Շյոնբերգի երևանյան հայտնությունը


Այսօր արդեն կարելի է ասել, որ 2015-ի գլխավոր ասելիքի նպատակասլաց բարձրաձայնումը պատշաճորեն կարևորվեց Հայաստանում բոլորի կողմից: Ամենքի դիրքորոշումը մեկն էր` Հայոց Եղեռնի գեթ 100-րդ տարեդարձին ահարկու փաստը հասցնել հանուր մարդկության, գերտերությունների կարծրասիրտ մտքին ու վերջապես գործնական քայլերի ձեռնարկման անհապաղ անհրաժեշտության գիտակցությունը պատվաստել: Հատկապես 2015-ի առաջին կեսը հագեցրած հազարավոր միջոցառումներից, անշուշտ, առանձնանում էին մշակութայինները: Տարբեր ազգերի ու պետությունների իրարահաջորդ արձագանքները թվում էր, թե բավական պիտի լինեն ակնկալվող արդյունքին հասնելու համար: Ավա˜ղ... Ուստի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առատաձեռն հեռատեսությամբ, Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը միտված նախագծերի կենսագործմանը նոր թափ հաղորդվեց աշնանամուտին:

Օրերս կայացավ համաշխարհային հռչակ վայելող հատուկենտ երաժշտախմբերից ևս մեկի` Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենահամերգը Երևանում: Հայաստանյան ամենաթանկարժեք` «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանի և հիմնադիր գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի բանակցային տևական գործընթացը, փաստորեն, կրկին բարեհաջող ավարտի հանգեց: Դիրիժորական վահանակի մոտ էր նվագախմբի ցմահ երաժշտական տնօրենի մենաշնորհն իր կեսդարյա փայլուն գործունեությամբ վաստակած Զուբին Մեթան: Ի լրումն անցյալ դարի 60-ականներից 5 մայր ցամաքներում իրեն շնորհված բազում հեղինակավոր տիտղոսների և մրցանակների. 2011-ին Հոլիվուդի «Փառքի զբոսավայրում» նաև իր անվամբ աստղ է ստացել:

ՊԱՏՄԱԿԱՆ համերգի նախօրեին կազմակեպված մամուլի ասուլիսին մասնակցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներիս լեգենդար դիրիժորն ակնածանք ներշնչեց` ի սկզբանե կես-լուրջ, կես-կատակ արված անկեղծ խոստովանությամբ.

- Բժիշկներն ինձ հորդորում էին հրաժարվել երևանյան այս ուղևորությունից, քանի որ ծունկս նոր էին վիրահատել: Բայց ես, ինչպես տեսնում եք, անվասայլակով ձեզ հյուր եմ եկել: Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ պատկերներն աչքիս առաջ ունենալով` պահ առաջ կամեցա 1969-ից ինձ հետ լիակատար փոխըմբռնման հասած հնագույն այս նվագախմբով միանալ ձեր ժողովրդի արդարացի պահանջատիրությանը սատարող միջազգային երաժշտահանդեսներին: Ճիշտ է, հայերի հետ անձամբ քիչ առնչություններ եմ ունեցել, բայց մանկուց ճանաչել եմ հորս` ջութակահար, դիրիժոր Մեհլի Մեթայի նյույորքյան տաղանդավոր մանկավարժ Իվան Ղալամյանին: Նրա նկարը մեր տան դիմահայաց պատից միշտ ժպտում էր ինձ` որ քաղաքում էլ բնակվելիս լինեինք: Նաև մի քանի շնորհաշատ երաժիշտ կատարողների գիտեմ, ում կայացմանը որոշակի նպաստել ենք հայրս ու ես: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և ամրապնդել հայ-իսրայելական մշակութային կամուրջն` ի նպաստ բարձր արվեստի ու խաղաղության հաղթանակի ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի մեկնարկը Երուսաղեմում է ազդարարվել` այնուհետև ալիքվելով` Երկիր մոլորակի բազմաթիվ համերգասրահներում: Աննկուն երաժշտամարտիկ Զուբին Մեթան, ով հատուկ համերգներով խնկարկել է Հոլոքոստի միլիոնավոր զոհերի հիշատակը, հավատում է, որ աշխարհի անվանի արվեստագետների համախոհ միակամությամբ կարելի է ցամաքեցնել արյան գետերը:

Ծնվելով և հասակ առնելով Բոմբեյի ազնվականական ընտանիքներից մեկի երաժշտական միջավայրում` ի զարմանս շատերի, Զուբինը նախապատվությունը տվել է բժշկագիտությանը: Այդուհանդերձ, գենետիկ շնորհների հարաճուն պոռթկումով, 18 տարեկանում ընդունվել է Վիեննայի երաժշտական ակադեմիա: Ուսումնառության 7 տարիներին զուգահեռաբար սովորել է կոնտրաբաս և հարվածային գործիքներ նվագել: Հարաճուն մասնագիտացումն ու բեղուն աշխատանքը Վիեննայի և Բեռլինի, Մոնրեալի և Լոս Անջելեսի, Մյունխենի և Նյու-Յորքի, մի շարք ուրիշ երաժշտախմբերի հետ, նրան շատ շուտով դարձրել են աշխարհի առավել պահանջված նվագախմբային և օպերային դիրիժորներից մեկը:

Երուսաղեմի, Թել Ավիվի համալսարանների, ՌԴ արվեստի ակադեմիայի և «Վայցման» ինստիտուտի պատվավոր դոկտոր Զուբին Մեթայի խորագետ ջանադրությամբ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբում ներգրավվում են ներգաղթած նորեկ երաժիշտներ, հայտնագործվում և հասունանում են երաժշտական տաղանդներ: 1936-ից մշակութային ասպարեզում հաստատված այս նվագախումբը գործնականում մշտապես նորոգվելու, գունեղանալու նախանձելի հնարավորություն ունի: Կարևորը` դասական երաժշտությունն այժմ էլ մեծ պահանջարկ է վայելում Իսրայելի երիտասարդության շրջանում. տարեկան միայն 25 հազար աբոնեմենտ ունի Իսրայելի ֆիլհարմոնիկը և երբեք կիսադատարկ դահլիճներում հանդես չի եկել:

Քիչ է ասել, թե հաջորդ երեկոյան լեփլեցուն էր նաև մեր Ազգային օպերայի և բալետի թատրոնի հանդիսասրահը: Բացի նրանից, որ բեմահարթակը 2 կողմերից պաշարված էր բազմաշար աթոռներով, աստիճաններին նստոտելու տեղ անգամ չկար: Ի հեճուկս «հայկական ճշտապահության»` իսրայելցի 8 տասնյակից ավելի երաժիշտները մեկ մարդու նման, ճիշտ և ճիշտ նշանակված ժամին պատրաստ էին բեմելին:

...Սրահում տարածվեցին հպարտություն ու լավատեսություն ներշնչող հնամենի լեգենդը կենդանացնող առաջին հնչյունները: Նրանք, ովքեր նախորդ երեկոյան հանդիպել էին մաեստրո Մեթային, մասնավորապես մամուլի ասուլիսին ներկայացած լրագրողները, հաճելիորեն զարմացան, երբ տեսան, թե ինչպիսի ասպետական առույգութ յամբ է նա ղեկավարում Ռիխարդ Շտրաուսի «Թիլ Ուլենշպիգելի» նվագախմբային մեկնաբանությունը: Այո` մեկնաբանությունը և ոչ թե սոսկ գրագետ, անհոգի կատարումը: Շտրաուսյան առաջին ակորդներից սկսած մինչև բիսային «Կարապի լիճը»... Այնպե˜ս խնամքով էր զուգորդված բազմատեսակ երաժշտական գործիքների հնչյունային ներուժը, որ արտասովոր հարստությամբ էին ներկայանում նույնիսկ հանրածանոթ ստեղծագործությունները: Ինչպես, ասենք, Չայկովսկու «Պաթետիկ» սիմֆոնիան, որի կատարման վարույթն ազնվազարմ Զուբին Մեթան այլևս ի զորու չէր հոտնկայս իրագործել:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ բացառիկ համերգը վայելելու հնարավորություն գտածներից շատերի համար երեկոյի բարձրակետը Առնոլդ Շյոնբերգի «Լուսավորված գիշերն» էր: Հնչում էր ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործության անզուգական մեկնաբանություն, մինչդեռ կասկածելի աղբյուրները հավաստում էին, որ Զուբին Մեթան անվերապահորեն մերժում է ժամանակակից երաժշտությունը...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ