ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆԳՈՅՈՒԹՅՈՒՆ


Քաղաքական կուսակցությունների գոյության կարևորումը կարող է հանգեցնել վաղուց հասունացած և խիստ անհրաժեշտ մի հետևանքի. ինքնագնահատականի զգացողության առաջացումը հնարավոր է, որ նրանց համապատասխան հետևությունների հանգեցնի: Այնպես է ստացվել, որ հայաստանյան բազմակուսակցական համակարգը, չնայած իր քսանամյա գոյությանը, ներկայում լինել-չլինելու խնդրի առաջ է հայտնվել: Իհարկե, որևէ մեկին նրանց գոյությունը չի անհանգստացնում ու չի հուզում: Եվ այս հարցում ուշագրավ է, որ նախ և առաջ հանրությունն է յոթանասուն կուսակցություններից հազիվ յոթի գոյությունը նկատում: Իսկ այսչափ անգո կարգավիճակը բնականաբար անհայտության դատապարտված ու տասնյակներով հաշվվող մարդ-կուսակցություններին նույնպես ձեռնտու չէ: Եվ եթե նույնիսկ լավատեսորեն հավատանք, թե նրանք բոլորն էլ բարի ու ազգանվեր նպատակներով են ստեղծվել, այնուամենայնիվ անպատասխան է մնում գլխավոր հարցը` ինչո՞վ են զբաղվում նրանք: Ասել է թե` ոչ մի դիտանկյունից չի երևում նպատակից գործի անցնելու գերխնդրի ուղղությամբ կատարվող թեկուզ աննշան փորձ: Թեպետ այդ կարևոր պատասխանը ժամանակն ինքնաբերաբար տվել է. մեկ-երկու տասնամյակի անշարժությունը, միայն թղթի վրա գոյություն ունենալը, վերջապես, իսկ փոքր-ինչ ողջամիտներին շատ ավելի վաղուց համապատասխան եզրակացությունների պետք է հանգեցրած լիներ: Տևական ժամանակ ու ի տարբերություն 90-ականների` ինչ-որ քաղաքականացված խենթերի պոռթկումների հանրությունն ականատես չի լինում: Նրանք առաջինն են գիտակցել, որ խենթությունը քաղաքականության մեջ անխուսափելիորեն խեղկատակության է վերածվում` ասվածից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ: Նկատվելու, առաջադիմելու, կայանալու (էլ չասած` սիրվելու ու գնահատվելու) նկրտումները նույնպես անօգուտ են… Այն աչքը, որը կարող է տեսնել, և այն ձեռքը, որ կարող է սնել կուսակցական տասնյակներին, պարզապես դրա կարիքը չունի ու նաև քաղաքական եկամուտ ստանալու ցանկացած ակնկալիք կարող է բոլորովին թարմ նախագծեր կյանքի կոչելով բավարարել: Հասարակությունն իր հերթին, հակառակ գրկաբաց սպասումներին, վերջիններիս ընդառաջ այդպես էլ չգնաց: Եվ սա բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ հայրենի կուսակցությունները բոլորն էլ վատն են, ու մեղմ ասած` եթե ոչ պետությանը, ապա գոնե ժողովրդի մի հատվածին ցանկալի ու անհրաժեշտ որևէ կարգին դեղատոմս չունեն: Մինչդեռ հարցն առավելապես նպատակահարմարության շրջանակում է, ու ի տարբերություն կայացման վառվռուն հույսերով տարիներ գլորած քաղաքական ուժերի` հանրութ յունը շատ ավելի վաղուց կամ ավելի ճիշտ` միանգամից գիտակցեց կուսակցականացման անիմաստությունը, ինչ-որ պարապ ու անպտուղ զբաղմունքի տրվելու անհեթեթութ յունը: Դե իսկ եթե ժողովուրդը չի սխալվում ու անտարբեր է, ուրեմն վերաբերմունքի վերանայման խնդիրը կուսակցությունների հոգսը պետք է դառնա. ուրեմն ինչ-որ բան այնպես չէ, սխալ է… Եվ քանի որ ժամանակն այս հարցի պատասխանը նույնպես տվել է, հետևաբար քաղաքական ուժերը ինքնուրույն, միգուցե միասնաբար պետք է փորձեն ավելորդ չընկալվելու հարցը լուծել: Այս առումով միջկուսակցական հանդիպումները, ուղիղ շփումները ոչ միայն փոխադարձ թշնամանքի մեղմմամբ, այլ նաև հնարավոր միավորումների կարևոր գործին ծառայեցնելու ցանկալի եզրափակմամբ կարող են ավարտվել: Համենայն դեպս ինքնապահպանման ու վերջապես սեփական դեմք ձեռք բերելու նման շանս ու նաև հանրությանը լիարժեքորեն ներկայանելու ավելի հարմար առիթ հազիվ թե գոնե տարին մեկ ընձեռվի: Թեպետ այս անգամ նույնպես լավատես լինելու հիմքերը քիչ են: Հայաստանում կուսակցություններն ավելի շատ պառակտվել են, քան միավորվել: Կուսակցական խարդավանքների արդյունքում կատարելապես քայքայված քաղաքական դաշտի երբեմնի դերակատարների անուններ ավելի շատ կարելի է հիշել, քան ծրագրերի ու նպատակների համատեղման արդյունքում գոնե նախընտրական դաշինքների ձևավորմամբ հաջողության հասած միավորների… Իսկ ներկայում, երբ իրատեսներն ավելի հաճախ են մատնանշում քաղաքական դաշտում առկա և կատարելությանը շատ մոտ ամայությունը, ուրեմն անկոռեկտ չէ հարցադրումը` ո՞րն է համապատասխան պետական կառույցում գրանցված պատկառելի յոթ տասնյակ կուսակցությունների գոյության իմաստը և իրականում եթե ոչ քաղաքական, ապա՞ ո՞ր դաշտն են նրանք զբաղեցրել: Անկախ ամեն ինչից` քաղաքական դաշտի դերակատարները մի քանիսն են, ու սա պետք է լրջորեն մտահոգի գրանցվածներին: