ԱԴՐԲԵՋԱՆ. ցնդող միֆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԱՆԿՈՒՄ ԱՊՐԵԼ 


 

Ադրբեջանական նավթի արդյունահանումների մասին առասպելն օրավուր ի չիք է դառնում. նվազում են արդյունահանվող նավթի ծավալները, իսկ երկրի նախագահն էլ կտրուկ մեղադրանքներ է հնչեցնում British PetroleuΗ ընկերության հասցեին, որն, իբր, միտումնաբար ցանկանում է վնասել ադրբեջանական տնտեսությանը: Գուցե մի օր էլ ադրբեջանցի «հետազոտողները» պարզեն, որ այդ ընկերության տնօրենը կամ տեղակալը հայ է: Ըստ Իլհամ Ալիևի հայտարարության, «Ազերի» և «Չերագ» նավթավայրերում նավթի արդյունահանման ծավալների կտրուկ նվազման հետ կապված Ադրբեջանը 8 մլրդ դոլարի եկամուտ է  կորցրել: Խոստովանենք, որ 8 մլրդ դոլարն ահռելի գումար է, դա Հայաստանի երկու տարվա բյուջեից ավելի է. այդ երկրի պետական բյուջեն գլխավորապես ձևավորվում է նավթագազային եկամուտներից: Ուրեմն, տնտեսությանը հասցված վնասը փոքր չէ: Մոտ 75 տոկոս եկամուտ ապահովող ոլորտից նման գումարի բացակայությունը կարող է լուրջ վնաս հասցնել սոցիալական ծրագրերին: Ավելին, յուրաքանչյուր տարի 3,8 մլրդ դոլար է տրամադրվում ռազմական ծախսերին: Այսինքն, մի կողմ թողնելով երկրի համար կարևորագույն խնդիրները, Ադրբեջանի իշխանությունները զբաղված են սպառազինությունների մրցավազքով` հայտարարելով, թե այս ամենն արվում է Հայաստանի կողմից սպառնացող վտանգը կանխելու համար: Նման հայտարարությունների տակ պարտակվում են իշխողների իրական նկրտումներն ու գործելաձևերը:

Հայտարարելով բանակի հզորացման մասին, Իլհամ Ալիևն ու նրա շրջապատը հիշյալ գումարների մի զգալի մասը յուրացնում են` այսպես թալանելով սեփական ժողովրդին, այսպես օրավուր դեպի անկում տանելով տնտեսությունը: Հիշեցնենք, որ հսկայական գյուղատնտեսական ներուժ ունեցող երկրի ազգային եկամտի միայն 5 տոկոսն է կազմում գյուղատնտեսական արտադրանքից ստացվող եկամուտը: Սա արդեն անկման կարևոր նշանն է, որը նույնպես ադրբեջանական իշխանությունները քողարկում են` կենտրոնանալով երկրի ռազմականացման վրա: Մարդկանց դեպի աղքատություն տանելով` միայն մտածում են հզոր բանակի մասին, ինչը նույնպես միֆ է, որովհետև Ադրբեջանը հիմնականում ձեռք է բերում ուկրաինական և իսրայելական արտադրության ռազմական տեխնիկա, որը, մասնագետների գնահատմամբ, մրցունակ չէ ժամանակակից ռազմարվեստում: 15-16 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող երկրում, որի բնակչությունը պաշտոնապես 6 միլիոն է, միջին կենսաթոշակը կազմում է 107 դոլար, բյուջետային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը` 150-200 դոլար: Համեմատելու համար ասենք, որ Հայաստանում միջին կենսաթոշակը 55 հազար դրամ է, այսինքն` 137.5 դոլար, միջին աշխատավարձը` 142 հազար դրամ, ինչը հավասար է մոտ 350 դոլարի: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրի բյուջեն 3 մլրդ դոլարի սահմաններում է…

Ադրբեջանական վիճակագիրների հրապարակած տվյալներով` համախառն ներքին արդյունքն այդ երկրում նվազել է, հատկապես ՀՆԱ-ի անկումներ են գրանցվել նավթագազային ոլորտներում: Արդյունաբերության և արտահանման ոլորտներում գրանցվել է 3 և 2,9 տոկոսի անկում: Եվ այս երկիրն այսօր խոսում է իր տնտեսության հզորության, տարածաշր ջանում ադրբեջանական արդյունաբերության թռիչքների մասին: Իհարկե, հայտարարություններն անհրաժեշտ են սեփական ժողովրդի դժգոհությունները մեղմելու, Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ ցայտունացող հեղափոխական տրամադրությունները մեղմելու և կամ ճնշելու համար: Մանավանդ հիմա, երբ առջևում նախագահական ընտրություններ են, որոնք կարող են անսպասելի զարգացումներ ունենալ` եթե այս երկրում էլ դրսի ուժերը կամենան գործի դնել նոր սցենարներ: Իսկ դրանք կարող են լինել, որովհետև այս երկրի համար այսօր յուրատեսակ կռիվ են մղում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Թուրքիան:

Թուրքիան, անտարակույս, այստեղ ունի հզոր ազդեցություններ, որոնք կարող են ցանկացած պահի ի չիք լինել, եթե գերակա դառնան Ռուսաստանի կամ ԱՄՆ շահերը: Հետևաբար, չի բացառվում, որ բնակչության օրավուր վատթարացող սոցիալական վիճակը «խաղարկվի» առաջիկա նախագահական ընտրություններում` այդպիսով վերջ դնելով ալիևների խանական իշխանությանը, որն այս երկրին լուրջ վնասներ է հասցրել: Առաջին հերթին` ժողովրդավարության ասպարեզում: Որքան էլ վերջին շրջանում կարծես մոռացության տրվեց Ռամիլ Սաֆարովի խնդիրը, այնուհանդերձ այդ փաստը կարող է գումարվել սոցիալական վիճակի խնդիրներին և օգտագործվել Ալիևի դեմ:

Իսկ ինչ վերաբերում է բրիտանական ընկերության գրանցած ցածր արդյունքներին, ապա ադրբեջանական իշխանությունները պետք է հասկանան, որ նավթի պաշարները սկսել են սպառվել, որ աշխարհին զարմացնելու և հպատակեցնելու նպատակով նավթային պաշարների մասին հորինված տվյալները օրեցօր հօդս են ցնդում...