Սպենդիարյանի մարգարեությունը


Հոգեպարար երաժշտության բարձրարվեստ կատարումներ ունկնդրելու հանրային ակնկալությունը բազմիցս է արդարացրել Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և թավջութակահար  Ալեքսանդր Չաուշյանի համախոհությամբ: Եվ բնական է, որ սիրված երաժշտատոնի 9-րդ մեկնարկին առանձնակի կարոտով էին սպասում Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի հանդիսասրահում մեկտեղված արվեստասերները: Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը ծրագրված 8 սիմֆոնիկ և 6 կամերային համերգներով ձևավորված փառատոնային  երկացանկի ավանգար-դում  Բրուխի ջութակի կոնցերտն էր հռչակավոր Վադիմ Ռեպինի  (ՌԴ)  մենակատարությամբ և Մալերի «Տի-տան» սիմֆոնիան: 
    - Ծափերով ու ծաղկեփնջերով ուղեկցվող բեմելների և հյուրախաղերի գայթակղությամբ «վարակ-վել եմ» դեռևս 11 տարեկանում,- ի սկզբանե անկեղծանում է սիբիրցի  երաժիշտը, ով արդեն 5 տարի է, ինչ իր հիմնադրած Տրանսսիբիրյան փառատոնի աշխարհագրական քարտեզն է ընդլայնում,- երբ  Վենյավսկու անվան հեղինակավոր մրցույթի տարիքային բոլոր անվանակարգերում ոսկե մեդալ շահեցի և Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում անդրանիկ մենահամերգներս ունեցա: Ինձ համար մեծ պատիվ է 9-րդ  Երևան-յանի բացման պատվին արժանանալը: Չեմ թաքցնում, նաև` պատասխանատվություն, քանի որ չեմ դադա-րում հուզմունք ապրել տարբեր համերգահարթակներում հայտնվելիս: Անկախ տասնամյակների  պատկա-ռելի  փորձառությունիցս:  
1743-ին Գվարների դել Ջեզուի կերտած իր ջութակով  Վադիմ Ռեպինը անվրեպ հավաստում է միջազ-գային իր բարձր համարումը: Նաև` ընդամենը մի քանի փորձով  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվա-գախմբի (ՀԱՖՆ) հետ գտած լիակատար փոխըմբռնումը: Սիրահոժար գոհացնելով  հանդիսասրահի «բիսա-յին պահանջը» Չայկովսկու «Վալս սկերցոյիե մենանվագով` Ռեպինը  բեմահարթակն այդուհետ «դժվարութ-յամբ զիջում էե մեր ֆիլհարմոնիկի նկատելիորեն երիտասարդացած երաժշտախմբին: Դարասկզբից  ՀԱՖՆ գեղարվեստական առաջնորդությունը պատվով ստանձնած ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Թոփչյա-նի դյուրընկալ վարույթով այնպիսի ներդաշնակությամբ մատուցվում Մալերի բարդագույն, բայց գունագեղ անցումներով առլեցուն սիմֆոնիկ երկը, որ  կախարդված ունկնդիրներն համակվում են երախտագիտութ-յան արտասովոր զգացումով: Իր հիմնարկեքի 90-ամյակին նվիրված Երևանյան 9-րդ երաժշտահանդեսին ամենայն լրջությամբ էր պատրաստվել  մեր ֆիլհարմոնիկը, մեծագույն հարգանքով զուգորդել հոբելյանա-կան ու «Հիշում եմ և պահանջում» խորագրով  համերգները: Այժմ էլ  ներկայանում էր կատարողական բարձրակարգ վարպետությամբ: 
- Փաստորեն 1925-ին մեր մեծանուն երաժիշտների կազմակերպած  Երևանի կոնսերվատորիայի սիմ-ֆոնիկ նվագախումբը, առաջինը Մեծ Եղեռնի արհավիրքներից փրկված  Հայաստանում,  ազգի վերընձյուղ-ման մնայուն արժեք դարձավ,-  հպարտությամբ բարձրաձայնեցին ավագ սերնդի երաժշտագետները, ով-քեր բախտավորություն էին ունեցել ունկնդրելու Թոփչյանին նախորդած 14 գլխավոր դիրիժորների գլխա-վորած նվագախմբի մի քանի սերնդի ելույթները: - Հիրավի   մարգարեական էին ա˜յս օրվան հավատացող  Ալեքսանդր Սպենդիարյանի խոսքերը. «Մեր դեռևս համեստ աշակերտական նվագախումբը շուտով կրելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր կոչումը»: 
Հուրախություն երաժշտասերների, երեկ երեկոյան 9-րդ Երևանյանի ունկնդիրներին ՀԱՖՆ-ը հյուրընկալեց սեփական նկատելիորեն  բարենորոգված և տեխնիկապես  աննախադեպ վերազինված  հարկի ներքո` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Փառատոնային երկացանկին իրազեկվածները մի պահ անակնկալի եկան, երբ  20 հյուրեկ անվանի երաժիշտներից երկրորդի` Նորվեգիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ դաշնակահար Լեյֆ Ուվե Անդսնեսի փոխարեն, առանց պաշտոնական պարզաբանման, դաշնամուրի մոտ հայտնվեց 9-րդ Երևանյանում ի սկզբանե չընդգրկված Նարե Արմաղանյանը: Համերգի միջնարարին տեղեկանալով իսկությանը` նորվեգացի երաժիշտն անսպասելիորեն ծանր վնասվածք էր ստացել, ներողամտորեն ընկալեցին երաժշտագետներին անգամ անճանաչելի ներկայացած ռախմանինովյան կոնցերտը երիտասարդ դաշնակահարուհու կատարմամբ: Գերմանիայում մասնագիտացող  մեր շնորհալի հայրենակցուհին, ով այնուամենայնիվ  ջերմ ընդունելություն գտավ,  չէր հասցրել կարճ ժամանակում անթերի պատրաստվել երևանյան բեմելին:  Պարզապես, ոմանց համար աննկատ,  փաստորեն փրկեց փառատոնային սահուն ընթացքի  անկանխատեսելի խաթարումը: Նրբաճաշակ երաժշտասերների համար երեկոյի «աղը» դարձավ Բեթհովենի թիվ 2 սիմֆոնիայի նվագախմբային մեկնաբանությունը մաեստրո Թոփչյանի ներշնչված վարույթով:  
Կարծում ենք, ՀՀ անկախության օրվան նվիրված վաղվա երեկոն այլևս անվերծանելի անակնկալներ չի մատուցի: Կամերային և սիմֆոնիկ երաժշտության համերգային ծրագրում ընդգրկված բոլոր երաժիշտների` ալտահար Քիմ Քաշքաշյանի (ԱՄՆ), թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի (Մեծ Բրիտանիա), դաշնակահար Մարիաննա Շիրինյանի (Դանիա), ջութակահար Անուշ Նիկողոսյանի  (Հայաստան) կատարողական վարպետությունը բազմիցս է հավաստել իր բարձր համարումը: Ասենք, ինչպես և ՀԱՖՆ-ն` Էդուարդ Թոփչյանի հմուտ առաջնորդությամբ: Բրիտենի, Բրամսի, Շուբերտի և Շնիտկեի  ծրագրային տարագույն երաժշտակտավներն էլ հատուկ են ընտրված: 
 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ