Անունը պարտավորեցնում է


Հայ մշակույթի և դպրության նվիրյալներից մեկի` արևմտահայ բանաստեղծության ավանդների ժառանգորդ և շարունակող Մուշեղ Իշխանի (Ճենտերենջյան) անունը, հեղինակից առաջ հաղթահարելով խորհրդային արգելապատը իր ջերմությամբ և ռոմանտիզմով, գրավեց ընթերցողի սիրտը: Եվ այդպես էլ պիտի լիներ, քանի որ նրա ընկալումն ուրույն էր, արտահայտվելու կերպը` խիստ բանաստեղծական: Սփյուռքի լավագույն բանաստեղծն ու մեծ մտավորականը Հայաստանի ընթերցողին հասնելու համար երկար էր սպասել: Անգամ, երբ նրա գիրքը չէր տպագրվում հայրենիքում, չէր նեղսրտում. «Հոգ չէ, մեր օրն էլ կգա»: Եվ իրոք, նրա հերթն էլ եկավ: Հայրենիքի ջերմությունն իրավամբ զգաց, երբ սփյուռքահայ ուսուցիչների դասընթացներին մասնակցելու պատրվակով այցելեց Հայաստան: Շատերի պես նա էլ բաղձանք ուներ. տեսնել Մասիսն ու նոր… մեռնել: Նվիրյալների հանդեպ երախտագետ ժողովուրդն իր սերն արտահայտում է նրանց անվան հավերժացմամբ` այս կամ այն մշակութային, կրթական օջախը, փողոցն ու հրապարակը անվանակոչելով նրանց անուններով: 1991 թվականին մայրաքաղաքի N N 5 և 58 դպրոցները միավորվելով դարձան մեկ` Մուշեղ Իշխանի անվան N 5 դպրոց: Առ այսօր դպրոցում ձևավորված ավանդույթի համաձայն` հոկտեմբերի 5-ին` Ուսուցչի օրը նշվում է նրա ծննդյան տարելիցը: Այս օրը նրա իրական ծննդյան օրը չէ: Տարեթիվը գիտեր` 1914 թվական, սակայն ամսաթիվն այդպես էլ չիմացավ. «Մայրս կասեր` փախեփախի ժամանակ օր ու ամիս ո՞վ գիտեր»: - Հոբելյանական առաջին հանդիսությունը տեղի ունեցավ 1991 թվականին,- ասում է կրթօջախի տնօրեն Անահիտ Սարգսյանը,- 1999-ին գրողի 85-ամյակի հետ մեկտեղ անցկացվեց Իշխանագիտության համահայկական 1-ին գիտաժողովը, 2004-ին` 2-րդ գիտաժողովը: Այն հոգևոր արժեքը, որ Մուշեղ Իշխանը թողեց սերունդներին, դարձավ յուրատեսակ կամուրջ այս և այն ափերում գտնվող հայերիս համար: Կրթօջախի համար պատիվ է իր հարկի տակ հյուրընկալել մեծ բանաստեղծի հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին: Օրերս Մուշեղ Իշխանի ծննդյան 93-րդ տարեդարձը դպրոցում նշվում էր սովորականի պես` բարձր մակարդակով: Միջոցառման հարուստ բովանդակությունը (ասմունքը, երգը, նազանի պարը, տեսաֆիլմը) հիրավի գերել էր բազմամարդ դահլիճը: Միջոցառման կազմակերպիչներ Գայանե Շահինյանին, Նելլի Շահինյանին, Անահիտ Մկրտչյանին, Ալլա Մուրադյանին և Ռաֆայել Խաչատրյանին հաջողվել էր ակնթարթի մեջ ներկայացնել դարի և պոետի նկարագիրը: Միջոցառմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերն անկեղծորեն արտահայտեցին իրենց հիացմունքը թե իմաստալից բովանդակության և թե աշակերտների կողմից արևմտահայերենի գերազանց տիրապետման առթիվ: Մեծ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ, հրապարակախոս և մանկավարժ Մուշեղ Իշխանին նվիրված տասնօրյակին կազմակերպված ասմունքի և շարադրությունների մրցույթներին մասնակցել են 6-10-րդ դասարանի բոլոր աշակերտները: «Կռունկ, ուստի կուգաս» խորագրով ասմունքի մասնակիցներ Լիդիա Բարգումյանը, Նորա Գրիգորյանը, Էլեն Պարունակյանը, Սոնա Ազարյանը, Անահիտ Ալիխանյանը, Լիլիթ Մելքումյանը, Տաթևիկ Շահինյանը, Արթուր Մարգարյանը, Լիանա Մաճկալյանը դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդ-միավորման խորհրդի կողմից արժանացել են պատվոգրի: Իսկ ասմունքի մրցույթում 1-ին տեղը գրաված 11-րդ դասարանցի Ռաֆայել Հովհաննիսյանը, որը նաև «Պատմություն» օլիմպիադայի հաղթող է, դպրոցի միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար արժանացել է մի շարք պատվոգրերի: Ու մեծ մտավորականի, մանկավարժի անունը կրող դպրոցի տնօրինությունը որոշեց Մուշեղ Իշխանի ծննդյան օրը մեկտեղել Ուսուցչի օրվա հետ: Ի դեպ, դպրոցի անվանակոչման տարում Մուշեղ Իշխանի հարազատների, աշակերտների աջակցությամբ կրթօջախում բացվեց մեծ հայրենասերի թանգարանը, ուր ցուցադրված են բազմաթիվ փաստաթղթեր, հոդվածներ, անձնական այլ իրեր: Կրթօջախի ձեռքբերումներն ու հաջողություններն այսքանով չեն սահմանափակվում: - Տարածաշրջանում դպրոցը միակն է, որ ձեռք է բերել գերմաներեն լեզվի կենտրոն կարգավիճակ: Թվով 19 աշակերտների տրվել է եվրոպական սերտիֆիկատ (գերմաներեն լեզվից): Աշխարհի 30 դպրոցների շարքում ներառված Մուշեղ Իշխանի անվան կրթօջախը Ինտերնետային ծրագրի շրջանակներում ճանաչվել է եռակի հաղթող,- հպարտությամբ նշում է դպրոցի տնօրենը, հավելելով, որ դպրոցը բոլորի համար դարձել է հարազատ օջախ, որն իր ջերմությամբ շարունակ իրեն է ձգում նաև նրանց, ովքեր արդեն բուհերի ուսանողներ են:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ