Հսկա աչք` լողափին


 

Արտառոց երևույթ է: Ու ոչ միայն լողափին աչք գտնելը. նույնիսկ գիտնականներին զարմացրել է դրա անապատկերացնելի մեծությունը: Եվ ամերիկյան կենսաբանները չեն կարողանում լուծել այդ հանելուկը:

Ֆլորիդայի ափամերձ տարածքում տեղի բնակիչ Ջինո Կովաչին իր ամենօրյա մարզական վազքն էր կատարում, երբ նշմարել էր արտասովոր այդ «առարկան»: Սկզբում նմանեցրել էր մարդու աչքի, բայց շուտով համոզվել էր, որ դա իրական աչք է (ո՞վ ո՞ւմ աչքն էր հանել ու ծովափ նետել):

- Ակնախնձորը շատ սառն էր ու դեռևս արնածոր` երբ ես այն տեղավորեցի պոլիէթիլենային ծրարի մեջ,- պատմել է տղամարդն ու հավելել, որ սենսացիոն այդ գտածոյին ինքն «աչքի լույսի պես» խնամքով է վերաբերվել:

Մինչ գիտնականների գալը նա աչքը պահպանել է սառնարանում:

Ինչպես տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ ակնախնձորն ուսումնասիրման է ուղարկվել Ֆլորիդայում գտնվող` Ձկների և վայրի բնության հետազոտական ինստիտուտ:

Բնականաբար, չափերն էլ հուշում են, որ դա մարդու աչք չէ: Մնում է պարզել, թե ծովային կենդանիներից ո՞րն է անաչք մնացել` ինչ-որ կալմա՞ր, հսկա մի կե՞տ, թե որևէ խոշոր ձուկ: