ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ 

Իր երկրի տերը 


 

Հոկտեմբերի 15-ին անհեթեթ դիպվածից վաղաժամ իր մահկանացուն կնքեց անվանի մտավորական Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆԸ: Պայծառ մի անուն, որի հմայքը չի խամրում տասնամյակների հոլովույթում...

Եվ Սասնա տան այդ «ծուռ» ու շիտակ, այդ միամիտ ու խիզախ, արտաքուստ հակասական, բայցներքուստ ներդաշնակ այդ մարդկանց տան հարազատ զավակն ու տաղանդավոր տարեգիրն էր «Զարթիր լաո» երկի պես նուրբ ու քնքուշ Մուշեղ Գալշոյանը (Վահագն Դավթյան) :

Աշուն է, իմ հրաշագեղ ծննդավայրի ոսկեհեր աշուն: Սիրում եմ նրա բույրն ու գույնը, մեղմ սյուքից խշշացող գեղուղեշ բարդիները, երփներանգ գույներով ալիքվող ընդարձակ դաշտերն իմ և երկնաքեր լեռները մշուշված ճերմակ ամպերով:

Այդ բարձրիկ լեռներից մեկի ստորոտին է փռված իմ գյուղը` թաթախված աշնան գույների մեջ: Կրկին աշուն է... Եվ աշնան թախծի հետ էլ ավելի է խորանում թախիծս. արթնանում են հեռու-հեռավոր հուշեր, սիրտ մաշող հուշեր...

Ամեն անգամ, երբ ընթերցում եմ Մուշեղ Գալշոյանի երկերը կամ գրիչ եմ վերցնում գրելու նրա մասին, ձեռքս դողում է: Գիտեմ, որ դեռ «մանուկ» եմ գրելու մեկի մասին, որին զգալ, խորապես պատկերացնել դժվար է:

Այսուամենայնիվ, տարված եմ նրա հայրենաշունչ երկերով... ասում ենք հայրենաշունչ, հայրենասիրություն... Գիտեմ` հայրենասիրությունը մտքի թռիչք է, հոգու կանչ, անզուսպ սիրո պոռթկում, խիզախում ի վերուստ տրված: Դա Աստծու շնորհն է:

Զգում եմ` բախտավոր է նա, ով օժտված է այդ վեհ զգացումով: Ով իր երկրի հող ու ջրի տերն է, ով վտանգված հայրենիքը պաշտպանելու, հայրենի երկիրը շենացնելու մեջն է գտնում կյանքի իմաստն ու գերագույն երջանկությունը: Ով փարված է մայր հողին և թախծում կամ ծաղկում է նրա հետ, նրա պես:

Ճիշտ այդպես էլ Գալշոյանն էր փարված մայր հողին` իր քարեղեն աշխարհին:

«Քարից բուսած տաղանդ էր Մուշեղ Գալշոյանը: Քարից բուսած աղբյուր, և նրա ջուրն ուրիշ ջրեն է» (Համո Սահյան):

Իրոք, ինքնակեզ գրողի գրական ժառանգությունը ձևով և բովանդակությամբ նորույթ էր: Ակունքը ահեղագոչ, հուզախռիվ, բայց և զուլալ-զուլալ, ուր նրբազեղ հյուսվածքով ներկայացված է մեր ժողովրդի ներկան ու անցյալը, ցավն ու բերկրանքը:

«Մեր ցավը երբեք չպետք է մոռանանք,- ասում էր նա,- բայց և չպետք է թույլ տանք, որ նա մեր գլխին տեր դառնա»:

Ընթերցելիս թվում է, թե ականջիդ է հասնում նրա ազդու ձայնը: Զգում ես` ուր որ է կհայտնվի քեզ դեմ առ դեմ և ծով աչքերի կապույտը մաղելով մայր հողին կժպտա ու կասի. «Հողը մայր է: Զորավոր է հողի համբույրը: Զորավոր է նա, ով մայր հողի կրծքից մի փուշ հանի, այս քարեղեն աշխարհի քարից հաց քամի»:

«Բովտուն» վեպի գլխավոր ու սիրված հերոսը` Արմանը, խորապես համոզված է, որ իր տեղը այս քարախեղդ լեռնադաշտն է, ուր «ինքը այնքան է հարկավոր, որքան արևն ու ջուրը»:

Ընթերցիր «Քեզ վերևից չպետք է նայել» ակնարկների ժողովածուն և դու կտեսնես հայրենապաշտ գրողին իր բարձր հայրենասիրությամբ, լավի հանդեպ ունեցած բերկրանքով, ապագայի գեղեցիկ ակնկալիքներով և... և կորցրածի խոր ցավով ու հույգերով համակված: Կտեսնես բնապաշտ գրողին` արբած հրաշագեղ բնության խորհրդով, մայր հողի զարթոնքով:

«Գարուն... վաղորդյան ցողով թաթախված մի ձնծաղիկ: Արևի նուրբ շողերը համբուրում են սպիտակ թերթերը: Դեղնակտուց մի ծիտ նստել է ծաղկի կողքին` կտցին փապկած մի շյուղ... »:

Եվ գարուն է... գարնան հետ ահա հայրենադարձ մի ընտանիք: Գալշոյանը նրանց հետ բախում է դռները` թե ելե˜ք, բնավեր հավք է եկել, բույն շինենք...

«Երկհարկանի շենքի ջրհորդանում ճնճղուկը բույն է դրել: Բո՞ւյն, բո՞ւյն ջրհորդանում... Կքշվի: Ա´յ, ա´յ շինարարներ մոռացե՞լ եք ճնճղուկներին, ձեր կառուցած շենքերի քիվերում ճեղքեր թողեք... » («Քեզ վերևից չպետք է նայել» ժողովածու):

Ի˜նչ կապրեր Գալշոյանը, եթե մեզ հետ լիներ այս օրերին, եթե տեսներ, որ հայ մարդուն օտարացել է հայրենիքը և բնավեր թռչնի նման չոր ճյուղն առած ոտքի տակ օրորվում է օտար ալիքների վրա ...

Եթե մեզ հետ լիներ... Կշանթեին լուսալի աչքերը բարկությամբ լի և զայրույթը... զայրույթը մայր հողին օտարացած սերնդի համար էր:

Գալշոյանի լավագույն հատկանիշներով օժտված հերոսները ամուր կառչած են մայր հողին, անցյալի անաղարտ, ապրեցնող արժեքներին:

Հերոսներ` մարդկային բազում ճակատագրեր` հասուն, կյանքով լեցուն, կառուցող ու իմաստասեր, երկիրը շենացնող հերոսներ: 

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ