«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԻ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԳԱՎԱՌՈՒՄ


Արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայ կանանց միջազգային կազմակերպության Գավառի մասնաճյուղ» հասարակական կազմակերպությունը` Մարիետա Ամիրխանյանի նախագահությամբ, նախաձեռնել և Գավառի ուսուցողական կենտրոնի դահլիճում կազմակերպել էր «Հայաստան» թերթի խմբագիր, արձակագիր Տիգրան Նիկողոսյանի «Պատմություն հին ու նոր օրերի» գրքի շնորհանդեսը: Միջոցառման նպատակն էր ընթերցողին ավելի մոտեցնել մեզանում հրատարակվող նոր գրականությանը, նրանցում արտահայտված գաղափարների ճիշտ ըմբռնմանը, և իհարկե, նպաստել գրողի ու ընթերցողի հանդիպմանն ու անմիջական շփմանը, այս դեպքում` Տիգրան Նիկողոսյանի և դահլիճում ներկա ընթերցողների: «Պատմություն հին ու նոր օրերի» գիրքը պատմում է բարձրաստիճան զինվորական, սահմանապահ ծառայության վետերան Արտաշես Ֆրանգյանի կյանքի ու գործունեության մասին: Շնորհանդեսին ներկա էին գրողներ, բանաստեղծներ, դասախոսներ, ստեղծագործողներ, մանկավարժներ, լրագրողներ, ինչու չէ, նաև սահյանական պոեզիայի սիրահարներ: Ներկայացուցիչներ կային Գավառի երկրագիտական թանգարանից, թատրոնից, գրադարանից: Ներկա էին նաև գրքի հերոս Արտաշես Ֆրանգյանի հարազատները, ինչպես նաև հեղինակի մտերիմներն ու բարեկամները, կամ ուղղակի նրա գրքի իսկական արժեքը հասկացողները: Հանդիպման ընթացքում նրանք բոլորն էլ արտահայտվեցին ու իրենց սրտի անկեղծ խոսքով հանդես եկան: Մարիետա Ամիրխանյանն իր բացման խոսքում հյուրերին ներկայացնելուց զատ, կարևորեց մեր երիտասարդների հայեցի դաստիարակությունը` այս գրքի հերոսի վառ օրինակով: Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող Լյուդվիգ Կարապետյանը սկսեց իր խոսքը գավառցիների և գրողի` որպես իսկական գավառցու, հետ նրա սերտ բարեկամական կապից: Նա չանտեսեց նաև հեղինակի մյուս հրաշալի ստեղծագործությունները` «Հայրեր և որդիներ», «Նորագավիթ», «Ինձ տուր քո ցավը» և նրանցում առկա այն մեծ սիրո ու կապվածության փաստը, որ գրողը տածում է իր հայրենիքի, ծնողների, ավանդույթների նկատմամբ: Բանասիրական գիտությունների թեկնածու Ն.Ղազարյանը գրքի կարևորությանը անդրադառնալուց զատ, բոլորի ուշադրությունը բևեռեց այն մաքուր ու հյութեղ լեզվին, որով հեղինակը շարադրել է հավաքած հարուստ նյութը: Բանաստեղծ Լևոն Բլբուլյանը Տիգրան Նիկողոսյանին արժանի համարեց Հենրիկ Աբրահամյանին, որպես նրա գործի շարունակող և անդրադարձավ «Հայաստան» թերթի անցած պատմական ուղուն, հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտներում թերթի հավասարակշռված ու օբյեկտիվ պահվածքով: Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը շեշտը դրեց գրքի գիտական արժեքի վրա` նշելով, որ հինգ հազար տարվա պատմության կարևորագույն փաստեր ընդգրկող այս գիրքը այսուհետ կդառնա նաև թանգարանի համար ճիշտ ուղեցույց: Գրքից հատվածներ ընթերցվեցին Կարինե Ղարաբաղցյանի կողմից, որոնք մեծ տպավորություն գործեցին ունկնդիրների վրա: Արտահայտվեցին նաև լրագրող Ն. Հակոբյանը, գրողներ Վ. Ասատրյանն ու Վ. Շահբազյանը: Վերջինս Արտաշես Ֆրանգյանի դպրոցական տարիների ընկերն է: Նա հետաքրքիր հիշողություններ պատմեց և ավելորդ չհամարեց նշել, որ այդ գիրքը գրվել է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ մարդու մասին: Միայն թե ափսոս, որ հերոսը հայրենիքից շատ հեռու է ապրում: Շնորհանդեսը հոգևոր, ազգագրական, ժողովրդական երգերով դարձավ էլ ավելի տոնական: Վերջում Տիգրան Նիկողոսյանն իր խոսքում մանրամասնորեն անդրադարձավ գրքի ստեղծման շարժառիթին, թե ինչպես ծնվեց այդ գաղափարը և թե ինչպես կարելի է մարդու ապրած կյանքը հավաքել ու դարձնել մի գիրք: Հեղինակը նաև գրքի նյութին հարազատ այնպիսի հետաքրքիր դրվագներ պատմեց, որոնք չեն ներկայացվել: Նա կարևորեց այն փաստը, որ գրականությունը պետք է հասցվի ընթերցողին, և այս հանդիպումը գրական կյանքն ակտիվացնելու առիթ էր: Չէ՞ որ գրողն ինքն էլ պետք է աշխատի իր ստեղծագործությունը հասու դարձնել նաև մարզերում բնակվող բնակչությանը և իր խոսքը բարձրաձայնել ամենուր և ամենքին` նպաստելով գրող-ընթերցող կապի ամրապնդմանը:

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ