրադառնալով նշյալ «թխվածքին», ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը պարզաբանել է. - Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը և հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում: Սակայն, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսված չէ: Նշված օրը` սեպտեմբերի 21-ին, Սերժ Սարգսյանը Երևանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ իր անունից տրվելիք ավանդական պաշտոնական ընդունելությանը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ