ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԻՇԵԼ ՄԻԿՈՅԱՆԻՆ 


 

Վերջին օրերին BBC-ն իր արխիվներից հանել և հանրությանն է ներկայացրել մի շարք պատմական նյութեր, տեսագրություններ և ձայնագրություններ, որոնց կենտրոնում է հայտնվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ (ըստ էության` երկրի նախագահ) Անաստաս Միկոյանը: Այս փաստաթղթերը վկայում են, որ հարթելով «Կարիբյան ճգնաժամը», Միկոյանը կարողացավ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որը կարող էր սկսվել ցանկացած պահի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմա արդիական է դարձել այս պատմական իրողությունը, և նման հեղինակավոր կառույցն է ներկայացնում պատմական ճշմարտությունը:

Մեզ համար այս կարևորագույն իրադարձության հիշեցումն առաջին հերթին ունի բարոյական նշանակություն: Ժամանակին, սկսած խրուշչովյան իշխանության տարիներից, ամեն ինչ արվեց, որպեսզի ստվերվեն Անաստաս Միկոյանի ծառայությունները, մոռացության տրվեն նրա ահռելի վաստակն ու ծառայությունները Հայրենական պատերազմում: Ստալինը ժամանակին կամենում էր «շարքից հանել» Անաստաս Միկոյանին, ոչնչացնել նրան, սակայն վախենում էր, որովհետև Միկոյանի կենսագրությունն անբասիր էր, նրան չէր կարելի մեղադրել որևէ հարցում: Ստալինը վախենում էր նաև հայկական Սփյուռքից, կուսակցության ներսում Միկոյանի հանդեպ ձևավորված վերաբերմունքից ու տրամադրություններից: Միկոյանը Հայրենական պատերազմից հետո ուրվագծեց Արևմտյան Հայաստանի կառավարության ստեղծման գործիքներն ու ուղիները, մի շարք աշխարհաքաղաքական հարցերում կարողացավ ծնկի բերել Թուրքիային: Ուստի, Ստալինը չէր կարող հենց այնպես ոչնչացնել Անաստաս Միկոյանին: Միկոյանի դեմ արշավանքների նոր ծրագիրը սկսեց գործողության մեջ դնել Նիկիտա Խրուշչովը` յուրովի արշավանքի էստաֆետը հանձնելով Լեոնիդ Բրեժնևին: Սա էլ կարողացավ «պալատական խարդավանքների» միջոցով պաշտոնանկ անել Միկոյանին` նրա տեղում նստեցնելով Պոդգոռնուն` անդեմ մի հանձնակատարի: Սակայն թե´ Բրեժնևը, թե´ մյուսները չկարողացան Միկոյանին ջնջել համաշխարհային պատմությունից, որովհետև հենց նա կարողացավ մարդկությանը փրկել նոր ու աղետալի պատերազմից, բարձրացնել ԽՍՀՄ վարկն ու հեղինակությունը:

Միկոյանը հսկայական վաստակ ու ծառայություն ունի նաև ազգային խնդիրների արծարծման հարցերում: Արդեն նշեցինք, որ 1945-46 թվականներին քննարկվում էր Կարսի, Սարիղամիշի, Կաղզվանի, Էրզրումի վերադարձի հարցը, արդեն ստեղծվում էր Հայկական մարզը, ինչին խանգարեցին վրացիները` Ստալինի ծածուկ հորդորներով: Միկոյանը քանիցս ԽՍՀՄ կառավարության քննարկման նյութ է դարձրել Լեռնային Ղարաբաղի հարցը, անգամ մի ժամանակաշրջանում հասել այն բանին, որ իշխանությունները համաձայնել են վերանայել Կավբյուրոյի ապօրինի որոշումը...

Հիմա BBC-ն հիշեցնում է Միկոյանի մասին: Սա պատահական հիշեցում չէ: Այսօր աշխարհը ոչ պակաս լարված է, քան «Կարիբյան ճգնաժամի» օրերին: Հիմա Արևելքում պատերազմական իրավիճակներ են տիրում: Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունները դրդվում են Թուրքիայի կողմից` ըստ էության այլևս օրակարգից հանելով սիրիական իշխանությունների և ընդդիմության պայքարի խնդիրը և ամեն ինչ տանելով դեպի Թուրքիա-Սիրիա հակամարտության, ԱՄՆ պատրաստվում է հարված հասցնել Իրանին, ինչը յուրատեսակ հրահանգ կլինի Իսրայելին` հարձակում գործելու Իրանի վրա: Այս բոլոր իրադարձություններին յուրովի խառնված է Ռուսաստանը, որը շահեր ունի տարածաշրջանում` Սիրիայում, Իրանում, անգամ Իսրայելում: Հետևաբար, շատերն են կանխորոշում երրորդ աշխարհամարտը, շատերն են համոզված, որ Իրանի դեմ նախատեսվող ցանկացած ռազմական գործողություն կարող է վերածվել համաշխարհային պատերազմի:

Ահա ինչու են հենց հիմա հիշել Միկոյանին, փորձել նրա ծառայություններն ըստ արժանվույն գնահատելուց զատ` հիշեցնել պատմական իրավիճակի կրկնության մասին: Սա նաև յուրատեսակ «մեսիջ» է Ռուսաստանին, քանի որ լինելով Եվրոպայի ու Ասիայի կենտրոնում և ունենալով ներազդման ահռելի լծակներ` Ռուսաստանը կարող է իր ակտիվ միջամտությամբ և խելամիտ քայլերով կանխել նոր պատերազմը: Պատերազմ, որը կարող է դառնալ քաղաքակրթությունների կործանման պատճառ, քաոս ծնել ողջ աշխարհում:

Լ.Մ.