Թոնրատուն`  խարդախությամբ 


 

Վերջերս Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած քաղաքացին` Երևանի բնակիչ, 62-ամյա Լ. Ս.-ն, հայտնել էր, որ իր պաշտոնյա բարեկամն իրենից առանձնապես խոշոր չափի գումար է հափշտակել:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ «Հայէկոնոմբանկ»-ի «Կենտրոն» մասնաճյուղի նախկին կառավարիչ, 1972 թ. ծնված Գուրգեն Մ.-ն, ով ներկայումս «Կոնվերսբանկ» -ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչն է, Երևան քաղաքի կենտրոնում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, 2010 թ. սեպտեմբերին իր բարեկամ Լ. Ս.-ի բնակարանը վերցնելով որպես գրավ` նշված բանկից նրան տրամադրել է 80.000 ԱՄՆ դոլար վարկ:

Կառավարչի այդօրինակ հոգատար վերաբերմունքը, սակայն, ամենևին էլ բարեկամական շարունակություն չի ունեցել, և նրա մեծ ախորժակը հենց այդ պահից էլ բացվել է:

Իր հեռահար նպատակներն իրականացնելու համար Գուրգեն Մ.-ն չարաշահել է Լ. Ս.-ի վստահությունը և նրանից խաբեությամբ հափշտակել է ձևակերպված վարկի ամբողջ գումարը: Այդ 80.000 ԱՄՆ դոլարով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 24 հասցեում գնել է սեփական տարածք, որը կահավորելով որպես թոնրատուն` օրինականացրել է հանցավոր ճանապարհով հափշտակած գումարը:

Աստվածաշնչյան մի շարք պատգամների հետ մեկտեղ նաև «Սիրիր մերձավորիդ» հորդորը մոռացած ու դրժած խարդախին սպասում է արդար հատուցումը: