ԱՄՆ-ը թերագնահատում է իր նշանակությունը Թուրքիայի համար


Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, 4 ժամ տևած թեժ քննարկումից հետո, ձայների 27 կողմ և 21 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձևը: Թուրքիան արդեն տևական ժամանակ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով փորձում էր խոչընդոտել դրան: Բնական է, որ հանձնաժողովի որոշումը առաջացրեց թուրք հասարակության ու պաշտոնական Անկարայի ոխակալ անդրադարձը: Բանն այնտեղ հասավ, որ հաջորդ օրն իսկ վարչապետ Էրդողանը Վաշինգտոնից ետ կանչեց իր երկրի դեսպանին` նման դեպքերում սովորաբար օգտագործվող «խորհրդատվությունների համար» պատճառաբանությամբ: Իրականում ոչ մի «խորհրդատվության» կարիք էլ չկար, դա դիվանագիտական էժանագին դեմարշ էր, ուրիշ ոչինչ: Ի պատասխան այդ դեմարշի, ամերիկյան վարչակազմը, փոխանակ գոնե իր միջազգային հեղինակությունը փրկելու համար որևէ կոշտ հայտարարություն անելու, որի իմաստն այն լիներ, թե դուք ո՞վ եք կամ այդ ո՞վ դարձաք, որ համարձակվում եք մեզ հետ թելադրողի դիրքերից խոսել, մեր կոնգրեսականներին «սովորեցնե՜լ», թե նրանք ի՞նչ անեն կամ ի՞նչ չանեն, դիմեց… իր քաղաքացիներին` հորդորելով ձեռնպահ մնալ այս օրերին Թուրքիա մեկնելուց, իսկ արդեն այնտեղ գտնվողներին խորհուրդ տվեց… փողոցներ դուրս չգալ և հեռու մնալ մարդաշատ վայրերից, հատկապես հակաամերիկյան աղմկոտ ցույցերի դուրս եկած տասնյակ հազարավոր մոլագար ազգայնականներից: Ցավալի է արձանագրել, որ Բուշի վարչակազմը ո°չ Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովում հիշյալ բանաձևն ընդունելուց առաջ, ո°չ հետո քաջություն չունեցավ այդպիսի կոշտ հակազդեցություն ցուցաբերելու թուրքական շանտաժին: Հակառակը, ակնհայտորեն տեղի տալով թուրքական ճնշումներին, հանձնաժո ղովում բանաձևի քվեարկությունից անմիջապես առաջ նախագահ Բուշը, պետքարտուղար Ռայսը, պաշտպանության նախարար Գեյթսը հանդես եկան կոնգրեսա կաններին հասցեագրված կոչով, որ բանաձևը, «հանուն Ամերիկայի շահերի»` մերժեն: Ավելի վաղ ամերիկյան պաշտոնատարները 106-րդ բանաձևի ընդունման դեմ բերում էին առավել փարիսեցիական առարկություններ: Իբր, «դա կվնասի հայ-թուրքական հաշտեցմանը, կվատացնի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները» և այլն, և այլն: Նման փարիսեցիական պնդումներ կային, մասնավորապես, Միացյալ Նահանգների 8 նախկին պետքարտուղարների կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում: Դրան նույն Նենսի Փելոսիին հասցեագրված իր նամակի մեջ առարկել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մատնանշելով, թե Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի, չեղածի ի՞նչը կարող է վատանալ: Կամ ի՞նչ հայ-թուրքական «հաշտեցմա¯ն» մասին կարող է խոսք լինել, եթե թուրքական կողմը փորձում է այդ դեռ ենթադրյալ հաշտեցման համար… միանգամայն անընդունելի, անհեթեթ ու զայրացուցիչ նախապայմաններ թելադրել: Տեսնելով, որ «հանուն հա¯յ բարեկամների շահերի» Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ իրենց մերժողական կեցվածքն «արդարացնելու» քայլը լիակատար ֆիասկո է կրում, ամերիկյան կողմը դեն նետեց այդ փարիսեցիությունը և հանդես եկավ բացահայտ եսասիրական դիրքերից, իր մերժողականությունն այս անգամ բացատրելով միայն և միմիայն Թուրքիայի բարեհաճությունը չկորցնելու, նրա Ինջիռլիքի ռազմաօդային բազան այսուհետ նույնպես օգտագործելու ամերիկյան շահերով, չնայած այն բանին, որ թուրքերը այդ բազան ամերիկացիների առաջ փակելու սպառնալիք դեռ նույնիսկ չէին էլ տվել… Ինչպես ցույց տվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 10-ի քվեարկությունը` ոչինչ չօգնեց, կոնգրեսականների մեծամասնությունը չցանկացավ խիղճը կորցնել և դեմ քվեարկել մի բանաձևի, որն ընդամենը վավերագրում է Թուրքիայում անցյալ դարասկզբին կատարված սահմռկեցուցիչ ոճրագործությունը հայ ժողովրդի նկատմամբ և այդ ոճիրն անվանում է իր միակ և իսկական անունով` Ցեղասպանություն: Եթե սրան հետևի հաջորդ քայլը` Կոնգրեսի կողմից հայկական բանաձևի վերջնական ընդունումը, ապա ամերիկացիների օրինակին կհետևեն բազմաթիվ այլ պետություններ, ինչը պարզապես կհարկադրի Թուրքիային` վերջ տալ սեփական պատմության անհերքելի փաստը ժխտելու անամոթությանը: Առանց այն էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեռ անցյալ դարի 80-ական թվականներին արդեն իսկ ընդունել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, հետևաբար սա լինելու է արդեն ընդունված բանաձևի վերահաստատումը: Բացի այդ, ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը դեռ 1981 թվականի Ապրիլի 24-ին ամերիկահայությանն ուղղված իր ամենամյա ուղերձում գործածել է «ցեղասպանություն» բառը: Ռեյգանից և° առաջ, և° հետո պաշտոնավարած ամերիկյան նախագահներից և ոչ մեկը, այդ թվում ներկայիս նախագահ Ջորջ Բուշը, երբեք հակառակը չի պնդել, չի ասել, թե կատարվածն, իբր, ցեղասպանություն չէր: Խնայելով «ցեղասպանություն» բառի նկատմամբ գերզգայուն վերաբերմունք ցուցաբերող իրենց դաշնակիցների ինքնասիրությունը և նրանց ուղղակիորեն չանվանելով ցեղասպան հրեշներ, ամերիկյան իրարահաջորդ նախագահները, այնուամենայնիվ, ամեն Ապրիլի 24-ի իրենց ուղերձներով, փաստորեն, թքում են իրենց այդ դաշնակիցների երեսներին, անվերջ հորդորելով բարիդրացիություն հաստատել հարևան Հայաստանի և հայ ժողովրդի հետ, գտնել հաշտության եզրեր, նայել առաջ և այլն, և այլն: Ավա¯ղ, մինչև հիմա այդ հորդորները արդյունք չեն տվել: 1915-ի թուրք մարդակերների այսօրվա ժառանգները, իրենց պապերի ոճիրի համառ ժխտողակա նությամբ և ուրացմամբ, փաստորեն, մնացել և, որքան հասկանում եմ, դեռ երկար են մնալու նախնիների մարդակերական մակարդակի վրա: ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական բանաձևի ընդունման դեմ իրենց կատաղի պայքարով, ամերիկյան Կոնգրեսի ընդունելիք բանաձևի վրեժը Հայաստանից ու հայ ժողովրդից հանելու իրենց սպառնալիքներով, թուրք-ամերիկյան հարաբերությունները փչացնելու իրենց հոխորտանքներով, թուրքերը, պարզապես, կրկին ցույց են տալիս աշխարհին, այդ թվում` ամերիկյան ժողովրդին, որ դեռ մազաչափ չեն հեռացել իրենց մարդակեր պապերից, որ իրենք երբեք չեն եղել ու երբեք չեն լինի Ամերիկայի հուսալի դաշնակիցները, ուրիշ ոչինչ: Զարմանում եմ, որ ամերիկյան իրարահաջորդ վարչակազմերը, այդ թվում ներկայիս նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը, երկչոտաբար ընկրկում է թուրքական այդ ժնգժնգոցների առաջ, ինքն իրեն խայտառակում է Անկարայի ատամների կրճտոցից վախենալու իրողությամբ, նահանջում է ամբողջ աշխարհում ազատության ու արդարության առաջամարտիկի դերը խաղալու իր կամովին ստանձնած պարտավորությունից: Ըստ իս, Միացյալ Նահանգների այն կոնգրեսականները, ովքեր ազնվություն ունեցան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 10-ի նիստում «կողմ» քվեարկելու թիվ 106 բանաձևին և ովքեր դեռ «կողմ» են արտահայտվելու նաև Կոնգրեսում կայանալիք նոյեմբերյան քվեարկության ժամանակ, շատ ավելի լավ են հասկանում Միացյալ Նահանգների ազգային ու պետական շահերը, քան նրանք, ովքեր դեմ են հայկական բանաձևի ընդունմանը: Միամիտ չպետք է լինել` ամենևին մեր գեղեցիկ աչքերի համար չէ, որ ամերիկյան կոնգրեսականները սատարում են հայկական բանաձևը: Հենց իրենց երկրի շահերից է բխում, որ ամբողջ աշխարհին ապացուցեն, թե Ամերիկան մի երկիր է, որը չի հանդուրժում պատմական անարդարությունը, քաջություն ունի Ցեղասպանության հրեշավոր ոճիրը դատապարտելու, ովքեր էլ կատարած լինեն` իրենց բարեկամնե՞րը, թե՞ թշնամիները: Առաջին հերթին ամերիկյան շահերն են պահանջում, որ Թուրքիան, իրենց այսօրվա դաշնակիցը, դադարի մարդակերի պիտակը կրելուց, քաղաքակրթվի, մարդեղենանա, ներում խնդրի հայ ժողովրդից ու հաշտվի ոչ միայն մեզ, այլև` իր արյունարբու պատմության հետ: Այդ դեպքում Ամերիկայի համար այլևս այդքան մեծ ամոթ չի լինի նման մարդակերական պիտակ կրող պետության դաշնակիցը լինելը: Պետական իմաստություն ու տարրական քաղաքական քաջություն ունենալու դեպքում ամերիկյան իրարահաջորդ վարչակազմերը շատ վաղուց կարող էին թուրքերին ստիպել` ճանաչելու իրենց նախնիների հրեշավոր ոճիրը: Դրանով նրանք կնպաստեին Թուրքիայի ու թուրք ժողովրդի քաղաքակրթմանը, և դա իսկապես մեծ ծառայություն կլիներ նախ և առաջ…Թուրքիայի ու թուրք ժողովրդի հանդեպ: Թուրքերն, ինչ խոսք, իրենց ժխտողականությամբ դեռ բավական գլխացավանքներ կպատճառեն Վաշինգտոնին: Սակայն բացարձակապես վստահ եմ, որ նրանք ուղղակի չեն համարձակվի առճակատման գնալ այս աշխարհի գերհզոր երկրի հետ: Որովհետև անկասկած է, որ Ամերիկան Թուրքիային շատ ու շատ ավելի է պետք, քան Թուրքիան` Ամերիկային: Առանց Վաշինգտոնի աջակցության Թուրքիան, որպես պետություն, պարզապես կփլուզվի իր հին ու նոր մեղքերի ծանրության տակ: Միայն ափսոսալ կարելի է, որ ամերիկացիները առայժմ չեն գիտակցում կամ թերագնահատում են իրենց նշանակությունը Թուրքիայի համար…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ