Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ


Այո, ճիշտ կռահեցիք: Աստիճանաբար օրախնդիր դարձող այս հարցադրումն ինքնին ասոցացվում է միլիոնատեր դառնալու մարդկային բնական և օրինաչափ ցանկության հետ: Հետևաբար, եթե ընդունելով արձանագրենք, որ նյութական խոշոր կարողություններ ձեռք բերելու մղումը միանգամայն ազնիվ գործառույթ է (եթե, իհարկե, մարդը դրան հանրության շրջանում ընկալելի եղանակներով է ձգտում հասնել), ապա գոնե առաջին հայացքից Նախագահ ընտրվելու և միլիոնատեր դառնալու զուգահեռն է տարօրինակ թվում: Դեռ ավելին. ո՞ւմ հայտնի չէ, որ ընտրությունները, իսկ ավելի ճիշտ` դրանց մասնակցելը միմիայն մեծ փողերի վատնում է ենթադրում: Ընդ որում, մսխվող գումարների չափը բնավ էլ հաջողություն չի երաշխավորում, և ավելի մեծ է հավանականությունը, որ, ինչպես ասում են, այդ միջոցները պարզապես ջուրը լցվեն: Ուզենք թե չուզենք` անխուսափելիորեն նման հեռանկար է սպասվում նաև Նախագահի շատ ու շատ թեկնածուների, քանի որ ՀՀ թիվ 1 պաշտոնյա կարող է դառնալ ընդամենը մեկ մարդ, և դատելով ամենից` այդ մեկ մարդու ընդգծված առավելությունն ու աստիճանաբար տեսանելի դարձող հաջողությունը հետզհետե համոզիչ ու անվիճելի է դառնում: Եվ տրամաբանական, անչափ տրամաբանական հարցադրումը մյուսների առաջադրման վերաբերյալ, այդ նույն տրամաբանութ յունից բխող որևէ հիմնավորում չունի: Ավելին, խոստովանենք, որ նույնիսկ առաջադրվել պատրաստվողների կոնկրետ թիվ նշելն այս պահին չափազանց բարդ է… Դեռ թանաքը չչորացած` նրանց թիվն էլի կարող է աճել: Իսկ ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ միլիոնատեր դառնալու ցանկությունը, …երբ խոսքը նախագահացուներին է վերաբերում: Դատեք ինքներդ. ինչո՞ւ են այդչափ հաճախակիացել այս ու այն քաղաքական ուժի` դրսից ֆինանսավորվելու մասին պնդումները և նույն այդ ուժերի համառ ու հետևողական հերքումները: Ի՞նչ ասել է «Ռուսաստանի մարդ», «Միացյալ Նահանգների մարդ», «Եվրոպայի մարդ» և այլն: Իսկ ո՞վ է վերջապես «Հայաստանի մարդը»` պետականաշինության առաջամարտիկը և, ի վերջո, ժողովրդի ընտրյալը: Օրինաչափորեն ամենանշանակալին հենց այս հարցադրումը պետք է լիներ: Թե չէ փողեր, միլիոններ, քաղաքական խաղեր… Ինչ խոսք, բոլորովին էլ հակված չենք պնդելու, թե մեկ թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը տարբերակներից անփոխարինելին է: Բայց ինչ-ինչ նպատակներով հեռուստաէկրանից երկրի ու ժողովրդի մասին «մտածողներին» հանդուրժելն էլ հեշտ չէ: Ուրիշի միլիոններն հաշվելն իհարկե չի խրախուսվում, բայց սև փողերի ներհոսքի ու տերերի գրպաններում հիմնավորվելու գործին ժողովրդական զանգվածներին խառնելն էլ, մեղմ ասած, բարոյական չէ: Կարիք չկա նաև մարդուն մեղադրել Նախագահ ընտրվելու ցանկության համար: Այլ հարց է, որ մեր շատ ու շատ գործիչներ նշաձող կոչվածը ոչ մի դեպքում այդ պաշտոնից ցածր չեն ցանկանում պատկերացնել: Արդյունքում` ամեն ընտրություն նրանց համար նշանավորվում է խաղողին հասնել փորձող աղվեսի անարդյունք թռիչքներով: ՀՀ նոր Նախագահի շրջապատում լինելու, նրա թիմակիցը դառնալու ցանկությունն ու ձգտումը, ինչպես միշտ բոլորի չբարձրաձայնվող, բայց նաև նկատելի վերջնանպատակն է: Քարոզարշավի համար տրամադրվող միլիոններից հրաժարվելն էլ բարդ է, իհարկե: Հետևաբար, սա այն դեպքն է, երբ փորձ է արվում համատեղել օգտակարն ու հաճելին: Եվ դրանով հենց փոշիանում է չափազանց ինքնավստահ մեր նախագահացուների ներուժը: