«Տեսնողը թող տեսնի...» 


 

Այսուհետ ևս, հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկ աշխատաոճին, ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար կկազմակերպի ասուլիսներ, որոնք կամփոփեն տեղի ունեցած կարևորագույն միջոցառումները, վերջին զարգացումները Զինված ուժերում: Նախորդ ամիսները հագեցած էին ԶՈւ մարտական պատրաստության ուղղությամբ կատարված լուրջ քայլերով, խոշորածավալ միջոցառումներով: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները նշանավորվեցին նախադեպը չունեցող նախ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն- 2012», ապա դրան անմիջապես հաջորդած ՀՀ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով:

ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ- մայոր Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ գնահատմամբ`

- ՀԱՊԿ մասնակից պետությունների «Փոխգործակցություն-2012»-ը բարձր ռազմավարական հարթության վրա ՀՀ տարածքում անցկացված առաջին զորավարժությունն էր, որտեղ ընդգրկված էին այլ մասնակից պետությունների զորային, նաև այլ ուժային կազմավորումներ և որոնք գտնվում էին ՀՀ սահմաններից դուրս: Նման զորավարժություններ մենք մեր երկրում դեռ չէինք անցկացրել: Այն ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը` որպես կազմակերպություն, կենսունակ է, կենսունակ են նրա թե´ քաղաքական և թե´ զինվորական բաղադրիչ մասերը:

Օրեր առաջ ավարտվեցին ՀՀ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք աննախադեպ էին իրենց ծավալներով: 13 օր տևողությամբ զորավարժություններին մասնակցեցին ԶՈՒ հիմնական մասը, զորահավաքային ռեսուրսներ: Ընդգրկված էին մոտավորապես 45 հազար մարդ, 5 հազար միավորից ավել զրահատեխնիկա, ավտոտեխնիկա: Կատարվեց ծավալուն աշխատանք` բոլոր առումներով:

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ- մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻ խոսքերով`

- ԼՂՀ-ի զորքերի հետ նույնպես անցկացվել են զորավարժություններ` զորքերի ընդգրկմամբ: Զորավարժությունների ժամանակ պլանավորվել և իրականացվել են հակառակորդի տնտեսական, ռազմական օբյեկտների ռազմավարական խնդիրների ամբողջ խորությամբ հրթիռային զորքերի հարվածներ: ՀՀ և ԼՂՀ ՀՕՊ ուժերի միջև կազմակերպվել է փոխգործակցություն, առավել ընդգրկուն թեմաներով` հաշվի առնելով հակառակորդի ավիացիայի քանակական աճը և մշակվել են դրանց կիրառման հետ կապված նոր ձևեր:

Մեր խնդրանքով Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ևս ամփոփեց զորավարժությունները.

- Միայն մի փոքր դրվագ պատմեմ, որը շատ խոսուն է: Միաժամանակ փոխանցում եմ նաև 2- 3 պետությունների ռազմական կցորդների կարծիքը: Երբ բավական հզոր պետության ռազմական կցորդներից մեկին հարց տվեցինք, թե ինչ տպավորություն ստացավ մեր զորավարժություններից, ասաց` Աստված մի արասցե, եթե մեր պետության Զինված ուժերում այսպիսի փորձեր անցկացվեին, միգուցե հրետանին կրակեր հետևակի վրա: Մենք ապշած ենք ժամացույցի մեխանիզմի նման աշխատող ձեր զորքերից: Կարծում եմ` սա շատ խոսուն պատասխան էր, եվրոպական լավագույն պետություններից (պետության անունը չնշվեց) մեկի ռազմական կցորդի կողմից:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների աննախադեպ ծավալը և հատկապես մեծ թվով պահեստազորայինների ընդգրկվածությունը որոշակի անհանգստություն ու հակասական տրամադրություններ էին առաջացրել հասարակության շրջանում:

- Արտահայտվող մտահոգությունները հիմնականում սխալ մեկնաբանության արդյունք են: Շատ հաճախ հնչում էր հետևյալ հարցը. արդյո՞ք այս զորավարժություններն ուղղակի կապ ունեն պատերազմի` առավել հավանականության հետ: Մենք բազմիցս շեշտել ենք` սովորաբար նման լայնամասշտաբ միջոցառումները պլանավորվում են մեկ տարի առաջ: Նախորդ տարի պլանավորվում են հաջորդ տարվա գործողությունները, և ոչ ոք չէր կարող նման զորավարժությունը պլանավորել տվյալ պահի իրավիճակին համապատասխան: Հետևաբար, մեր կողմից իրականացված հարաբերականորեն մեծամասշտաբ պահեստազորի կանչը որևէ կապ չի կարող ունենալ պատերազմի` առավել կամ պակաս հավանականության հետ: Սա բնականոն գործընթաց է,- մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ, անհանգստություն կար, և հավանաբար հենց դրանով էր պայմանավորված որոշ թվով պահեստազորայինների` ծանուցումն ստանալուց հետո զինկոմիսա րիատներ չներկայանալը: Գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի խոսքերով`

- Չներկայացողների թվաքանակն իրականում շատ փոքր է: Պահեստազորայինները հիմնականում մասնակցում էին մեծ հաճույքով, քանի որ դա արդեն ծառայություն անցած մեր անձնակազմն է: Սա պլանային աշխատանք է, որպեսզի ունենանք պատրաստ ռեզերվ: Զորավարժությունն իսկապես աննախադեպ էր, և դա միայն պետք է ուրախացնի մեզ, որ ունենք այդպիսի հնարավորություններ: Տեսնողը թող տեսնի, լսողը` լսի: Մենք ձեռք ենք բերել կոալիցիոն խմբավորումների հստակ կառավարման փորձ, կոնկրետ պայմաններում ռազմական տեսության դրույթների իրագործման կարգը: Մենք կարողացանք բարձր պահել ԶՈւ համբավը և պատիվը: Ձեռք բերեցինք նաև դաշտային պատրաստության փորձ, որը ԶՈւ պատրաստության ողնաշարն է: Ես համարում եմ, որ այս տարվա ընթացքում մեր Զինված ուժերը բարձրացան մեկ աստիճան վեր, և հավաստիացնում եմ ձեզ, որ կարող են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: Ի դեպ` սա մեր ԶՈւ կարողությունների գագաթնակետը չէ: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ