Մենամարտ ճակատագրի դեմ

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -17-ում)

Երեխան խաղալիքը սեղմեց կրծքին ու փարվեց իրեն: Հետո ինքը կերակրեց ու հյութ խմեցրեց նրան: Մի երկու ժամ անց երեխայի ջերմությունն իջավ ու ինքը սկսեց հեքիաթ պատմել: Երեխան փոքրիկ թաթիկներով Կարենի ձեռքն ամուր սեղմած` քուն մտավ:

Ողջ ժամանակ Նունեն լուռ և մտամոլոր հետևում էր նրանց: Երբ երեխան վերջապես խոր քուն մտավ, ինքը զգուշությամբ ազատեց ձեռքն ու ոտքի ելավ: Նունեն նույնպես ոտքի ելավ: Ինքը քայլերը ուղղեց դեպի դուռը:

- Մի րոպե, Կարեն:

Կարենը շրջվեց ու հարցական նայեց Նունեին:

- Սուրճ դնե՞մ:

- Չէ, շնորհակալ եմ, ես գնամ:

- Սպասիր, մի րոպե:

Կարենը լուռ նայեց Նունեին.

- Ասա:

- Շնորհակալություն:

- Կարիք չկա:

- Երեխան իրոք կապված է քեզ հետ ու առանց քեզ չի կարող: Ինձ ասել էին, որ բարձր ջերմությունը կարոտից է. փաստորեն ճիշտ էին: Հասկանում եմ, դու կարող էիր, իրավունք ունեիր ինձ գրողի ծոցն ուղարկել, բայց չարեցիր, եկար: Մի կարծիր, որ դա չեմ հասկանում ու գնահատում: Ես արդար չէի քո նկատմամբ, ցավում եմ եղածի համար:

- Դա կարևոր չէ, կարևորը, որ երեխայի տաքությունն իջավ. եթե դեմ չես` ես էլի կգամ: Թող երեխայի հետ ամեն ինչ կարգին լինի, մնացածը կարևոր չէ:

- Կարեն, դու իրո՞ք երեխայիս հարազատիդ պես ես սիրում…

- Ի՞նչ պատասխան ես ցանկանում լսել… Մի՞թե բառերը նշանակություն ունեն…

- Քո դեպքում չունեն, դու գործով ապացուցեցիր…

- Նունե, ի՞նչ ես ցանկանում…

- Կարեն, այս ընթացքում քո կյանքում ինչ-որ մեկը հայտնվե՞լ է:

- Ո՞վ, ի՞նչ նկատի ունես:

- Դե, ինչ-որ ուրիշ կին:

- Ոչ, ինչու՞ ես հարցնում…

- Այդ դեպքում, եթե առաջարկդ ուժի մեջ է, ես համաձայն եմ…

Երկինքն ասես փուլ եկավ իր գլխին. արագ գիրկն առնելով Նունեին` ասաց.

- Ուժի մեջ է, իհարկե` ուժի մեջ է,- փորձեց համբուրել, սակայն Նունեն խույս տալով ու իր գրկից պոկվելով` ասաց.

- Սպասիր, նախ ցանկանում եմ այն անգամվա պահվածքս բացատրել: Դու լավ մարդ ես, հավատում եմ, որ կդառնաս հոգատար հայր, լավ և հավատարիմ ամուսին… ուղղակի ցանկանում եմ ազնվորեն զգուշացնել քեզ, ամուսնուս մահից հետո ես կորցրել եմ սիրելու ընդունակությունը, իմ սառնության պատճառը դրանից է: Ես վախենում եմ իմ կյանք ընդունել ինչ-որ մեկին,- ձեռքը սրտին տանելով շարունակեց,- այստեղ հիմա սիրտ չէ, այլ միայն` սառույց: Ու քանի դեռ դա այդպես է` ջերմություն ինձանից չսպասես: Եթե ասածիցս հետո դեռ ցանկանում ես ամուսնանալ, հանուն իմ երեխայի` ես պատրաստ եմ:

- Ցանկանում եմ, Նունե ջան, իհարկե, ցանկանում եմ, իմ սրտի ջերմությունը կհալեցնի քո սրտի սառույցը, ես համբերատար ու համառ եմ, հիմա իմ կյանքի նպատակը քեզ երջանիկ դարձնելն է ու Արմենչիկին ոտքի կանգնեցնելն է: Հենց վաղը մենք կտեղափոխվենք իմ նոր բնակարան:

- Իսկ սա ի՞նչ անենք:

- Ինչ կցանկանաս, կուզես վարձով տուր:

Ինքը գրկեց Նունեին ու համբուրեց: Նունեն այս անգամ չխուսափեց: Այդ գիշեր ինքը մնաց Նունեի մոտ: Առավոտյան Արմենչիկը զարթնելով` առաջինն իր անունը տվեց, հետո վազեց ու փարվեց իրեն: Նախաճաշեցին ու օրվա մնացած մասը վատնեցին Նունեի ու փոքրիկ Արմենի իրերը տեղափոխելու վրա: Միայն երեկոյան ինքը ժամանակ ունեցավ մտածելու նախորդ օրը տեղի ունեցածի մասին: Ճիշտ է, անցած գիշերվանից ինքը գոհ չէր` Նունեն շատ սառն էր, բայց ոչինչ, մի քանի օրից ամեն ինչ տեղը կընկնի:

Սակայն ինքը սխալվում էր, ոչինչ էլ տեղը չընկավ, Նունեն շարունակում էր սառը մնալ, անտարբեր լսում էր իր կատակներն ու պատմածները: Երբեք չհետաքրքրվեց իր աշխատանքով, իր հետաքրքրություններով, երբեք չպատմեց իր հոգսերի մասին: Ապրում էին մի հարկի տակ, բայց որպես օտարներ: Հա, ամուսնական պարտականութ յուններից չէր խուսափում, բայց անկողնում իրեն այնպես էր պահում, որ ավելի լավ էր` խուսափեր: Ինքը մշտապես չբավարարված էր, ան-տրամադիր: Դարձավ չխոսկան ու չար:

Համատեղ կյանքի հինգերորդ տարեդարձին, խորհրդակցելով հոգեբանի հետ, կարծելով, որ ամեն ինչի պատճառը Նունեի զոհված ամուսինն է, որ ինքը փաստորեն մրցում է լեգենդի հետ, որոշեց Նունեին տանել հետը Ղարաբաղ:

- Թող վերադառնա այն վայրերը ու հասկանա, որ ամեն ինչ անդարձ անցել է, թող որոշի` ո՞ր կյանքն է իրեն պետք. անվերադարձ անցա՞ծը, թե՞ ներկան,- խորհուրդ էր տվել հոգեբանը:

Բայց Նունեն այնքան կտրուկ ու զայրացած մերժեց, որ սիրտը կասկած ընկավ:

Ղարաբաղ չգնացին, բայց ինքը սկսեց հետաքրքրվել այն ջոկատով, որտեղ մարտնչել էր Նունեն: Ախր զարմանալի էր, Նունեն երբեք չէր պատմել իր կռիվների, մարտական ընկերների մասին: Ինչ-որ տեղեկություն գտնելը դժվար էր, բայց ինքը համառ էր, մոտ երկու տարի փնտրելուց հետո գտավ մեկին, ով եղել էր այդ ջոկատում: Հանդիպեց, ընկերացավ, սկսեց հաճախակի հանդիպել ու զգույշ հարցուփորձ անել: Լավ է˜ չաներ: Այն, ինչ իմացավ, խորապես ցնցեց իրեն: Ջոկատն, իրոք, պատերազմի տարիներին ընկել էր շրջապատման մեջ ու գրեթե ամբողջովին ոչնչացվել հակառակորդի կողմից: Նունեի մասին իր զրուցակիցը չհիշեց: Բայց երբ ինքը նկարագրեց կնոջ արտաքինը, հիշեց.

- Հա, հիշեցի, կար էդպիսի մեկը, մեզ համար ճաշ էր եփում, շորեր լվանում: Ջահել, սիրուն աղջիկ էր: Սկզբում հարգանքով էինք վերաբերվում, բայց հետո…

- Հետո ինչ՞,- սրտի տրոփյունով հարցրեց ինքը:

- Հետո դարձավ կամանդիրի բ…-ն, դե մեղադրելու չէ, տղամարդը մենակ, առանց ընտանիքի, առանց կնկա երկար չի կարա: Կողքն էլ ջահել, սիրուն եղնիկ էր ման գալիս, պիտի հափ աներ, ու հափ արեց դե առաջին անգամ լավ խմելուց հետո համարյա բռնաբարեց, բայց հետո էդ Նունեն խելոք-խելոք տալիս էր: Էդպես էնքան ժամանակ, մինչև հասկացանք, որ հղի է, դե կամանդիրն էլ ընտանիքի տեր մարդ` ռադ արեց: Էդ ա եղել դրա կռիվը:

- Նա մարտական գործողություններին չի՞ մասնակցել:

- Մենակ կամանդիրի անկողնում,- քմծիծաղ տվեց զրուցակիցը:

Կարենը հազիվ զսպեց իրեն, որ չհարվածի զրուցակցին: Հետո զրուցակիցն էլի ինչ-որ բաներ էր պատմում, բայց ինքը չէր լսում արդեն: Այդ օրվանից դադարեց նրա հետ հանդիպել ու շփվել:

Հիմա իր համար ամեն ինչ պարզ էր, պարզ էր Նունեի սառնության ու անտարբերության պատճառը, պարզ էր նրա մշտապես թթված դեմքը և անտարբեր ձայնը որտեղից է գալիս: Աղջկան կոտրել էին, երազանքները խորտակել, ահա թե ինչու սիրելու ընդունակ չէր այլևս: Իսկ մնացածը հնարել էր ինքնահարգանքը պահելու համար: Սուտ` վասն փրկության: Խղճում էր Նունեին, հասկանում նրան, բայց չէր ցանկանում հավատալ լսածին: Իրեն ստուգելու համար որոշեց ամեն ինչ պատմել Նունեին, որ ստուգի նրա արձագանքը: Տանը պատմեց, որ այսօր աշխատավայրում հանդիպել է Նունեենց ջոկատի նախկին անդամներից մեկի հետ: Կնոջ տագնապահար դեմքը, վախեցած հայացքը ցրեցին վերջին կասկածները: Նունեն վախվորած հարցրեց, թե ինչ հարցով էր դիմել նա, ի՞նչ խոսեցին, ի՞նչ պատմեց: Այնքան խղճալի էր նրա դեմքը, որ ինքը որոշեց խնայել նրան, խաբեց` ասելով, թե նրա գործով զբաղվում է գործընկերներից մեկը, ում հետ հարաբերությունները հարթ չեն. այնպես որ` հարցնել չի կարող:

Այդ ժամանակ ինքը երկար մտածեց իր անելիքների մասին. արդեն քառասունն անց էր, դեռ կարող էր նոր ընտանիք կազմել, բայց խղճում էր Նունեին: Հետո Նունեն շատ կոպիտ էր որդու հետ, հաճախ անարդարացի. երեխան պաշտպանություն ու մխիթարություն էր փնտրում իր մոտ: Եթե ես սրանց լքեմ, խեղճ Արմենչիկին մահվան դուռը կհասցնի: Ի վերջո որոշեց նվիրվել փոքրիկ Արմենին, կարծում էր, որ առանց իրեն երեխան չի կարողանա:

Բայց դա էլ երկար չտևեց. մի քանի տարի հետո նկատեց, որ Արմենի համար էլ արդեն իր խոսքերն արժեք չունեն:

Մոսկվայում բիզնեսը կորավ. ծանոթի մահից հետո նրա բիզնեսը ժառանգեց որդին, որը դադարեց եկամտի մի մասը իրեն ուղարկել: Ինքը ոչ ուժ, ոչ էլ ժամանակ ուներ Մոսկվա մեկնել` իր իրավունքները պաշտպանելու: Համակերպվեց: Հիմա միայն իր աշխատավարձի հույսին էին, Նունեի ու Արմենի` օր օրի ավելացող ծախսերը հոգալու համար պարտքեր էր վերցնում: Բայց դա էլ չէր հերիքում, տանը կինն ու որդին մշտապես դժգոհում էին, անընդհատ վիճում: Կյանքն անտանելի էր դարձել: Հետո Արմենն ամուսնացավ, առանձնացավ: Մնացին երկուսով, բայց ոչինչ չփոխվեց, էլի մենակ էր. ինքն արդեն համակերպվել էր դրան, համբերում էր: Բայց հիմա Արմենի այս վերաբերմունքը վերջին կաթիլն էր:

Ցավն ու վիրավորանքը խեղդում էին իրեն, ու ինքը ամուսնանալուց հետո առաջին անգամ որոշեց մտնել բար ու մի լավ հարբել: Հիմա այս բարում ամեն ինչ վերհիշելուց ու ծանրութեթև անելուց հետո հասկացավ, որ իր այս վիճակի համար ոչ ոք մեղավոր չէ` իրենից բացի: Նունեն ամենասկզբում իրեն զգուշացրել էր, որ այդպես է լինելու, դե Արմենն էլ տեսնելով, թե ինչպես է իրեն վերաբերվում մայրը, ընդօրինակեց նրան: Դե հին խոսք կա` եթե ցանկանում ես քեզ հարգեն, նախ ինքդ քեզ հարգիր: Այնպես որ իրենից բացի ոչ ոք մեղավոր չէ: Ի՞նչ անի: Տուն գնալ չի ուզում, էլ ապրել չի ուզում… Ի՞նչ, ուրեմն ինքնասպա՞ն լինեմ…:

Կարենի մտորումներն ընդհատեց բարում բարձրացված աղմուկը: Գլուխը բարձրացրեց` կռիվ էր սկսել: Ինքն անտարբեր դիտում էր, թե ինչպես է մեկը կռվում չորսի դեմ: Բայց մի քանի վայրկյանից կռիվն իրեն հետաքրքրեց: Ավելի շուտ` այն, թե ինչպես էր այդ մեկը կռվում. չնայած հաղթելու շանս չուներ, բայց նրա համար դա կենաց-մահու կռիվ էր դարձել. եթե կուզես` կռիվ ճակատագրի դեմ: Կռվում էր դատապարտվածի հուսահատությամբ: Հետո այդ մեկը պարտվեց, ընկավ գետին, նրան կոխկրտեցին, բայց էլի փորձում էր դիմադրել: Ամբողջովին արյուն-լվա, փորձում էր ոտքի կանգնել ու դիմադրել: Առանց հարգանքի հնարավոր չէր դիտել նրա հուսահատ կռիվը: Հետո կռվողներին բաժանեցին, կարգը վերականգնվեց: Ծեծված երիտասարդը հեռացավ: Ինքը հարգանքով ու հիացմունքով լեցուն հայացքով ճանապարհեց նրան և նկատեց, որ բարի այցելուները նույնպես հիացած էին նրանով:

Կարենը վերադարձավ իր մտորումներին, ահա թե ինչ է ինձ պետք` առաջվա հարգանքը ու հիացմունքը, կամ սա, կամ ինքնասպանությունը: Այ, էդ ջահելի նման ես էլ իմ հուսահատ կռիվը պիտի տամ, կենաց-մահու կռիվը, որ վերականգնեմ հարգանքս իմ և շրջապատիս աչքերում: Եթե մեղավորներ չկան, ուրեմն մեղավոր է ճակատագիրս, այդ նա է, որ ամեն կերպ փորձում է ճզմել ինձ, հողին հավասարեցնել: Հիմա իմ հերթն է, հիմա ես իմ կռիվը կտամ նրա դեմ: