ՀԻՄԱ ԷԼ` ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ 


 

Երևան-Էրեբունի տոնախմբությունից հետո Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի տանիքում բռնկված հրդեհի մասին դեռևս շարունակում են խոսել: Հենց մարտական հաշվարկները հայտնվելու պահին արդեն ժողովրդական բանահյուսությունը թևեր էր առել, անգամ հրապարակին մերձ փողոցներում գտնվող բնակելիներում ապրողներն արդեն խոսում էին մի քանի հազար քմ տարածքի այրման, հյուրանոցի հարկերում բռնկված հրդեհի, փողոց վազող խուճապահար մարդկանց մասին: Հաջորդ օրը մայրաքաղաքի ծայրամասերում ապրողները խոսում էին, թե «Մարիոթում» մի քանի հարկ է այրվել, թե Տրանսպորտի և կապի նախարարության շենքի մի մասը հրդեհի ճարակ է դարձել:…

Անհնար էր այս ամենը լսել առանց հեգնանքի, նաև` առանց ցավի, քանի որ մարդիկ ոգևորված-ներշնչված պատմում էին հրդեհի մասին, ուռճացված ներկայացնում նրա վնասները և օգտագործելով առիթը` իրենց դժգոհությունները հայտնում իշխանություններից: Իրականում, այրվել էր ընդամենը չորս քառակուսի մետր տարածք` այն արկղը, ուր տեղադրված էին հրավառության համար նախատեսված պարկուճները: Ցանկացած զանգվածային միջոցառման ժամանակ հնարավոր են նման պատահարները, մանավանդ` եթե դրանք անց են կացվում բնակելի և հասարակական շենքերով լցված տարածքներում: Ուստի, իշխանություններին մեղադրելն անիմաստ է: Սակայն հարկավոր է հերթական անգամ խոսել անվտանգության կանոնների և Արտակարգ իրավիճակների նախարարության անփույթ գործելաձևի մասին: Նման հրավառություններից առաջ հարկավոր էր ստուգել ամեն ինչ, փորձարկումներ անել, արկղը տեղադրել ոչ թե հանրային կամ բնակելի շենքի տարածքում, այլ չեզոք մի տեղ. անհրաժեշտության դեպքում` անգամ աշտարակ կառուցել: Սակայն նախարարության պատասխանատուները պարզապես մատների արանքով էին նայել այս ամենին, զլացել փորձնական հրավառություն կազմակերպել կամ էլ ստուգել անվտանգություն ապահովող բոլոր պարագաները: Գիտենք, որ հատկապես այն վայրերում, ուր գտնվում են պետության ղեկավարները, ընդունված կարգի համաձայն, անհրաժեշտ է ապահովել հարյուր տոկոսանոց անվտանգություն: Իսկ ահա մեր ԱԻՆ-ն ընդամենը լավ է սերտել պատահարների դեպքում հրշեջ մեքենաներ բերելու մասին «դասը»` փոխանակ ի սկզբանե հոգ տանի կանխարգելիչ միջոցառումների մասին: Կարծում ենք, որ կատարվածից հետո, ինչը կարող էր նաև ողբերգական հետևանքներ ունենալ, ԱԻՆ-ի ղեկավարները պիտի մտածեն ծառայողական պարտականություններում թերանալու համար պատասխանատուներին պատժելու մասին: Միայն նման միջոցառումներից հետո մեզանում շատերն արդեն կհիշեն արհեստավարժութ յան մասին: